Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Արտաշատի խճուղում, անհայտ անձը կամ անձինք 15-ից ավել ծաղկած ծիրանենիների համատարած սպանդ են իրականացրել:
Բնության նկատմամբ հերթական վանդալիզմ իրականացնողները քոքից կտրել են 30, 20, 10, 5 տարեկան ծաղկած ծիրանենիներ եւ թթենիներ։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ԱՎԱՆԴՆԵՐ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ հերթականությամբ են հաշվարկվում երաշխավորված ավանդները:
Լիաննա Թադեւոսյան (50 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային ավանդները: Ընդ որում, առաջին հերթին հաշվարկվում եմ ավանդների հիմնական գումարները (ավանդատուի կամ երրորդ անձի կողմից հօգուտ ավանդատուի բանկին տրամադրված կամ բանկում առկա դրամական գումարը, որը ենթակա է վճարման ավանդատուին, ավանդատուի բանկում բացված հաշիվների վրա գտնվող դրամական միջոցները եւ բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցները), իսկ երկրորդ հերթին՝ վերը նշված դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոսների գումարները:
Եթե ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ ունի խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է բանկային ավանդի եւ խնդրահարույց պարտավորության հաշվարկված դրական պարտավորության հիման վրա:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երաշխավորված ավանդի հատուցումն իրականացվում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ` ավանդատուի նշված հաշվին փոխանցման միջոցով:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ է բնականոն գնաճը:
Ստելլա Միքայելյան (43 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Բնականոն գնաճն այն ցուցանիշն է, որը զերծ է գների շոկային տատանումներ ունեցող ապրանքների եւ ծառայությունների գնաճից: Օգտվելով ԱՎԾ կողմից հաշվարկված գնաճի ցուցանիշի հիմքում ընկած տեղեկատվությունից եւ կիրառելով հաշվարկման նույն սկզբունքը՝ ԿԲ-ում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է բնականոն գնաճի ցուցանիշը: Այն բացառում է շոկերի ազդեցությունը՝ օրինակ՝ մրգերի եւ բանջարեղենի գների կտրուկ աճը կամ նվազումը՝ պայմանավորված բնակլիմայական պայմաններով, կամ, օրինակ, միջազգային շուկայում որեւէ ապրանքի գնի աճը կամ նվազումը, որը ՀՀ ներմուծման եւ ՀՀ-ում սպառման արդյունքում հանգեցնում է գնաճի կամ գնանկման: Օրինակ՝ 2009 ընդհանուր գնաճը կազմել է 6.5%, բնականոն գնաճը՝ 5.3%: Տարբերությունը՝ 1.2 տոկոսային կետը, կոմունալ ծառայությունների սակագների աճով էր պայմանավորված: 2010 թվականի ընթացքում ընդհանուր գնաճը կազմել է 9.4%, իսկ բնականոն գնաճը՝ 6.3%:
Տարբերությունը՝ 3.1 տոկոսային կետը, պայմանավորված է եղել ինչպես բնակլիմայական անբարենպաստ պայմաններում գյուղատնտեսական արտադրանքի գների աճով, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գների աճով, որը ներմուծվող ապրանքների գների միջոցով ազդեցություն է թողել ՀՀ գնաճի ցուցանիշի վրա: Ստացվում է, որ ԿԲ կողմից հաշվարկվող բնականոն գնաճն ընդհանուր գնաճի այն մասն է, որը զերծ է առաջարկի շոկերից:
ՀՀ կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ներկայումս ԿԲ-ն նպատակադրում է ընդհանուր գնաճի 12-ամսյա ցուցանիշը եւ հետեւում է բնականոն գնաճի ցուցանիշին գնաճի վրա համախառն պահանջարկի զարգացումների ազդեցությունը գնահատելու նպատակով: