ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԸ ԿԱՇԱՌՔ Է ՎԵՐՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություների հետ, ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մ.Ե.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնը, ունենալով ոստիկանության մայորի կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով, ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով վկա Ն.Հ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու՝ նշված քրեական գործով Ն.Հ.-ի նկատմամբ հնարավոր քրեական հետապնդում հարուցելուց զերծ պահելու հարցում պաշտոնատար անձանց միջնորդելու, ինչպես նաեւ քրեական գործի շրջանակներում որպես վկա կանչելու դեպքում վերջինիս նախապես իրազեկելու, հարցաքննությունն ուղղորդելու համար Ա.Ղ.-ի խորհուրդներով եւ խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակություն ստանալու պայմաններում 2021 թվականի մարտի 22-ին Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող սրճարաններից մեկում Ն.Հ.-ից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.638.800 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն Ա.Ղ.-ի օժանդակությամբ կաշառքի չափը նվազեցնելու վերաբերյալ խորհուրդներ ստանալու եւ Ն.Հ.-ի հետ սակարկությունների արդյունքում վերջինիցս պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.111.048 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար կաշառք:

 

Ն.Հ.-ն ընդունել է Մ.Ե.-ի՝ կաշառք գումար տալու առաջարկը, պայմանավորվել գումարը տալ մաս-մաս, խոստացել է մի քանի ժամվա ընթացքում տալ կաշառքի գումարի մի մասը՝ 2.000 ԱՄՆ դոլարը, որից հետո խոստացված կաշառքի գումարը բերելու նպատակով հեռացել է սրճարանից:

Ճանապարհին Ն.Հ.-ն, գիտակցելով, որ իր կողմից կաշառք տալը եւս քրեորեն պատժելի արարք է, ինքնակամ ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որից հետո արդեն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում նույն օրը պայմանավորված կաշառքի գումարից 2.000 ԱՄՆ դոլարը նույն սրճարանում Ա.Ղ.-ի ցուցումով փոխանցել է Մ.Ե.-ի մատնանշած անձին՝ այդկերպ փաստացի վերջիններիս օժանդակությամբ Մ.Ե.-ն քողարկել է իր կողմից կաշառքի գումարը ստանալու փաստը:

Այնուհետեւ Մ.Ե.-ն, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Ն.Հ.-ից պահանջել է պայմանավորված կաշառքի մնացած մասն իրեն փոխանցել դարձյալ Ա.Ղ.-ի միջոցով 2021 թվականի մարտի 24-ին՝ ժամը 13-ի սահմաններում:

2021 թվականի մարտի 24-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, նույն սրճարանի մոտակայքում արդեն «Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում Մ.Ե.-ի կողմից Ն.Հ.-ից պահանջված 2.000 ԱՄՆ դոլար կաշառք գումարն անձամբ Ա.Ղ.-ի կողմից ստանալուց եւ այն մեկ այլ օժանդակող Է. Ե.-ին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս, այդ թվում՝ դեպքի վայրում գտնվող Մ.Ե.-ն, բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից եւ բերման ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Մ.Ե.-ն, Ա.Ղ.-ն եւ Է.Ե.-ն ձերբակալվել են: Մ.Ե.-ի եւ Ա.Ղ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ստացված կաշառքի գումարի մի մասը, իսկ մնացած մասը հայտնաբերվել է Է.Ե.-ի վարած ավտոմեքենայի սրահում կատարված խուզարկության արդյունքում:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում որոշումներ են կայացվել ոստիկանության ծառայողին եւ նրան օժանդակողներին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մ.Ե.-ի եւ Է.Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Ա.Ղ.-ի եւ Ն.Հ.-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:

Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու եւ արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:

 

 

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՈՎ ՓԱԹԵԹ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները մարտի 28-ին հիմնարկի տեղանքի զննության արդյունքում ներքին արգելագոտու տարածքում հայտնաբերել են նետված պոլիէթիլենային տարա եւ կպչուն ժապավենով պարուրված փաթեթ: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Վերոնշյալ տարայում առկա է եղել բջջային հեռախոս, իսկ փաթեթում՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող, 13 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,17 եւ 2 գրամ քաշերով առանձացված զանգվածներ, թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող «B 8» մակնշմամբ 1 դեղահաբ, ինչպես նաեւ փաթեթի ծանրությունն ապահովելու համար նախատեսված քար: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

 

 

ՏՆՕՐԵՆԸ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հայտնել է, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզի տնօրենը, ըստ իր ցանկության կամ չիմացության հետեւանքով, ընտրել եւ ընդունել է որեւէ արտահերթություն չունեցող 12 երեխաների, ովքեր 50-րդ, 47-րդ, 16-րդ եւ այլ հերթագրման համարն են ունեցել՝ չպահպանելով երեխաների ընդունելության համար սահմանված կարգը եւ հերթագրման հաջորդականությունը։ «Այդ երեխաներն ընդունվել են մանկապարտեզ միայն տնօրենի հայեցողական հրամանով, քանի որ «Մանկապարտեզ հերթագրման համակարգ» ծրագիրը թույլ չէր տա ընդունել այդ երեխաներին։ Արդյունքում այլ 12 (հնարավոր է նաեւ ձեզնից յուրաքանչյուրի) երեխա զրկվել է մանկապարտեզ հաճախելու իր հերթի հնարավորությունից, իրավունքից։ Բացի այդ, մանկապարտեզ են հաճախել երկու աշխատակցի երեխա, որոնց արտահերթության հայտը մերժված է եղել։ Այսպիսով, դեռ կան տնօրեններ, որոնք փորձում են օրենքը շրջանցելով աշխատել»,-նշում է վարչական շրջանի ղեկավարը:

 

 

ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԱՂՋԿԱ ՎՐԱ

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով: Մարտի 21-ին ոստիկանության Աբովյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի շենքերից մեկում փորձել են մի աղջկա բռնաբարել: Աբովյանի ոստիկանները պարզել են, որ նույն օրը նշված շենքի 6-րդ հարկում վերելակից դուրս գալու պահին անհայտ անձը հարձակվել է շենքում բնակվող երիտասարդ աղջկա վրա, ձեռքով սեղմելով նրան՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել: Ոստիկանները հայտնաբերել են այդ արարքը կատարած կասկածյալին, որն իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել ոստիկանություն: Նա Աբովյան քաղաքի բնակիչ, 29-ամյա Տ.Մ.-ն է, որը Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում աշխատում է որպես մենեջեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

 

ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է

Ոստիկանության ծառայողները բացահայտել են մարտի 25-ին Արմավիրի մարզում մահվան ելքով վրաերթ կատարած եւ փախուստի դիմած վարորդին ու ավտոմեքենան, որով տեղի է ունեցել վրաերթը: Այն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Մելսիկ Պողոսյանը, իսկ Opel մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է՝ թաքցված Գայ գյուղի բնակիչներից մեկի տան բակում: Փաստերի ճնշման տակ Մ. Պողոսյանը ոչ միայն խոստովանել է, այլեւ մատնացույց է արել թաքցված ավտոմեքենայի վայրը, որտեղից էլ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հիշեցնենք, որ մարտի 25-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կեսգիշերն անց անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել հետիոտն՝ Երեւանի բնակիչ, 58-ամյա Աշոտ Ամիրյանին, որը տեղում մահացել էր, իսկ վարորդը դիմել էր փախուստի: Վրաերթի ենթարկվածը գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հարազատն եղբայրն էր։

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ ԿԱՆԽՎԵԼ Է

Մարտի 29-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը? վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին։

 

 




Լրահոս