ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ ՄԻՋՆՈՐԴ ԿՈՒՂԱՐԿԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմն առաջիկայում պատրաստվում է պատվիրակություն ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ: Բանն այն է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը կարծես թե գլխացավանք է դարձել իշխող թիմի համար, եւ իշխանությունները ելքեր են փնտրում: Մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ իշխանությունները որոշել են՝ ոչ թե պետք է ամբողջապես փոխել Ընտրական օրենսգիրքը, այլ բավարարվել միայն վարկանիշային ընտրակարգը հանելով եւ հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ պարզ համամասնական համակարգով: Նշենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը գտնվում է Վենետիկի հանձնաժողովում, որտեղ պետք է քննարկեն եւ փորձագիտական կարծիք հայտնեն, ու որքան էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր, թե Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը ընդդիմությունը թողել է իշխանության հայեցողությանը, այնուամենայնիվ, Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի համար կարեւորություն է ներկայացնում այն, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունը  պետք է ընդունվի լայն կոնսենսուսով, այսինքն՝ քաղաքական դաշտի դերակատարները նաեւ ԱԺ-ից դուրս պետք է իրենց համաձայնությունը տան։ Այնպես որ, եթե անգամ իշխանական խմբակցությանը հաջողվի կոնենսուս ապահովել խորհրդարանում, նրանք մտավախություն ունեն, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է չստորագրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Եվ հենց դա է պատճառը, որ իշխանական ուժը պատրաստվում է առաջիկայում միջնորդներ ուղարկել նախագահի մոտ, որպեսզի հասկանան նրա դիրքորոշումը եւ պլանները։ Նկատենք՝ եթե խորհրդարանական ուժեր ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն հայտարարում են, թե ցանկացած ընտրակարգի պարագայում իրենք կմասնակցեն արտահերթ ընտրություններին, ապա արտախորհրդարանական ուժերին կողմնորոշվելու համար կարեւոր է հենց ընտրակարգի փոփոխությունը:

 

 

 

«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդների միջեւ խորը տարաձայնությունները դեռ շարունակում են տարբեր դրսեւորումներ ունենալ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր մտերիմների մոտ հայտարարել է, որ չի ցանկանում որեւէ ձեւով աջակցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցում: Ըստ մեր տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը հայտնել է նեղ շրջապատում, որ նպատակ ունի ընտրությունների ժամանակ աջակցել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին, եւ ասել է՝ բոյկոտելու ենք ընտրությունները, մենք 4-5 պատգամավորական մանդատ ստանալու համար չենք լեգիտիմացնի կապիտուլյանտին։ Սարգսյանն իր մտերիմ շրջապատում ասել է, որ ՀՀԿ-ն տարբեր հարցումների միջոցով պարզել է՝ ցածր վարկանիշ ունի, իսկ այդ ձեւով ընտրությունների մասնակցելը կխայտառակի իրեն, ինչի համար էլ ճիշտ է համարում Վանեցյանին աջակցելը, քան լինել Ռոբերտ Քոչարյանի կողքին: Ավելին՝ լիդերների վերջին հանդիպման ժամանակ դա բացահայտ Սարգսյանն ասել է Ռոբերտ Քոչարյանին՝ հստակ նշելով, որ նրան չի աջակցելու: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ՀՀԿ-ականների կարկառուն թեւն էլ հայտարարել է, որ եթե Սերժ Սարգսյանն իր դեմքով չգնա ընտրությունների, ապա իրենք կմտնեն այն ցուցակը, որը կղեկավարի Ռոբերտ Քոչարյանը: Կարելի է ասել՝ այս պահին ՀՀԿ-ում երկփեղկվածություն է, եւ Սերժ Սարգսյանի թիմակիցները դժգոհ են նրա կեցվածքից հատկապես այն առումով, որ վերջինս բաց չի ներկայացնում իր քայլերն ու անելիքները թիմի մոտ։ Ինչպես թաքուն հրաժարական տվեց, այնպես էլ գաղտնի է պահում հիմա իր իրական նպատակները հարազատ կուսակցությունից։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին պարզ կլինի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրական դատարան ուղարկված դիմումի ճակատագիրը: Ինչպես հայտնի է, մարտի 10-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան էր դիմել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հարցով։  Արմեն Սարգսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաեւ նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության եւ դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում: Ներկայացված դիմումով Սահմանադրական դատարանի որոշումները եւ ձեռնարկվող հնարավոր միջոցները կարող են լրջագույն ազդեցություն ունենալ մինչեւ այժմ ընդունված որոշումների, ստեղծված իրավիճակին առնչվող ներկայիս եւ հետագա գործընթացների վրա՝ վերը նշված օրենքի մեկնաբանման եւ կիրառման համատեքստում»: Եվ, ահա, տեղեկացանք, որ դիմումը նախնական ուսումնասիրման փուլում է (ժամկետը` մուտքագրման պահից 30 օր): Դրանից հետո աշխատակարգային նիստում պետք է քննության առնվի դիմումը քննության ընդունելու հարցը: Սակայն, մեր տեղեկություններով, որոշումը կհրապարակվի մինչեւ սահմանված ժամկետի ավարտը, եւ դիմումը կընդունվի քննության:

 

 

Հայաստանում կենդանիների գլխաքանակն ավելացել է, բայց խոզերի գլխաքանակը զգալի պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 613 հազար 413, 2020-ին՝ 579 հազար 256, 2019-ին՝ 571 հազար 861, այսինքն՝ մեկ տարվա ընթացում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 34 հազար 157-ով: Կովերի գլխաքանակն է ավելացել Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռիի, Արագածոտնի մարզերում: Ի դեպ, տեղեկացնենք, որ կովերի գլխաքանակը 2018 թվականին կազմել է 266 հազար 800, 2019-ին՝ 253 հազար 990, 2020-ին՝ 251 հազար 716, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ 265 հազար 810: Փոխարենը 9.1 տոկոսով կամ 23 հազար 31-ով պակասել է խոզերի գլխաքանակը: Եթե 2020 թվականին խոզերի գլխաքանակը կազմել է 223 հազար 252, ապա այս տարվա հունվարի 1-ի դրությամբ այն 200 հազար 221 է: Պաշտոնապես Հայաստանում ոչխարի գլխաքանակը 8.4 տոկոսով կամ 53 հազար 841-ով ավելացել է, այսինքն՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում ոչխարի գլխաքանակը կազմել է 693 հազար 439, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 639 հազար 598:

 




Լրահոս