Ապրիլի 1-ին՝ Ծիծաղի միջազգային օրվա առթիվ, «Ժողովուրդ» օրաթերթը որոշել էր ավանդույթի համաձայն հումոր անել: Հրապարակել էինք երեք լուր, որոնք մեծ արձագանք էին գտել լրատվամիջոցներում: Եվ չնայած լուրերի վերջում առկա էր «Կ» տառը, սակայն դա չխանգարեց, որ այն մեծ տարածում գտներ:
Սակայն ընդգծենք, որ յուրաքանչյուր տարի էլ այդ օրը մեր լրատվամիջոցն այդպիսի հումոր-հոդվածներ հրապարակում է եւ չնայած միշտ էլ արձագանքներ լինում են, սակայն այս տարին թերեւս տարբերվող էր նաեւ այն պատճառով, որ հրապարակված լուրերի բովանդակությունը հետաքրքիր էր շատերի համար եւ ինչու ոչ սպասված: Նկատենք եղան անգամ դեպքեր, երբ մեզ զանգահարեցին պաշտոնյաներ՝ խնդրելով իրենց մասին էլ որեւէ կատակ-հոդված հրապարակել, ինչը բնականաբար մերժվեց մեր կողմից:
Իսկ ինչ լուրեր էինք հրապարակել երեկ. լուրերից մեկով գրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու եւ հայտարարելու է, որ հեռանում է քաղաքականությունից ու որեւէ ձեւով չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին:
Իսկ մյուս լուրով գրել էինք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում դաշինք են կազմելու եւ քննարկվում է այդ դաշինքում ներառել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին:
Մեկ այլ հոդված էլ հրապարակվել էր ArmLur.am լրատվական կայքում: Այդ լուրում էլ գրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Մարուքյանին եւ նրանից ներողություն խնդրել:
Հավելենք՝ բազմաթիվ էին նաեւ դեպքերը, երբ ընթերցողները զանգահարում էին խմբագրություն եւ հարցնում՝ այս լուրերն ապրիլմեկյան կատակ են, թե ոչ: