«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք իրենք պատրաստվում են մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին: Մեր զրուցակիցը նշեց, որ այդ հարցում դեռեւս որոշում չունեն, քանի որ ընտրությունների օրը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը հրաժարական չի ներկայացրել:
-Արդյոք կուսակցությունը որոշում ունի՞ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հետ կապված:
-Նախնական խորհրդի նիստում, քանի որ դեռ պաշտոնապես տեղեկատվություն չկա, եւ վարչապետը հրաժարական չի տվել, եւ ԱԺ-ն երկու անգամ չի ընտրել, խորհուրդը որոշել է, որ եթե այդ ընտրությունները կայանան, կմասնակցենք:
-Սպասում եք պաշտոնական հայտարարվի, նոր վերջնական որոշում կայացնե՞ք:
-Միանշանակ: Կարծում ենք, որ վաղաժամ մեկնարկը կեղծ կարող է լինել:
-Տիկի՛ն Դիլբարյան, չե՞ք հավատում, որ այս իշխանությունը պատրաստ է գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Կարծում եք՝ սա հերթական մանիպուլացիա՞ն է իշխանությունների կողմից:
-Չի բացառվում նման մանիպուլյատիվ հնարավորություններ:
-Եթե վերջնական որոշում լինի հունիսի 20-ին գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, «Ժառանգություն» կուսակցությունը որոշե՞լ է, թե ինչ ձեւաչափով, ինչպես է պատրաստվում մասնակցել:
-Ոչ, ամեն ինչ քննարկելի է եւ քննարկումների փուլում է: Մենք տարբեր առաջարկներ ունենք կուսակցություններից, հին գործիչներից, բայց ամեն ինչ դեռեւս հստակ չէ:
-Ի՞նչ առաջարկի մասին է խոսքը՝ դաշինք կազմել ու այդպես գնալ ընտրությունների՞:
-Քննարկվում են տարբեր ձեւաչափեր՝ ե՛ւ միասին գնալու, ե՛ւ համագործակցված: Բայց առայժմ ոչինչ դեռեւս հստակ չէ, ոչ մի որոշում չկա:
-Տիկի՛ն Դիլբարյան, Ձեզ համար կա՞ մի քաղաքական ուժ, որը վստահելի է այս պահին:
-Կարծում եմ՝ դեռ դժվար է ասել: Այս հարցի շուրջ դեռեւս խորհրդակցություններ ենք ունեցել, ասեմ, որ մենք պետք է համագործակցված , բայց միայնակ գնանք:
-Չկա՞ այն ուժը, որին կվստահեք ու ճանապարհ կգնաք:
-Այս պահին, այո: Նշեմ, որ կան ուժեր, որոնց հետ հնարավոր է ինչ-որ մարտավարական մտքերի շուրջ պայմանավորվել, բայց հենց այս պահին, որի հետ ռազմավարական պայմանավորվածություն կարող է լինել, հստակեցված չէ:
-Նաեւ հարցումների միջոցով փորձում են հասկանալ, թե որ քաղաքական ուժին է նախընտրում հանրությունը, եւ, կարծես թե, Նիկոլ Փաշինյանի իշխանության վարկանիշը բարձր է: Դուք այդ կարծիքի՞ն եք:
-Անկեղծ ասած, կարծում եմ, որ Հայաստանում սոցիոլոգիան երբեք չի եղել ինքնուրույն գիտություն, այլ ծառայել է տարբեր խնդիրների: Բացի դրանից, մեր հանրության մեջ ընդունված չէ անկեղծ պատասխանել, որովհետեւ ոչ ոք երաշխիքներ չունի: Ուստի այսօրվա բոլոր տիպի հայտարարություններին, թե ով որքան ձայն ունի, հատկապես որքան մեծ է այս վարչախմբի վարկանիշը, մենք վերաբերվում ենք մեծ վերապահումներով:
-Իսկ Ձեզ համար հարցումներ իրականացրե՞լ եք, որպեսզի պարզեք Ձեր վարկանիշը:
-Այո, ե՛ւ իրականացրել ենք, ե՛ւ հանրության հետ հանդիպումներ ունենք, ե՛ւ գիտենք, թե քանի մարդ է մասնակցել ընտրությունների, եւ որքան մարդ է բոյկոտել ընտրությունները, եւ մեր վարկանիշը գնահատում ենք խիստ բավարար: Անհրաժեշտ աշխատանքի դեպքում մեծ ներուժ կունենանք:
ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԵՆ ԿԱՅԱՑՐԵԼ
Դեռեւս մարտի 25-ին հանդիպում էր տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջեւ: Armlur.am-ը տեղեկացավ, որ ի սկզբանե նախագահները որոշել են որեւէ հաղորդագրություն այդ մասին չտարածել, որեւէ ձեւով հանրությանը չտեղեկացնել այդ հանդիպման մասին, սակայն Լեւոն Տեր- Պետրոսյանի «թիմը» հաջորդ օրը, բոլորի համար անակնկալ որոշել է նման հաղորդագրություն տարածել, որը նախագահների համար անսպասելի է եղել:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Երեկ՝ մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջեւ, որի ընթացքում քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր»։
Նախագահները, տեսնելով, որ Լեւոն Տեր- Պետրոսյանի մամուլի խոսնակը միայն տեղեկացրել է, թե հանդիպումը վերաբերել է Արցախի հարցին, որոշել են արդեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջով հայտարարություն տարածել՝ նշելով որ հանդիպման ժամանակ Հայաստանին վերաբերող հարցեր եւս քննարկվել են:
«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է ս.թ. մարտի 25-ին Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը: Թե՛ արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի եւ Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձեւաչափով պարբերական քննարկումների հրամայական»,- նշված էր հաղորդագրությունում։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի թեւը հատուկ շեշտել է, որ Հայաստանում առկա խնդիրները եւս քննարկվել են, ու նման ձեւաչափով հանդիպումներ առաջիկայում նախատեսվում են:
Մենք տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են Հայաստանի քաղաքական իրավիճակը, արտահերթ ընտրությունների գնալու տարբերակներն ու ձեւաչափը, ինչպես նաեւ իշխանությունների դեմ պայքարելու ուղիները: Armlur.am-ը տեղեկացավ նաեւ, որ նախագահները հանդիպման ժամանակ հույժ գաղտնի որոշում են կայացրել ու միմյանց խոստացել են, որ դրա մասին անգամ իրենց ամենամտերիմներին չեն ասելու: Արդեն քանի օր է՝ մենք փորձում ենք պարզել, թե ինչ որոշման մասին է խոսքը: Փորձեցինք նաեւ զրուցել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի արձագանքում:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԿՈՄԱՆԴՈՍԻ ԱՌՈՂՋԱԿԱՆԻՑ
ArmLur.am-ը քիչ առաջ զրուցել է Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի մտերիմ ընկերոջ՝ գնդապետ Արա Մուրադյանի հետ: Մենք փորձել ենք պարզել, թե Կոմանդոսի առողջական վիճակն այս պահին ինչպես է: Մեր զրուցակիցը հայտնեց, որ այս պահին էլ Տեր-Թադեւոսյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, բայց առողջական վիճակն արդեն լավ է: Արա Մուրադյանը նշեց նաեւ, որ Կոմանդոսը չի ցանկանում՝ իր առողջական վիճակի մասին մանրամասն տեղեկություններ տրամադրվի, քանի որ այն անձնական է ու պետք չէ ինչ-որ անձնական տեղեկություններ հրապարակել:
«Կարեւորը պետք է ասել, որ Կոմանդոսը լավ է, մարդ է հիմա, կարող է առողջական խնդիր ունենալ, դրել ինչ ասես տարածում են, ամեն մեկը իր ձեւով ինչ ցանկացավ, մեկնաբանեց, հայտարարեց: Ամեն մեկն էլ իր ժամանակին առողջական խնդիրներ ունենում է, հիմա դնենք ինչ մտածում ենք, գրե՞նք ու տարածե՞նք, հետո՞: Խնդրում եմ, մի՛ անհանգստացրեք իրեն, ինքը չի ցանկանում էդ մասին շատ խոսել, կարեւորը՝ հիմա լավ է»,-մեզ հետ զրույցում հայտարարեց Կոմանդոսի ընկերը:
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ԶԱՏԻԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Հայաստանում, Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ, թանկացել է ոչ միայն ձուն, այլեւ ձկնամթերքը: Ձկնավաճառներն արդարանում են՝ իրենք չեն գինը սահմանողները, այլ ձկնաբույծները: ArmLur.am լրատվականը շրջայցի ընթացքում պարզեց, որ մեծ չափի «Իշխան» ձկնատեսակի մեկ կիլոգրամն այս օրերին 2200 դրամով է վաճառվում, իսկ փոքրերի մեկ կիլոգրամը արժե 2000 դրամ: Ձկնավաճառների խոսքերով՝ ձկնաբույծները 200 դրամով բարձրացրել են «Իշխանի» գինը. եթե ձկնաբույծները մի քանի օր առաջ մեծ չափի «Իշխանի» մեկ կիլոգրամը վաճառում էին 1800 դրամով, ապա հիմա այն առաջարկում են 2000 դրամով, այս պատճառով ձկնաբույծներն իրենց հերթին ձկան գինը 200 դրամով բարձրացրել են: Ի դեպ, բարձրացել է նաեւ ՛«Սիգի» գինը մոտ 100 դրամով: Այժմ «Սիգի» մեկ հատիկը վաճառվում է 500 դրամով: Ինչպես հայտնի է, Զատիկի տոնին ե՛ւ ձկնամթերքի, ե՛ւ հավկիթի պահանջարկի ավելացում է նկատվում, եւ որոշ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, բարձրացնում են իրենց արտադրանքի գները: