«Գովազդի մասին» օրինագծով իշխանությունը փորձ է անում ճնշել ազատ մամուլին. մասնագետներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գովազդների ցուցադրման գրաֆիկը սահմանափակել, ըստ որի՝ դրանք կարող են հրապարակվել միայն երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում, գրում է Tert.am-ը:

Առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն այն ընդունել է, եթե 2-րդով էլ անցնի, ապա ավելի քան 50 լրատվական կայք կզրկվի իր բյուջեի մոտավորապես 70 տոկոսից: «Շամշյան մեդիայի» ղեկավարը դեմ է խաղամոլությանը, բայց նրա համոզմամբ, սա հարցի լուծում չէ, ավելին՝ միտված է միայն ազատ մամուլի ճնշմանը, քանի որ հնարավոր չէ վերահսկել սոցիալական ցանցերի, օտարերկրյա ծագում ունեցող ժամանցային կայքերի գովազդը. «Սա լինելու է ցավալի հարված հայկական մամուլին. մամուլը կա՛մ պետք է փակվի, կա՛մ պետք է փորձի գտնել եկամուտի այլ աղբյուր, քաղաքական պատվերներ կատարի»,- համոզված է «Շամշյան մեդիա» ՍՊԸ տնօրենը :

Ազատ մամուլի ֆինանսական անկախությունը օրենքով սահմանափակելու փորձերը սկսվել են դեռևս նախորդ տարվանից: Իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հեղինակած և արդեն օրենքի ուժ ստացած նախագծի փոփոխություններից մեկը վերաբերում էր լրատվական կայքերում գովազդային վահանակի չափսերին, որի համաձայն՝ վահանակն իր ծավալով չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20%-ից ավելին: Գևորգ Էմին-Տերյանի պնդմամբ դա փնթի որոշում է, քանի որ հստակ ձևակերպված չէր, թե էկրանի վրա երևացող էջի մասին է խոսքը, թե մյուս էջերի, ով պետք է վերահսկի և այլն. «Մենք որպես բարեխիղճ լրատվամիջոց՝ հետևում էինք այս օրենքին, բայց կային իշխանամերձ լրատվամիջոցներ, որոնք խախտում էին այս օրենքը: Այս օրենքը ուղղված է անկախ մամուլի ոչնչացմանը, քանի որ բուքմեյքերական ընկերությունները քաղաքացիների ուշադրությունը կարող են գրավել Ֆեյսբուքում, Յութուբում և այլ հարթակներում, բացի այդ Մետրոպոլիտենի կայարաններում, փողոցներում կան նրանց գովազդային վահանակները:

Իրավաբան Լիլիա Սիմոնյանը փաստաթուղթն ուսումնասիրել է և նկատել, որ այնտեղ որևէ չափորոշիչ չկա, ներկայացված չեն նաև հետազոտություններ, թե ինչ աստիճանով կարող է այդ փոփոխությունը կրճատել խաղամոլների քանակը. «Ցավոք սրտի վերջին ժամանակահատվածում մենք հանդիպում ենք մի պրակտիկայի, երբ Օրենսդիրը իր վարչարարական բացթողումները լրացնելու փոխարեն ընդունում է իրեն հարմար իրավական ակտ (օրենքում կատարում է համապատասխան փոփոխություն), մինչդեռ ցանկացած իրավական ակտ պետք է լինի հիմնավորված և ծառայի իր նպատակին: Օրենսդրի նման պրակտիկան անընդունելի է»,- համոզված է իրավաբանը: Նրա խոսքով չի կարող որևէ պետական մարմնի հարմարավետությունը սահմանափակել որևէ սուբյեկտի, որևէ անձնի ազատությունը:

Գևորգ Էմին-Տերյանի մեկ այլ վարկածով էլ օրենքի այս նախագծի առաջ քաշումը պայմանավորված է նաև հանգամանքով, որ դաշտի ամենախոշոր բուքմեյքերական ընկերությունն, իր ունեցած իշխանամերձ կապերն օգտագործելով, փորձ է անում մենաշնորհային դաշտ ստեղծել. «Պատերազմի ժամանակ բուքմեյքերական խոշոր ընկերություններից տեսել են, որ կայքերում անջատված գովազդն իրենց եկամուտը չի պակասեցնում, բայց վախենալով, որ փոքրերը կարող են գերազանցել՝ որոշել են օրենքով արգելել, որ իրենց կայուն դիրքերը պահպանեն»:

Օրենքի նախագծում նաև նշել են, թե դրա ընդունման դեպքում պետական բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, ապա հարց է առաջանում, այդ ինչպե՞ս. եթե լրատվական կայքերի եկամուտները զգալի տոկոսով կրճատվեն, ապա տրամաբանորեն, նույնքանով կնվազի շահութահարկի և Ավելացված արժեքի հարկի ծավալը:




Լրահոս