ԲԵՆԶԻՆԻ ՇՈՒԿԱՆ ՉԻ ԿԱՅՈՒՆԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բենզինի շուկայում հայտնված նոր խաղացող «Ռան Օյլ» ընկերությունը մրցակիցներին «նեղացնելու» նոր տարբերակ է գտել. եթե օրեր առաջ այս ընկերությունը բենզինն ավելի էժան գնով էր վաճառում, քան մյուսները, ապա հիմա սկսել է անհատներին եւ կազմակերպություններին նամակներ ուղարկել՝ առաջարկելով կտրոնով բենզին՝ ցածր գնով:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընկերությունը Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը կտրոնով առաջարկում է 390 դրամով, Պրեմիումը՝ 410 դրամով, Դիզելը՝ 390 դրամով: Իսկ, ահա, բենզալցակայաններում նշված տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 10 դրամով թանկ: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ին «Ռան Օյլ» ընկերությունից փոխանցեցին, որ իրենք վաճառում են իրանական ծագման բենզին. «Որակապես լավն է, մենք երաշխավորում ենք, ստուգված է, չի կարող առանց ստուգվել բենզինը բերել եւ վաճառել: Եթե վնասակար է, չենք կարող մտցնել շուկա եւ վաճառել: Մեզանից ներկա պահին օգտվում են 20-30 ընկերություն, նրանք շարունակում են օգտվել, եթե վնասով լիներ, մեքենան փչացներ, չէին օգտվի, մենք ինքներս էլ ենք օգտվում: Եթե պետք է, մի հատ էլ թուղթ կստորագրենք կտանք, որ մեր բենզինը լավն է: Կանաչ գույնի բենզին է»:

Բենզինի շուկայում հայտնված նոր խաղացողին՝ «Ռան Օյլ»-ին եւ իր վարած քաղաքականությանը ArmLur.am-ը դեռ օրեր առաջ է անդրադարձել:

Մենք գրել էինք, որ իշխանական գործարար Խաչատուր Սուքիասյանի կողմից վերջերս գնված «Ռան Օյլ» ընկերությունը Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառում էր 390 դրամով, իսկ մյուս ընկերությունները՝ 420-430 դրամով։ Երբ աղմուկ բարձրացավ, ընկերությունն ընդամենը 10 դրամով բարձրացրեց գինը: Այժմ բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող երեք ընկերություն բենզինը վաճառում են նույն գնով, իսկ շուկայում հայտնված նոր խաղացողը՝ բոլորովին տարբեր գնով։ Օրինակ, «Ֆլեշ» եւ «Սի Փի Էս Օյլ» ընկերությունների բենզալցակայաններում այժմ Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 430 դրամով, Պրեմիումը՝ 450 դրամով՝ ուղիղ 30 դրամով բարձր «Ռան Օյլ»-ի սահմանած գնից:

«Ռան Օյլ»-ի անբարեխիղճ գործելաոճի հետեւանքով խնդիրներ ունեն բենզինի վաճառքով զբաղվող այս ընկերությունները. «Ռան Օյլ»-ի սահմանած ցածր գնի պատճառով ընկերությունների սպառման ծավալները նվազել են, չնայած որ այս ընկերությունները բենզին ներկրում են Ռուսաստանից, եւ սահմանած բարձր գինը հենց դրանով է պայմանավորված. ձեռքբերման գինը բարձր է:

«Ռան Օյլ»-ի դեպքում պատկերն այլ է, որովհետեւ ընկերությունը իրանական ծագման բենզին է վաճառում: Իրանում բենզինի մեկ լիտրի միջին գինը, մարտի 29-ի տվյալներով, կազմել է շուրջ 30 դրամ։ Ի դեպ, ամենաէժան բենզինը վաճառվում է Վենեսուելայում. այստեղ բենզինի մեկ լիտրի միջին գինը մարտի 29-ին կազմել է շուրջ 10 դրամ։ Նկատենք, որ բենզինի ցածր գնով Վենեսուելային հաջորդող երկիրը Իրանն է, որտեղից Հայաստանը ե՛ւ նախորդ, ե՛ւ այս տարի մեծ քանակությամբ բենզին է ներկրել։ Այս դեպքում հարց է ծագում՝ ինչու է 30-դրամանոց բենզինը Հայաստանում վաճառվում է տասնյակ անգամ թանկ գնով։ Եթե այս ընկերությունը ներկրում է իրանական ծագման բենզին էժան գնով, ապա ինչո՞ւ է այն շարունակում թանկ գնով վաճառել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՆԱՍՆԱՊԱՀԸ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, ով Դիլիջանի պետական քոլեջն  է ավարտել, Թեղուտ գյուղի  վարչական  ղեկավար է նշանակել միջնակարգ կրթությամբ անձին։ 2020թ. փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, միջնակարգ-մասնագիտական կրթությամբ, 2001-2006թթ. Դիլիջանի պետական  քոլեջում սովորած, այժմ  Եվրոպական համալսարանի տնտեսագիտական  ֆակուլտետում  հեռակա սովորող Դավիթ Սարգսյանը  Թեղուտ գյուղի  վարչական ղեկավար է  նշանակել Վախթանգ  Թամրազյանին։

