«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԿԲԵՐԻ ՄԵԶ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ». ՊԱՏԳԱՄԱՎՈՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը օրեր առաջ Բաղրամյան պողոտայում մասնակցում էր հանրահավաքի։ Նա պնդմամբ՝ չպետք է թողնել, որ ընտրությունների օրը վրա հասնի, եւ ժողովրդի պաքարը պետք է շարունակել։

 

-Պարո՛ն Պետրոսյան, պայքարի ի՞նչ եղանակներ եք Դուք փնտրում իշխանափոխության համար:

-Պայքարի ձեւերը տարբեր են: Կան ե՛ւ սահմանադրական, ե՛ւ ժողովրդի ապստամբության եղանակները. Երկուսն էլ իրավաչափ եղանակներ են, պետք է ժողովուրդ ու շարժման առաջնորդը որոշեն, թե ինչի վրա են շեշտը դնում:

-Այսինքն՝ մինչեւ ընտրությունների օրը պետք է բողոքի ակցիաներ իրականացվե՞ն:

-Պետք չէ թողնել՝ այս ենթադրյալ ընտրությունների օրը վրա հասնի: Նախ՝ Նիկոլ Փաշինյանն այդքան քաջություն չի ունեցել՝ ասի, թե երբ է հրաժարական տալիս, հետեւաբար հիմա ընտրությունների մասին խոսելը մի քիչ գուշակելու ոլորտից է, իսկ ժողովրդի պայքարը պետք է շարունակվի: Եթե փողոց դուրս եկած մարդիկ  կրկնապատկվեն, եռապատկվեն, մենք հաջողության կհասնենք: Պետք է խայտառակ անել բոլոր այն պատգամավորներին, որոնք կուրծք են ծեծում դավաճանության մեջ մեղադրվողի համար, որոնք իրենց ելույթներում  ասում են, որ թուրքը մեր թշնամին չէ, լավ թուրքեր կան: Նրանց բոլորին պետք է երկրով մեկ խայտառակ անել, որ ամաչեն տանից դուրս գալ, իսկ պատգամավորներն էլ գոնե վերջին պահին հասկական, որ մենք երկիր ենք կորցնում: Լավ է, որ ես հիմա, այլեւս քաղաքական ուժ չեմ ներկայացնում, որ մեր ելույթները որակվեն աթոռակռիվ եւ այլն: Ես պատրաստ եմ ընդհանրապես դուրս գալ քաղաքականությունից, եթե իմանամ, որ Հայաստանի գործերը դրանից կշահեն, մեր պայքարը կհաղթի, ես պատրաստ եմ հենց հիմա դուրս գալ քաղաքականությունից: Պետք է ազգը համախմբվի, մենք երկիր ենք կորցնում: Ոչ մի կուսակցական շահ էստեղ չկա, մենք կորցնում ենք երկիր: Հրապարակվեց մի տեսանյութ, որ թուրքերը մտել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում երգում ու ծաղրում են մեզ: Դա ի՞նչ է նշանակում. ո՞ւր է մեր ազգային անվտանգությունը:

-Ամեն դեպքում, Դուք դիտարկո՞ւմ եք ընտրություններին մասնակցելու  տարբերակ ուրիշի հետ:

-Ես, ըստ էության, դեմ եմ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այսինքն՝ ոչ թե դեմ եմ ԱԺ-ի կազմը փոխելուն, էստեղ կազմ չկա: Իրանց քայլականներին ինձնից լավ եք ճանաչում:  Բայց այսօր դա չէ մեր երկիրի գլխավոր խնդիրը: Խնդիրն այն մարդուն հեռացնելն է, ում պատճառով մենք ընկանք  այս վիճակի մեջ: Թող ինքը հեռանա, ընդհանրապես լծակ չունենա ազդել արտահերթ ընտրությունների գործընթացի վրա, նոր մենք քաղաքական ուժերի հետ միասին կհամագործակցենք, կորոշենք, թե քաղաքական որ միջոցառումն է բխում մեր երկրի պետական անվտանգության, գոյատեւման ազգային շահից:

-Ձեզ որեւէ ուժի հետ կտեսնե՞նք: Ձեզ այս օրերին կապում ենք տարբեր ուժերի ու անձերի հետ: Կմիանա՞ք որեւէ մեկին: Խոսակցություններ կան նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանի հետ եք քննարկումներ ունեցել:

-Ես բոլորի հետ միշտ եղել եմ բարիդրացիական հարաբերությունների մեջ: Մյուս քաղաքական ուժերի  մեջ թշնամիներ չեմ տեսել: Կրկնում եմ, որ, իմ ընկալմամբ, մի մարդ կա, որ կարող է երկիրն այս վիճակից դուրս հանել. նա Ռոբերտ Քոչարյանն է:

-Այսինքն՝ իր հետ քննարկո՞ւմ եք ունեցել: 

-Ես իր հետ անձամբ չեմ հանդիպել, բանակցություններ կան, խոսում ենք, իրավիճակը վերլուծել ենք:

Զրուցեց ՆԱՐԻԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ՝ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆԻ ԱԱԾ-Ն

«Զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողները դիմել են ինձ եւ խնդրում են, որ իրենց որդիների մասով հարուցված քրեական գործը քննի Ազգային անվտանգության ծառայությունը»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Զինվորներ կային, որ ընդհանրապես պետք է առաջնագիծ չգնային: Մեկ ամսվա զինվորին տարել են առաջնագիծ:

 

Այնպիսի բաներ են տեղի ունեցել, որոնք քրեաիրավական բնույթի կասկածներ են առաջացնում: Պատերազմից անցել է 4 ամիս, բայց մենք անընդհատ այս վերքը թողնում ենք բաց, այս ցավը բորբոքում ենք: Եթե այս մարդիկ քննչական ծառայություններից դժգոհ են, կարելի է ընդառաջել, թող ԱԱԾ-ն քննի, ի՞նչ է պատահել: Իրենց պահանջն է, որ անպայման ԱԱԾ-ն քննի, եւ հրամանատարների մասով կոնկրետ քննություն տեղի ունենա: Պետք է տեղի ունենա գործերի բացահայտում»,- ասել է նա:

Պատգամավորի խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են Հադրութի Վանք գյուղում շրջափակման մեջ հայտնված 50 հոգու ծնողները եւ Մարտունի 2-ի 76 զինծառայողների ծնողները:

Նրա խոսքով՝ կոնկրետ դեպքում 76 զինվորների մահվան մասին է. «Եթե Հադրութը հանձնել են, դրանից երկու օր հետո այս երեխաներին ինչու են տարել Հադրութ: Ընդ որում, ծնողները նշում են, որ խաբեությամբ են տարել, ասել են՝ տանում ենք ապահով վայր: Ապահով վայրը թշնամուն հանձնված Հադրո՞ւթն է: Զինվորներին տարել են մի վայր, որտեղից ԱԹՍ-ն խոցել է, կարող էին պաշտպանված վայր տանել, տարրական ռազմագիտության տիրապետող մարդը հասկանում է՝ եթե անընդհատ ունենք օդից եկող վտանգ, ապա մենք պետք է առնվազն 7-8 մետր իրարից հեռու քայլենք, որ թիրախավորելը անհնար լինի, եւ մի հոգու համար ԱԹՍ չեն ուղարկելու»,- նշել է պատգամավորը:

Թագուհի Թովմասյանը նաեւ հավելել է, որ տարերային իրավիճակ էր պատերազմի ընթացքում, եւ հետպատերազմյան շրջանում այդ իրավիճակը շարունակվում է. «Անկազմակերպվածությունն արձանագրվել է պատերազմի օրերին. տարերային հավաք կազմակերպվեց, հետո կանգնեցվեց, մարդկանց տարան առաջնագիծ, որոնք կյանքում զենք չէին բռնել, այս տարերային վիճակը շարունակվում է հետպատերազմյան ժամանակաշրջանում եւս»,- ընդգծել է նա:

 

 

 

ՊԱՌԱԿՏՎԵԼ Է

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Երրորդ ուժ» նախաձեռնությունը դեռ չձեւավորված պառակտվել է։ Հիշեցնենք, որ այս շարժումը ձեւավորել էր «Թովմասյան» հիմնադրամի նախագահ, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը։ Ի սկզբանե այս նախաձեռնության մաս էին դարձել «Հայահավաք» նախաձեռնության անդամները՝ Արագած Ախոյանը, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը, Արշակ Զաքարյանը, Վարդան Այվազյանը եւ այլք։ Սակայն ուշագրավ է, որ հիմնադիր ասուլիսից հետո նրանց ճանապարհները բաժանվել են: ArmLur.am-ի տեղեկություններով՝ այդ որոշումը եղել է Արտակ Թովմասյանինը: Նա վերջերս մեկնել է Մոսկվա, այնտեղ հանդիպումներ ունեցել եւ վերադառնալուց հետո հայտարարել, թե այլեւս չի ցանկանում շարունակել իր ճանապարհն այդ ուժերի ներկայացուցիչների հետ: Մեր տեղեկություններով՝ նա որոշել է առանձին մասնակցել ընտրությունների: Հետաքրքիր է, որ տարեվերջին կոնսոլիդացիայի կոչով հանդես եկած եւ նոր ուժ ձեւավորել ցանկացած Արտակ Թովմասյանն իր տեղը չի գտնում եւ այդպես էլ չի կարողանում որեւէ ուժի հետ միանալ:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է

Առողջապահության նախարարությունն առաջարկում է ծնողին հնարավորություն տալ ստանձնել մահացած ծնված երեխայի հուղարկավորությունը, եթե ծնողը ցանկանում է: Նշենք, որ գործող օրենսդրությամբ մեռելածին երեխաների հուղարկավորության կամ ոչնչացման հարցը կանոնակարգված չէ. վերջիններս չեն կարող հուղարկավորվել՝ հաշվի առնելով, որ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման: Բացի այս, հաշվի առնելով այն փաստը, որ այսօր Հայաստանում փաստացի դիակիզարաններ չեն գործում, նախարարությունն առաջարկվում է մեռելածնի դին հրկիզել: Ըստ առողջապահության նախարարության՝ մեռելածինների տարեկան քանակը 2016-2019թթ. տատանվել է 600-700 միջակայքում: Հայաստանում արդեն լինում են դեպքեր, երբ ծնողները պահանջում են մահացած ծնված երեխայի դին եւ հանձն են առնում նրա հուղարկավորությունը՝ հաշվի առնելով, որ մեռելածին պտուղը կարող է լինել 500 գրամից մինչեւ 3000 գրամ եւ ավել քաշի, եւ վերջինիս պարագայում զգայական մակարդակում ծնողի կողմից ընկալվել է որպես նորածին երեխայի դի:

Նախարարության առաջարկած նախագիծը քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում, եւ այս պահին կողմ քվեարկել է մեկ անձ:




Լրահոս