Միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը. Արցախի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 2016 թվականի ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ:

«2016 թ. ապրիլին, խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը, կիրառելով իր հարձակողական ողջ զինանոցը, լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը:

Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվեցին բազմաթիվ պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, մասնավորապես՝ արձանագրվեցին հայ ռազմագերիների և խաղաղ բնակչության դաժան սպանությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի բազում դեպքեր:

Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ռազմական հանցագործությունների չդատապարտված լինելու հանգամանքը հաջորդ տարիների ընթացքում էլ ավելի սաստկացրեց այդ երկրի ռազմատենչ նկրտումները, ինչի կիզակետը դարձավ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ նոր լայնածավալ պատերազմի սանձազերծումը՝ Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ:

Միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա ցայսօր շարունակվող Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, միջազգային իրավունքի հանդեպ ծայրահեղ անարգանքին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններից հրաժարվելու փորձերին:

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ ժողովրդի ցուցաբերած միասնականությունն ու մեր հերոսների սխրանքները հավերժ կմնան մեր պատմության և սերունդների հիշողության մեջ»:




Լրահոս