ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ծնկաչոք շնորհակալություն և անսահման հուզմունք». AAD մրցանակաբաշխության հերոսները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

AAD ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի տարբերվող էր: Ողջ երեկոյի ընթացքում հուզմունքն ուղեկցում էր երեկոյի հյուրերին, մրցանակակիրներին. ի վերջո կողք կողքի էին Արցախյան պատերազմի վիրավոր հերոսներն ու զոհված զինծառայողների հարազատները:

Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցու սպասավոր Արժանապատիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանի օրհնությամբ, տերունական աղոթքով եւ օրհներգով էլ մեկնարկեց  երեկոն:  Իր խոսքում մրցանակաբաշխության հիմնադիր, «Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ Մամիկոն Խուրշուդյանն ասաց, որ ցանկանում էր միջոցառումը սկսել 2020 թվականի մեր զոհված հերոսներին ծափահարելով, սակայն վերջին պահին իմացավ, որ նաեւ մեզ  հետ չէ Կոմանդոսը:

Մրցանակաբաշխության ամենակարեւոր անվակարգերում մրցանակները հանձնելու պատիվը վերապահվել էր ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրիկին՝ Գայանե Անտոնյանին եւ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, ավագ-լեյտենանտ Տիգրան Պողոսյանի մայրիկին՝ Սիլվա Մանասյանին: Նրանք մրցանակներ հանձնեցին 44-օրյա պատերազմի անմահացած հերոսների հարազատներին: Այսպիսով՝ «Տարվա սխրանք» անվանակարգին հետմահու արժանացան Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը, Վարդան Ամալյանը, Մխիթար Գալեյանը, կրտսեր սերժանտ Ալբերտ Հովհաննիսյանը, ՀՀ ԶՈՒ սպա Արտուշ Արզումանյանը, դերասան Հովհաննես Հաջինյանը:

«Տարվա սխրանք» հատուկ անվանակարգում մրցանակի արժանացան նաեւ վիրավոր հերոսները, որոնք եւս ներկա էին մրցանակաբաշխությանը: 19-ամյա Արամ Արզումանյանը մարտի դաշտում կորցրել է ոտքերը, բայց ոչ երբեք հույսն ու հավատը՝ դեպի առողջ եւ վառ ապագայի: Նույն անվանակարգում մրցանակի արժանացավ վիրավոր հերոս Միքայել Գրիգորյանը: Միքայելը նույնպես  մարտի դաշտում կորցնում է երկու ոտքերը: Վիրավոր հերոս Կարեն Խլոփուզյանը նույնպես արժանացավ «Տարվա սխրանք» հատուկ անվանակարգում մրցանակի: Կարենը պայթյունից հետո տեսնում է, որ երկու ձեռքերը չկան, այդ օրհասական պահին 19-ամյա տղայի կյանքը փրկում է ծառայակիցներից մեկը եւ Կարենին ու մյուս վիրավորներին մեքենայով դուրս  հանում մարտի դաշտից: Այս անվանակարգում մրցանակի արժանացավ նաեւ վիրավոր հերոս Հրաչյա Խաչատրյանը: Հրաչը տանկի հարվածից կորցնում է ոտքը, մյուս ոտքն էլ ստանում է բեկորային վնասվածք: «Տարվա սխրանք» հատուկ անվանակարգում մրցանակի արժանացավ վիրավոր հերոս Արշակ Ավագյանը:  Հերոսն առաջիկայում էլ դեռեւս երեք վիրահատության պետք է ենթարկվի: Բոլոր անվանակարգերի դեպքում դահլիճը հերոսներին ծափահարում էր ոտնկայս:

«Տարվա սխրանք» հատուկ անվանակարգում մրցանակի արժանացավ ըմբշամարտիկ, ադրբեջանցուն ծնկի բերած Վազգեն Թեւանյանը, «Հայրենիքի նվիրյալ զավակ» անվանակարգին արժանացան  երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ  Ռաիսա Մկրտչյանը,  ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը, ՀՀ Զինված Ուժերի գնդապետ Գարեգին Պողոսյանը, ՀՀ Ժողովրդական արտիստ  Արմեն Սանթրոսյանը: Մրցանակակիրների շնորհակալական խոսքերն առաջին հերթին ուղղված էր միայն զինվորներին. նրանց շնորհակալություն հայտնեցին անգամ ծնկաչոք:

Հայ թատրոնում եւ կինոյում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացան ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը եւ նույն թատրոնի դերասան Վահագն Գալստյանը:  Ի դեպ, Վահագնը իր անմիջական մասնակցությունն է ցուցաբերել Հայրենիքի պաշտպանության նվիրական գործում՝ կամավոր մեկնել է ռազմաճակատ:  Հայ երգարվեստում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացավ երգչուհի Լուսինե Պողոսյանը: Ի դեպ, նա իր անմիջական մասնակցությունն է ցուցաբերել Հայրենիքի պաշտպանության նվիրական գործում:

«Տարվա լավագույն պատգամավոր» անվանակարգին արժանացավ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:  ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ արժանացավ «Տարվա լավագույն աշխատասեր» պատգամավոր անվանակարգին:

Այսպիսով, ամբողջ երեկոյի ընթացքում դահլիճում շարունակեց թևածել  չզսպվող հույզեր, հպարտության եւ խոնարհումի անսպառ զգացումներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս