«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ չէր մասնակցում ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծն էր։
ԲՀԿ-ից ասացին, որ պատերազմից հետո իշխանության օրակարգով հրավիրված արտահերթերին, որպես կանոն, չեն մասնակցում։ ԲՀԿ-ն քանիցս ասել է, որ իրեն, մեծ հաշվով, չի հուզում, թե որ ընտրակարգով են տեղի ունենալու ընտրությունները։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցությունում որոշել են, որ ցանկացած պարագայում ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի ռեյտինգայինի տրամաբանությամբ: Կուսակցության ցուցակը լինելու է պայմանական, իսկ խորհրդարան են անցնելու նրանք, ովքեր իրենց կցված տարածքից առավել մեծ թվով ձայներ կապահովեն կուսակցության համամասնական ցուցակի համար։
Սրանով ուզում են խթանել թե՛ ներքին մրցակցությունը, թե՛ աշխատել իշխանության դեմ՝ չկողմնորոշված լայն զանգվածներին մոտիվացնելով եւ ընտրատեղամասեր ուղղորդելով։ Ըստ երեւույթին՝ նույն տրամաբանությամբ կառաջնորդվեն բոլոր նախկինները, որպեսզի կարողանան իշխանության դեմ պայքարում «կրել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։