Մոտ 30 տարեկան Վախթանգ  Թամրազյանը միջնակարգ դպրոցն է ավարտել, ոչ մի  հիմնարկում չի աշխատել, զբաղվել է իր գյուղացիական տնտեսությամբ՝ անասնապահությամբ։ Նրա հայրը էլցանցի «Հաղարծին» տեղամասի պետն է։ Համագյուղացիները  Վախթանգին  բնութագրում են որպես բարի մարդու, սակայն տարակուսում են, որ միջնակարգ կրթությամբ, պետական կամ մասնավոր հիմնարկներում  աշխատանքային փորձ չունեցող  անձը ինչպես է  կատարելու գյուղի վարչական ղեկավարի գործը։

Վախթանգ Թամրազյանից առաջ Թեղուտի վարչական ղեկավարը Արարատ  Թամրազյանն էր։ Դիլիջան համայնքի աշխատակազի քարտուղար Սոնա Եգանյանից տեղեկացանք, ոը համայնքի ղեկավարի փոփոխությունից, Դավիթ Սարգսյանի նշանակվելուց հետո, «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքների համաձայն, Դիլիջանի համայնքապետարանում հայեցողական պաշտոններ ունեցողներն  օրենքի ուժով ազատվել են աշխատանքից։ Դիլիջան համայնքի ղեկավարի  տեղակալ Արա Մարտիրոսյանի փոխարեն համայնքի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արման Բազինյանը, համայնքի ղեկավարի  մամուլի խոսնակ, համատեղությամբ համայնքապետարանի «Դիլիջան» թերթի երկարամյա խմբագիր Ալբերտ Սիմոնյանի փոխարեն  համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ է նշանակվել Նելլի Ամիրյանը, համայնքի ղեկավարի օգնական Կարեն  Սաղաթելյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Յուրի Ալիխանյանը: Իր  պաշտոնից ազատվել է  համայնքի ղեկավարի  խորհրդական Պապիկ Թամամյանը, մյուս խորհրդական Լեւոն Ավագյանը արձակուրդ է վերցրել։

Համայնքի աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ եղել են նաեւ սեփական դիմումով համայնքապետարանում այլ պաշտոնների նշանակումներ: Համայնքապետարանի   քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի առաջատար բաժնի մասնագետը  նշանակվել է նույն բաժնի պետի ժամանակավոր  պաշտոնակատար, նշված բաժնի մասնագետ Աշոտ Թամրազյանը նշանակվել  է համայնքի ղեկավարի խորհրդական։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ    

Տավուշ

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններից մեկը շարունակում է բուռն քննարկման առիթ հանդիսանալ: Վերջինս, խոսելով բուհական համակարգի մասին, ասել էր. «Քանի որ բուհերի շենքերը գտնվում են կենտրոնում, հանենք վաճառքի, ձեւավորված գումարներով Երեւանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինի մեր բուհական, դասախոսական, գիտական պոտենցիալը»:

 

Նման ակադեմիական քաղաք ունենալն առաջին հերթին մեծ ներդրումներ է պահանջում, սակայն Հայաստանի պարագայում նախադեպեր կան, երբ շենքեր են աճուրդի հանվում, սակայն գնորդ այդպես էլ չի լինում:

Դեռ 2012 թվականին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը գնել էր ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքը, որտեղ տեղակայված էր Արտաքին գործերի նախարարությունը: Գործարքի արժեքը 20,6 մլրդ դրամ էր կազմում, եւ շենքը  վերանորոգումից հետո պետք է դառնա հինգաստղանի հյուրանոց: Սակայն այդ գնումից անցել է արդեն 9 տարի, սակայն Էռնեկյանի առաջարկած ծրագիրն այդպես էլ իրականություն չդարձավ:

Մեկ այլ ավելի թարմ օրինակ է «Գոլդեն Փելիս» հյուրանոցի հետ կապված իրավիճակը: Հիշեցնենք՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը որպես նվիրատվություն պետությանն է փոխանցել Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը: Կառավարությունը մոտ մեկ ամիս առաջ է որոշել հյուրանոցային համալիրի շենք-շինությունները, հյուրանոցի ներսում առկա շարժական գույքն օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ, սակայն ամեն անգամ աճուրդը չի կայանում, եւ հյուրանոցի գնորդ այդպես էլ չի գտնվում:

Հիմա էլ այս ամենն աչքի առջեւ որպես օրինակ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ ցանկանում է ակադեմիական քաղաքներ կառուցել, եւ բուհերի ներկայիս շենքերն էլ կհանվեն աճուրդի: Սակայն ո՞վ պետք է գնի այդ շենքերը, երբ հայաստանյան շատ գործարարների հաշիվներ կալանքի տակ են, կամ երբ իշխանությունը հասարակությանը բաժանում է «սեւերի» եւ «սպիտակների» եւ առավելություն է տալիս միայն իր շրջապատին: Պատահական չէ, երբ, անգամ համացանցում առկա տեղեկությունների համաձայն, այդ շենքերը վաճառվելու են թուրքերին:

 




Լրահոս