
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 31-ինՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի օգնական, արցախյան պատերազմում զոհված Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրի Մարիամ Բզնունու հետ՝ ուղեկցությամբ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Մովսես վարդապետ Սարգսյանի: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը և մխիթարության խոսքերն է փոխանցել հոգելույս սարկավագի կնոջը՝ անդրադառնալով, որ ճեմարանի տարիներից և միաբանական կյանքի շրջանից ճանաչել է Նարեկին, ով ամենուր նախանձախնդրությամբ ու բարեխղճորեն էր կատարում իր պարտականությունները, ինչի ապացույցն են նաև պատերազմի ընթացքում վերջինիս դրսևորած ծառայանվիրումն ու արիությունը:
Վեհափառ Հայրապետը, աղոթելով լուսահոգի Նարեկ սարկավագի ընտանիքի համար, հորդորել է առ Աստված ապավինությամբ շարունակել ապրել աստվածային սիրո ու ջերմության ներքո՝ հավերժացնելով նրա անմար հիշատակը։
Նարեկ սարկավագ Պետրոսյանը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: