Հնարավոր արտահերթ ընտրություններին ընդառաջ իշխանությունները նշում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պարագայում վերջինս կշարունակի մնալ իբրեւ վարչապետի պաշտոնակատար: Այսինքն, այդպիսի զարգացումների պարագայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կրելու է ձևական բնույթ:
Սակայն նկատենք, որ ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ խորհրդարանական ուժերը, բարձրաձայնում էին, թե որեւէ դեպքում չեն համաձայնվելու ընտրության, եթե ղեկին մնա Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, նույն լիազորություններով մնալով իշխանության ղեկին, նա վարչական ռեսուրսի կիրառման միջոցով կարող է հասնել հաջողության: Իսկ որ վարչական ռեսուրսի կիրառում կլինի, արդեն իսկ ակնհայտ դարձավ նաեւ Արմավիր մարզ կատարած այցի ժամանակ, երբ Փաշինյանը խոստացավ պետբյուջեի հաշվին ասֆալտապատման աշխատանքներ կատարել:
Սակայն Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը վերլուծություն է ներկայացրել՝ հենվելով Սահմանադրության տարբեր դրույթների վրա: ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանվում է, որ «Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը»։
Եվ վարչապետի հետագա պաշտոնավարումը, որպես ժամանակավոր պաշտոնակատար դիտարկողները հենվում են Սահմանադրության այն ձևակերպման վրա, որ «Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը», սակայն վարչապետը ՀՀ կառավարության անդամներից ունի հստակ տարբերվող սահմանադրական կարգավիճակ, և նրա հրաժարականի դեպքում, պարտականությունների կատարումը վերաբերում է բացառապես կառավարության անդամներին, այլ ոչ երբեք վարչապետին։
Կարևոր է նաեւ ՀՀ Սահմանադրության 130-րդ հոդվածի այն ձևակերպումը, ըստ որի Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը։ Դա ամրագրված է նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով։ Այսինքն՝ Նախագահն աներկբա պարտավոր է ընդունել վարչապետի հրաժարականը, իսկ դա նշանակում է, որ այդ պահից վարչապետն այդ պաշտոնում պաշտոնավարելու իրավունք չունի: Մինչև Ազգային ժողովի կողմից նոր վարչապետի ընտրությունը վարչապետի լիազորությունները պետք է կատարի փոխվարչապետներից մեկը։
Ասվածն ամփոփելով՝ պետք է հստակ կերպով արձանագրել հետևյալը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին խոստացված հրաժարականից հետո, նախագահը Սահմանադրության ուժով, պետք է ընդունի այդ հրաժարականը և Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հրաժեշտ տալ վարչապետի պաշտոնին այնքան ժամանակ, մինչև Ազգային ժողովի կողմից նա ընտրվի վարչապետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.