Մահացել է «Արցախի հերոս» Կոմանդոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը: Այս մասին ArmLur.am-ին տեղեկացրեց Կոմանդոսի ընկերը՝ Արա Մուրադյանը:

Նշենք, որ նա մի քանի օր է՝ ծանր վիճակում գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում՝ կորոնավիրուս ախտորոշմամբ:

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։

Ա․ Տեր-Թադևոսյանն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։

Ա․Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։

1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմը ցավացություն է հայտնում Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:




Լրահոս