ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան է Երևան-Մոսկվա ավիատոմսի գինը. ուղևորներին «անակնկալներ» են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանից դեպի Մոսկվա ուղղությամբ ավիատոմսերի գները զգալի բարձրացել են. ArmLur.am-ը տեղեկացավ, որ դրանց գները ապրիլի 7-ից հետո գերազանցում են 150 հազար դրամը: Օրինակ «NordStar» ավիաընկերությունն ապրիլի 9-ին Երեւանից դեպի Մոսկվա հետադարձ ուղղությամբ մեկ ավիատոմսն արժե 177 հազար դրամ: Իսկ ահա «Արմենիա» ավիաընկերությունը նշված ժամանակահատվածի համար մեկ ավիատոմսը հետադարձ ուղղությամբ առաջարկում է շուրջ 174 հազար դրամով: Մյուս՝ «Պոբեդա» ավիաընկերության առաջարկած ավիատոմսն ապրիլի 9-ից 16-ը մեկ անձի համար արժե 168 հազար դրամ:

Ընդ որում, այդ օրվա տարբեր ժամերին այն թանկանում է՝ հասնելով 180 հազար դրամի: Մեկ այլ՝ «Ural Airlines» ընկերության մեկ ավիատոմսի սահմանած գինը ապրիլի 9-ից 16-ը հետադարձ ուղղության համար կազմում է 174 հազար դրամ: «Nord Wind» ընկերությունն էլ իր հերթին մեկ անձի համար առաջարկում է հետադարձ ուղղությամբ ավիատոմս՝ 183 հազար դրամով: Մի շարք մասնագետներ համոզված են, որ ցամաքային ճանապարհի փակ մնալը որոշ չափով նպաստել են ավիատոմսերի թանկացմանը:

Տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքացիները Ռուսաստան մեկնում են փետրվարի 1-ից միայն թռիչքից առնվազն 72 ժամ առաջ իրականացված կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։

Ի դեպ, առաջիկա օրերին Եվրասիական միությունում կգործարկվի «Ճանապարհորդում եմ առանց Covid–ի» փորձնական նախագիծը։ Իսկ նախագծին մասնակցելու համաձայնություն են տվել Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Covid թեստերի տվյալների միասնական բազա է ստեղծել. երբ ուղևորը թեստ հանձնի լաբորատորիայում, արդյունքներն անմիջապես կուղարկվեն բազա, և այդ տվյալները կկարողանան տեսնել սահմանային հսկողության ծառայողները։

Նշենք, որ «Ճանապարհորդում եմ առանց Covid–ի» նախագիծը շուտով հասանելի կլինի App Store-ում եւ Google Play-ում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ս.Հ.




Լրահոս