ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ ԵՆ ՊԱՐԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

 

«Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012թթ. առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել եւ ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչեւ 01.03.2012 թվականը (01.03.2018 – 6 տարի):

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նախագահի քաղաքացիության մասով հղում է կատարել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տեղեկանքին, որը ՀՀ նախագահի ընտրության գործընթացում ներկայացվել է ՀՀ ԱԺ:

Ուշագրավ է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ա. Մկրտչյանի՝ 25.03.2021թ. գրությունը, որով հայտնվել է՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ այլ պետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվություն առկա չի եղել, այդ թվում՝ 2018թ. մարտի 2-ի դրությամբ: ՀՀ ոստիկանության ԱՎՎ բնակչության պետական ռեգիստրում համապատասխան տվյալները մշակվում են քաղաքացու տրամադրված կամ ՀՀ իրավասու մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա: Օտարերկրյա պետության քաղաքացիությունը համարվում է մշակման ենթակա տվյալ եւ մուտքագրվում է ռեգիստր, եթե անձը ներկայացնում է այլ պետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ:

ՀՀ նախագահի ընտրության համար Ա. Սարգսյանին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը տրվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը եւ Արմեն Սարգսյանի կողմից իր դիմումում նշված՝ այլ պետության քաղաքացի չհանդիսանալու վերաբերյալ հայտարարությունը: Այս կապակցությամբ հարկ է նշել նաեւ, որ որեւէ իրավական ակտով սահմանված չէ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը ստուգելու այլ կարգավորումներ»:

Ինչպես նշեցինք, այդ հայտարարության տակ ստորագրել է 53 փաստաբան՝ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ:  Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը քննարկվում է նախագահի պաշտոնում նրա առաջադրումից ի վեր: Այն, որ Հայաստանի չորրորդ նախագահը կարող է չբավարարել վերջին 6 տարիներին միայն ՀՀ քաղաքացի լինելու օրենսդրական պահանջը, հիմնական հարցերից էր նաեւ Ազգային ժողովում նախագահի ընտրության նախօրեին կայացած քննարկումների ժամանակ:

«…Ձեր թեկնածության լեգիտիմության հարցն է քննարկվում, եւ Դուք մի պարզ գործողություն չեք անում՝ Բրիտանիայի իշխանություններից տեղեկանք չեք բերում, որ Արմեն Սարգսյանը էսինչ թվի էսինչ օրը դիմել է Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու համար, դիմումը բավարարվել է, ուստի էսինչ օրվանից նա չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի: […] Եվ եթե էս պայմաններում չի արվում էդ գործողությունը, մենակ մի եզրակացություն կա, որ էդպիսի փաստաթուղթ ուղղակի գոյություն չունի»,- մարտի 1-ին խորհրդարանում ասել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Որպես քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ՝ նախագահի թեկնածուն պատգամավորներին ներկայացրել էր միայն Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղեկանքը իր քաղաքացիություն եւ բնակության վայրի մասին, բայց այդպես էլ չէր հրապարակել դրա համար հիմք հանդիսացած փաստաթղթերը:

Ն.Հ.

 

 

 

ՓՈԽՄԱՐԶՊԵՏԸ ԿՓՈԽԱՐԻՆԻ

Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել: Ա. Խաչատրյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ Լոռու մարզպետին կփոխարինի ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:

 

 

 

ԼԱՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք հոյակապ վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Դրանք կարող են ունենալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ-շատ ասպեկտներ: Հայաստանի հետ եւս պատմական լավ հարաբերություններ կան: Մենք մեծաթիվ ինտեգրացիոն գործընթացներ ունենք, որոնք Հայաստանին զգալի օգուտ են տալիս՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական»,- նշել է Պեսկովը: Նա ընդգծել է, որ բոլորը պետք է հիշեն Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում կրակի դադարեցման գործում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերակատարումը:

 

 

 

ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ

Արցախի ականապատված տարածքների քարտեզը թուրքական հատուկ ծառայություններին փոխանցելու մասին քրգործն երեկ՝ մարտի 30-ին, վարույթ է ընդունվել: ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով եւ 316-րդ հոդվածով հարուցված քրեական գործը հարուցվել էր մարտի 11-ին լրատվամիջոցներով հրապարակված «The Halo Trust» կազմակերպության կողմից ԱՀ-ում գործունեություն ծավալելու ընթացքում թուրքական հատուկ ծառայություններին Արցախի ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու եւ դրա միջոցով 44-օրյա պատերազմի ժամանակ ականապատված տարածքներն անխոչընդոտ հաղթահարելու դեպքի առթիվ: Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ

Իրանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Կասպից ծովում համագործակցության հարցերը: Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը եւ նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը 9-րդ ամենամյա նախարարական հանդիպման ժամանակ քննարկել են համագործակցության հարցերը: Նախարարը քննարկել են նաեւ Կովկասում վերջին իրադարձությունները եւ այլ հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում քաղաքական եւ տնտեսական ոլորտներում:

 

 

 

ԿՏՈՒԳԱՆՎԻ

Հայաստանում գործող ամերիկյան ընկերությունը՝ «Քոնտուր Գլոբալ Հիդրո կասկադ»-ը, կտուգանվի՝ 5 մլն դրամի չափով, իսկ տուգանող մարմինը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, որն ընկերությանը տուգանելու մասին որոշումը կքննարկի այսօրվա նիստին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընկերությունը 2020 թվականի 4-րդ եռամսյակի արդյունքներով լիցենզավորված գործունեությանը վերաբերող հաշվետվությունները հանձնաժողով է ներկայացրել մարտի 3-ին՝ սահմանված ժամկետի խախտմամբ: Ինչպես հայտնի է, 2015 թվականի օգոստոսից «Որոտանի ՀԷԿ-երի համակարգի» սեփականատեր է ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» ընկերությունը. դեռեւս 2014 թվականին ՀՀ կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ-ի, ամերիկյան  «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ ստորագրվել էր գույքի առուվաճառքի պայմանագիր, ինչի արդյունքում ամբողջ հիդրոկասկադը` իր ՀԷԿ-երով, ջրամբարներով ու մնացած ամեն ինչով, վաճառվեց 180 մլն դոլարով: Այն պետք է էներգիա մատակարարի՝ Հայաստանի էլեկտրական ցանցերին երկարատեւ` 25 տարի ժամկետ ունեցող էլեկտրաէներգիայի գնման պայմանագրի համաձայն:

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Սոֆյա Հովսեփյանի, Վարդան Աթաբեկյանի եւ Սերգեյ Բագրատյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել ներքաղաքական իրավիճակին, երկրում առկա ճգնաժամերին ու դրանց հաղթահարման ուղիներին եւ, այդ համատեքստում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: ԱԺ պատգամավորները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրավիճակի հանգուցալուծման շուրջ իրենց մոտեցումներն ու տեսակետները:

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Արցախի գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են պետական միջոցներով բնակարաններ ձեռք բերելու եւ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրելու դեպքերի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հայտարարությունները: Արցախի գլխավոր դատախազությունից հայտնել են. «Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվում են սույն թվականի մարտի 29-ին դատախազություն մուտքագրված դիմումներում ներկայացված՝ նախկին տարիներին պետական միջոցներով բնակարաններ ձեռք բերելու եւ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրելու դեպքերի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հայտարարությունները բավարար հիմքերի առկայության դեպքում պետության գույքային շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթն իրացնելու նպատակով»:

 




Լրահոս