Ապրիլի 2-ից Բեռլինում պարետային ժամ կսահմանվի ժամը 21։00-ից մինչև 5։00-ն։ Նշված ժամերի ընթացքում փողոցում չի կարող գտնվել 2-ից ավելի մարդ։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Բեռլինի քաղաքագլուխ Միխաել Մյուլլերը։
«Ես գիտեմ, որ շատերի համար դա կլինի ևս մեկ զգալի սահմանափակում, կրկին կդառնա լուրջ խոչընդոտ։ Սակայն պետք է պարզ ասել՝ վարակը փոխանցվում է ուղղակի շփման ժամանակ», – ասել է Մյուլլերը՝ մեկնաբանելով պարետային ժամ սահմանելու մասին քաղաքային սենատի որոշումը։
Նա հավելել է, որ Զատկի տոնակատարությունների ժամանակ բեռլինցիներին կթույլատրվի հանդիպել ցերեկը, երբ պարետային ժամը չի գործում։ Այդ հանդիպումները կարող են կայանալ «երկու տնային տնտեսությունների միջև՝ առավելագույնը 5 մարդ» տարբերակով։ Սակայն ապրիլի 6-ից այդ կանոնը կփոփոխվի՝ հանդիպումները կսահմանափակվեն և կլինեն «1 տնային տնտեսության անդամների և լրացուցիչ մեկ մարդ» տարբերակով։
Քաղաքագլուխը նշել է, որ ապրիլի 8-ից Բեռլինի մանկապարտեզներում կրկին կսահմանվի արտակարգ ռեժիմ։ Դա նշանակում է, որ դրանք բաց կլինեն ոչ բոլորի համար։ Մանկապարտեզները կաշխատեն երկարօրյա ռեժիմով այն ծնողների երեխաների համար, որոնք կատարում են սոցիալական կարևոր աշխատանք, այդ թվում՝ բուժաշխատողների, ոստիկանների, հրշեջների և այլն։