ՈՎՔԵ՞Ր ԵՆ «ԱՐՏԱՎԱԶԴ» 20-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, որն ի մի է բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները:

 

Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանին:

«Ի սրտե շնորհավորում եմ ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Կասկած չունեմ, որ մենք ուժ կգտնենք հաղթահարելու ցավը դժվարին ժամանակներում, որ կարողանանք լիարժեք վերադառնալ մեր անփոխարինելի գործին»,- նշել է Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Նա շեշտել է, որ 2021-ին մրցանակաբաշխությունն անցկացվում է առանձնակի շքեղությամբ: «Այն ամենը, ինչ կա բեմում, պատրաստ էր դեռեւս 2020-ի մարտին, բայց համավարակը խախտեց ծրագրերը: Այսօր ամփոփելու ենք վերջին երկու թատերաշրջանների աշխատանքները»,-տեղեկացրել է  Ղազանչյանը:

«Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում մրցանակի է արժանացել Նարինե Մալյանի «Շրջված երազ»-ը (Հ. Մալյանի անվան թատրոն):

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում մրցանակը շնորհվել է  Հռիփսիմե Նահապետյանին՝ «Ռոմեո եւ Ջուլիետ»-ում Ջուլիետի կերպարը կերտելու համար (Ռուսական թատրոն) եւ Մարիկա Դովլաթբեկյանին՝ «Սեւ կատուն» ներկայացման մեջ Պոյի ալտեր էգոյի համար:

«Լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվել են Նարեկ Բաղդասարյանը՝ «Փափլիկը» ներկայացման մեջ Կորնյուդեին մարմնավորելու համար (Համազգային թատրոն), եւ Դավիթ Եղիազարյանը՝ «N 6»-ում Գրիմովի դերի համար (Աբովյանի դրամ. թատրոն):

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» համարվել է  Գոռ Մարգարյանը՝ «12» ներկայացմամբ («Անահիտ» թատերախումբ):

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում  հաղթել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի «Օնեգին»-ը, որը բեմադրել է Նորա Գրիգորյանը:

«Լավագույն պիես» անվանակարգում մրցանակի է արժանացել Սառա Նալբանդյանի «Հաղթանակի գենեզիս»-ը:

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթել է Գարեգին Եվանգուլյանը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման համար (Գ.Սունդուկյանի անվան թատրոն):

«Լավագույն երաժշտության հեղինակ» համարվեց Ջեմմա Մինասյանը՝ «Մետրո» թատրոնի «Սեւ կատուն» ներկայացման համար:

«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» ճանաչվել է Վանաձորի Հ. Աբելյանի անվ. դրամ. թատրոնից Հերիքնազ Բաղդասարյանը՝ «Վարազդատ»-ում Վարազդատի մոր դերի համար:

«Լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում հաղթել է Գ.Սունդուկյանի անվ. թատրոնից Անդրանիկ Զաքարյանը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման մեջ Չեզվիքի դերի համար:

«Լավագույն դերասանուհի» ճանաչվել է Ս. Սարգսյանի անվ. համազգային թատրոնից Տաթեւ Ղազարյանը՝ «Փափլիկը» ներկայացման մեջ Էլիզաբեթ Ռուսեի դերակատարման համար:

«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը շնորհվել է Ս. Սարգսյանի անվ. համազգային թատրոնից Արման Նավասարդյանին՝ «Լոռեցի Սաքոն» ներկայացման մեջ հեղինակին եւ Սաքոյին մարմնավորելու համար:

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում մրցանակի արժանացան Նարինե Գրիգորյանը` Համազգային թատրոնում բեմադրված «Փափլիկը» եւ «Լոռեցի Սաքոն» ներկայացումների համար, եւ Վահե Շահվերդյանը` Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված «Անուշ» ներկայացման համար։

Մինչ կհայտարարվեր «Լավագույն ներկայացում» սպասված անվանակարգում հաղթած բեմադրության անունը, ելույթ ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: «Ընդունե՛ք մեր ջերմ շնորհավորանքը մասնագիտական տոնի առթիվ, ընդունե՛ք անսպառ լավատեսության, կորովի, աննահանջ կամքի ու սեփական գործի հանդեպ աննվազ ներշնչանքի մեր մաղթանքները, եւ թող թատրոնը շարունակի մարդկային ու մարդասիրական արժեքների, խաղաղության ու մարդու հանդեպ հարգանքի հաստատման իր հաղթարշավը»:

«Լավագույն ներկայացում» համարվել է  Ս. Սարգսյանի անվ. համազգային թատրոնում բեմադրված «Փափլիկը»,  որի ռեժիսորը Նարինե Գրիգորյանն է:

Մրցանակաբաշխությանը Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակի է արժանացել  արտիստի մտերիմ ընկեր Սերգեյ Առաքելյանը, որը գրքեր է հրատարակել Երվանդ Ղազանչյանի եւ Գալյա Նովենցի մասին:

«Թատրոնին անբասիր ծառայության  համար» «Արտավազդ» շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստներ Իրինա Մարչենկոյին, Արա Երնջակյանին եւ ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանին:

Ժյուրիի հատուկ մրցանակը հանձնվել է Ռուզաննա Խաչատրյանին՝ Ստեփանակաերտի Վ.Փափազյանի անվան թատրոնում բեմադրած «Լուսաբացից առաջ» ներկայացման համար:

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են եղել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, դրամատուրգ, «Գրական թերթ» եւ «Դրամատուրգիա» ամսագրերի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը, ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, Երեւանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը, թատերական եւ կինոբեմադրիչ Արամ Շահբազյանը:

 

 

 

«ՇԱՏ ՄԵԾ ԸՆԿՃԱԽՏ ԱՊՐԵՑԻ». ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Այս վերջին դեպքերից, իրադարձություններից հետո ես դարձել եմ ապաքաղաքական մարդ՝ լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ապրելով ինքս Հայաստանում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել երգչուհի Հասմիկ Կարապետյանը՝ անդրադառնալով երկրում առկա ներքաղաքական քաոսային իրավիճակին:

 

«Ես սա ասում եմ՝ շատ սիրելով իմ հայրենիքը: Շատ մեծ ընկճախտ ապրեցի, եւ մինչեւ հիմա էլ ապրում եմ մեր զոհված հերոսների համար, ովքեր անմահացան  արցախյան այս պատերազմում, հետո մեր այս պարտությունը եւ այս ամեն ինչն ինձ վրա շատ-շատ բացասական ազդեցություն ունեցան»,- նշում է երգչուհին:

Այնուամենայնիվ, Հասմիկ Կարապետյանը կարծում է, որ պետք է զերծ մնալ քաղաքական գնահատականներ տալուց,  ինչ-որ կարծիքներ հայտնելուց:

«Միայն  ուզում եմ շեշտել, որ ես այլեւս ոչ մեկին չեմ հավատում, ուղղակի ես իմ աղոթքներում ուզում եմ, որ հայտնվի մի մարդ, ով իսկապես սրտացավ կլինի մեր հայրենիքի համար, որն իսկապես կսիրի ժողովրդին եւ կանի ամեն ինչ ոչ թե իր գրպանի համար, այլ ամեն բան կանի իր հայրենիքի եւ ժողովրդի համար»,-հավելում է երգչուհին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱՌԱՋԱՏԱՐ

Հայաստանի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի ընտրանին J խմբի առաջատարներից մեկն է: Երկրորդ տուրից հետո Հայաստանի եւ Գերմանիայի ազգային ընտրանիները երկու հաղթանակից հետո ունեն 6-ական միավոր: 3-ական միավորով 3-4-րդ տեղերը կիսում են Հյուսիսային Մակեդոնիան եւ Ռումինիան: Իսլանդիան եւ Լիխտենշտեյնը միավորներ չունեն: Մարտի 31-ին երրորդ տուրի շրջանակներում Հայաստանը կմրցի Ռումինիայի, Լիխտենշտեյնը` Իսլանդիայի, եւ Գերմանիան` Հյուսիսային Մակեդոնիայի դեմ: Հայաստանի ֆուտբոլի ընտրանին, «Մունդիալ-2022» ընտրական փուլի շրջանակներում Երեւանում ընդունելով Իսլանդիային, առավելության հասավ 2:0 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին օգտագործեց իր հնարավորությունը. դիպուկ հարվածով 53-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Կապառոսի գլխավորած ընտրանին ակնհայտ իր կամքն էր թելադրում եւ իսպանացի մասնագետի կատարած փոփոխությունը տվեց իր արդյունքը. խաղադաշտ մտած Խորեն Բայրամյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը: Ի վերջո, Հայաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով: Հայաստանի հավաքականը երրորդ տուրի շրջանակներում կրկին Երեւանում կխաղա Ռումինիայի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում եւ կմեկնարկի 20:00-ին:

 

 

 

2 ՌԵԿՈՐԴ

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Վրաստանի հավաքականի նկատմամբ 2:1 հաշվով արտագնա հաղթանակի շնորհիվ սահմանել է 2 ռեկորդ: Իսպանիայի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական խաղերում անպարտելի շարքը հասցրել է 65-ի (51 հաղթանակ, 14 ոչ ոքի): Դա ռեկորդային շարք է ԱԱ-ի ընտրական փուլերում: Նախորդ անգամ իսպանացիներն ԱԱ-ի ընտրական խաղում պարտվել են 1993 թվականի մարտի 31-ին՝ Կոպենհագենում պարտվելով Դանիայի հավաքականին (0:1): Իսպանացիները նաեւ գերազանցել են Արեւմտյան Գերմանիայի հավաքականի ռեկորդը՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում գոլ խփելով 37-րդ խաղում անընդմեջ: Գերմանացիներն այդ ռեկորդը սահմանել էին 1934-1985-ը՝ գոլ խփելով 36 խաղերում անընդմեջ:

 

 

ԱՎԱՐՏՎԵԼ Է

Մայամիի «Մասթերս» շարքի մրցաշարում պայքարն ավարտեց ռուսաստանցի Կարեն Խաչանովը, որը 14-րդ համար էր։ 1/16 եզրափակիչում հայ թենիսիստը մրցեց մրցաշարի 21-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ եւ պարտություն կրեց 6:4, 6:7 (2:7), 4:6 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 50 րոպե։ Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Սիները կմրցի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էմիլ Ռուուսուվուորիի եւ շվեդ Միկայել Իմերի դիմակայության հաղթողի հետ։ Մրցանակային հիմնադրամը 3,3 միլիոն դոլար է։ Հաղթողը հայտնի կդառնա ապրիլի 4-ին։

 




Լրահոս