ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանում տնտեսական աճը 2021-ին կհասնի 3.4 տոկոսի: Այս մասին ասված է բանկի Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսական զարգացումների գարնանային զեկույցում: «2020 թվականի Հայաստանը տարածաշրջանում ունեցավ ՀՆԱ-ի կտրուկ կրճատումներից մեկը` 7.6 տոկոս, COVID-19- ի բռնկումը եւ տարեվերջին Ադրբեջանի հետ ռազմական բախումը ազդեցին արդյունքների վրա: Ենթադրվում է, որ 2020 թվականին աղքատությունն աճել է 7 տոկոսային կետով: Տնտեսության վերականգնումը կլինի աստիճանական»,-ասված է զեկույցում:

 

Համաշխարհային բանկն իր զեկույցում հիշեցրել է, որ կորոնավիրուսի համավարակից առաջ Հայաստանը աստիճանաբար բարելավում էր իր գործարար միջավայրը: «Հաստատում էր տնտեսական խելամիտ կառավարման ռեկորդ, որն ամրապնդվում էր ուժեղ հարկաբյուջետային կանոնով, գնաճի համար նպատակաուղղված դրամավարկային քաղաքականության շրջանակով եւ ֆինանսական ոլորտի վերահսկողությունը բարելավելով: Իշխանությունները սկսեցին բարեփոխումների հավակնոտ ծրագիր, որը նպատակաուղղված էր կառավարման ամրապնդմանը 2018-ին: Տնտեսական աճն ուժեղ էր՝ 2018 եւ 2019 թվականներին միջինը կազմելով 6,4 տոկոս»,-նշել են բանկից:

Զեկույցում ասվում է, որ չնայած Հայաստանի բարեփոխումների առաջընթացին՝ կառուցվածքային մարտահրավերները թույլ չեն տվել, որ երկիրը հասնի իր ամբողջ ներուժին: Մարտահրավերների համատեքստում նշվում է կառավարման բացերի՝ դատաիրավական թերի բարեփոխումների եւ այլնի մասին՝ շեշտելով, որ աշխարհաքաղաքական լարված իրավիճակն ավելի է սրում այդ մարտահրավերները:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի առաջընթացը ձախողվել է 2020-ին երկու ցնցումների՝ համավարակի եւ Արցախի պատերազմի պատճառով: 2020 թվականին իրական ՀՆԱ-ն անկում է ապրել 7,6 տոկոսով:

«Նախատեսվում է, որ ՀՆԱ-ի աճը մասամբ կվերականգնվի 2021-ին՝ 3,4 տոկոս, եւ ավելի ուժեղ՝ 2022 թվականին՝ 4,3 տոկոս: Վերականգնումը դանդաղ կլինի. մինչեւ 2023 թվականը տնտեսությունը դժվար թե վերադառնա մինչեւ COVID-ը եղած արտադրանքի մակարդակին»,-ասված է զեկույցում:

Համաշխարհային բանկը նկատել է, որ, նախնական սցենարի համաձայն, ենթադրվում է, որ իշխանությունները չեն կիրառի լրացուցիչ արգելափակումներ, սահմանափակումներ 2021 թվականին:

Զեկույցում նշված է՝ ակնկալվում է, որ մասնավոր սպառումը եւ ծառայությունների ոլորտը աստիճանաբար կվերականգնվեն: Մասնավոր ներդրումները, ամենայն հավանականությամբ, կմնան զսպված՝ արտացոլելով ներդրողների թույլ վստահությունը: Հետկոնֆլիկտային մեծ ծախսերը եւ հանրային ներդրումների հավակնոտ ծրագրերը, չնայած մեղմված են կատարման մարտահրավերներով, սակայն կբարձրացնեն հարկաբյուջետային դեֆիցիտը եւ միջնաժամկետ հեռանկարում պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կբարձրացնեն 70 տոկոսից:

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ միջին գնաճը կմնա մոտ ՀՀ ԿԲ-ի 4 տոկոսանոց նպատակին, բայց կարող է աճել, եթե պարենի եւ վառելիքի համաշխարհային գները շարունակեն անսպասելիորեն բարձրանալ: Ակնկալվում է, որ օտարերկրյա ներդրումների հոսքերը կզսպվեն, բայց պետական փոխառությունները միջնաժամկետ հեռանկարում պահուստները կպահեն հարմարավետ մակարդակի վրա:

 

 

 

ԳՆԱՃԻ ԶԳԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ

Հայաստանում պահպանվում է գնաճային սպասումների զգալի ավելացում: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ կենտրոնական բանկի Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր I եռամսյակ 2021թ. Դրամավարկային քաղաքականության 2020թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունից։ Հաշվետվությունում, մասնավորապես, նշվում է. «Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի շարունակվող տարածման, ՀՀ-ում դեռեւս նախորդ տարեվերջից հայտարարված ռազմական դրության ու դրանց հետեւանքով տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշության պայմաններում Հայաստանում շարունակվում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն ու գնաճային սպասումների զգալի ավելացում»:

ԿԲ գնահատմամբ՝ գնաճային միտումները հիմնականում պայմանավորված են եղել առաջարկի գործոններով, այդ թվում՝ միջազգային ապրանքային շուկաներից փոխանցվող գնաճային ազդեցություններով, ինչպես նաեւ դրամի արժեզրկմամբ։

ԿԲ բազային սցենարի համաձայն՝ առաջիկա եռամսյակներում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում։ «Դա պայմանավորված կլինի հիմնականում առաջարկի կարճաժամկետ գործոններով, որոնց ազդեցությունն աստիճանաբար կչեզոքանա՝ արտահայտելով միջնաժամկետ գնաճի՝ դեպի ներքեւ ճշգրտմամբ»,-ասված է Կենտրոնական բանկի հաշվետվությունում։ Հաշվետվությունում նշվում է, որ  հաշվի առնելով գնաճային գործոնների կարճաժամկետ բնույթը՝ առաջիկայում  Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունն ուղղված կլինի գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացմանը՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնմանը։ «Միջնաժամկետ հատվածում տնտեսական աճը  որոշ չափով կվերականգնվի, սակայն միայն հորիզոնի վերջում կմոտենա  գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակին՝ պայմանավորված արտադրողականության ու ներդրումների սպասվող ցածր աճի միտումներով»,-նշվում  ԿԲ հաշվետվության մեջ։

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՈՎ

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Արամ Պողոսյանի որոշմամբ սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գործը հարուցվել է ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ մարտի 30-ին Քյարքիի ոլորաններում գլխիվայր շրջված ավտոմեքենայի մոտ հայտնաբերված Երեւանի բնակիչ, 51-ամյա Ժիրիկ Շաջանյանի դիակի հայտնաբերման փաստով։ Նշենք, որ վերջինս ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից փնտրվում էր որպես անհետ կորած։ Դատաբժշկի կողմից դիակի արտաքին զննությամբ պարանոցի վրա հայտնաբերվել է փաթաթած կպչուն ժապավեն։

 




Լրահոս