Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի 5-րդ տարին: Եվ մինչ թվում էր՝ ապրիլյան պատերազմը պետք է դաս լինի բոլոր իշխանությունների համար, 2020 թվականի 44-օրյա պատերազմն ավելի ցավոտ հետեւանքներ ունեցավ, անդառնալի կորուստներ կրեցինք: Մինչեւ 44-օրյա պատերազմը ներկայիս իշխանությունները խոստանում էին բացահայտումներ կատարել նախորդ իշխանությունների արարքների մասին եւ այդ նպատակով խորհրդարանում անգամ ստեղծել էին 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Ժամանակավոր նախագահ Անդրանիկ Քոչարյանը հոխորտում էր, թե բացահայտումներ են անելու, որ նախորդ իշխանությունների օրոք պատերազմը պայմանավորված է եղել, զենք ու փամփուշտ չի եղել եւ այլն։ Հանձնաժողով էր այցելել անգամ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն շուրջ երկու տարվա գործունեությունից հետո ունենք մի իրավիճակ, երբ ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունն այդպես էլ չհրապարակվեց, եւ ավելին՝ ուսումնասիրությունների ընթացքում պարզ դարձավ, որ շատ բաներ պարզապես միֆ են եղել: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր. «Բանակային յուրաքանչյուր միջոցառում վերլուծվում, եւ արդյունքներն ամփոփվում են։ Ի՞նչ եք կարծում, ապրիլյան պատերազմը չի՞ վերլուծվել, դասեր չե՞ն քաղվել։ Անկասկած քաղաքացիական վերահսկողությունը ԶՈՒ նկատմամբ, նոր, թարմ հայացքն ինչ-որ մի բան կարող է հուշել, բայց նորից եմ ասում՝ ես լինեի, այդ հանձնաժողովը չէի կազմի»: Ի պատասխան՝ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանն ասել էր. «Սեյրան Օհանյանը սարսափի մեջ է, թող հանգստացնող դեղեր խմի, հանգիստ նստի տեղը»: Բայց այսքանից հետո Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովն այդպես էլ չկատարեց իր առջեւ դրված խնդիրը, եզրակացության հրապարակումը ընդհանրապես դարձավ հակաօրինական, իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո անհրաժեշտություն է առաջացել քննել արդեն այս իշխանությունների արարքները: Մինչ այդ պետք է արձանագրել, որ մեր հողերի հանձնման գործընթացի սկիզբը դրվեց 2016 թվականին՝ Լելե Թեփեի բարձունքով։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն այս օրերին ցուցակագրումներ են իրականացնում: Կարծես թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մտքում եւ մտերմիկ շրջանակում բանավոր կարգով կազմել է առաջիկա արտահերթ ընտրությունների ցուցակը: Մենք տեղեկացանք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թիմը սեւ ցուցակում է, ու նրանցից մեկ երկու հոգի հազիվ թե հայտնվեն նոր ընտրացուցակում: Ապագա խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, չեն լինի Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Սերգեյ Ատոմյանը, Լուսինե Բադալյանը, Անուշ Բեղլոյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Կարեն Գրիգորյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, ում ամուսինը ԱԺ նախագահի օգնականն է, Համազասպ Դանիելյանը, ում կինը Երեւանի ավագանու անդամ է, Արթուր Դավթյանը, Միքայել Զոլյանը, Հովհաննես Իգիթյանը, Աննա Կարապետյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Կարապետ Մխչյանը, Կորյուրն Մկրտչյանը, Էմմա Պալյանը, Եղիշե Սողոմոնյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վանիկ Օհանյանը եւ, չի բացառվում, մի քանի այժմյան պատգամավորներ եւս: Առաջիկայում կներկայացնենք «Իմ քայլ»-ի մերժվածների մյուս խմբին։
Ազգային անվտանգության ծառայության նորահայտ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, պարզվում է, մինչեւ Լոռու մարզի դատավոր նշանակվելը աշխատել է ոստիկանական համակարգում: Անդրանիկ Սիմոնյանը բավականին երիտասարդ է, ընդամենը 31 տարեկան, սակայն Արգիշտի Քյարամյանի օրինակով արդեն հասցրել է տարբեր պաշտոններ զբաղեցնել: Նա 2009-2012 թվականներին աշխատել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնում նախ` որպես տեսուչ, ապա` ավագ տեսուչ, նաեւ օպերլիազոր: Ապա չորս տարի եղել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ: Արդեն 2020 թվականի հունիսի 22-ին նա նշանակվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Պաշտոնական կենսագրության համաձայն՝ Անդրանիկ Սիմոնյանը սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում եւ Կառավարման ակադեմիայում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի կոչում: Սակայն հետաքրքիր է, որ «Քննչական կոմիտեի» մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «Քննչական կոմիտեում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանի Հանրապետությունում բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին»: Նկատենք, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվելով է հենց հնարավորություն ստեղծվել պաշտոն ստանալ ԱԱԾ-ում, սակայն փաստ է, որ Անդրանիկ Սիմոնյանն իր այս կարիերայի թռիչքներին հասել է ուրիշների շնորհիվ: Հիմա նրա հովանավորը «Իմ քայլ»-ի քարտուղար Հակոբ Սիմիդյանն է։
Հայաստանում ավտոմեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել. անհայտ անձինք գողանում են մեքենաների համարանիշները՝ ե՛ւ դիմացի, ե՛ւ հետեւի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին տարիներին համարանիշի գողության դեպքերը Հայաստանում մեծ տարածում են գտնում, իսկ ՀՀ ոստիկանությունը, կարծես թե, ոչինչ չի ձեռնարկում դրանք բացահայտելու եւ կանխելու ուղղությամբ։ Այս մասին են խոսում նաեւ թվային տվյալները, որոնք, ի դեպ, մեզ են տրամադրել ՀՀ ոստիկանությունից: Այսպես, նախորդ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է ավտոմեքենայի հաշվառման համարանիշերի գողության 319 դեպք, որից բացահայտվել է 31-ը, իսկ այս տարվա հունվարի 1-ից մինչեւ մարտի 23-ը արձանագրվել է 156 դեպք, որից բացահայտվել է 3-ը։ Ըստ ՀՀ ոստիկանության՝ 2020 թվականի ընթացքում արձանագրված 319 դեպքերից 15-ով գողացվել է հաշվառման 1 համարանիշ։ Ի դեպ, պետհամարանիշները գողանալուց հետո հանցագործները մեքենայի դիմապակու վրա թողնում են գրություններ եւ առաջարկում Viber-ով կապ հաստատել իրենց հետ, ապա պահանջում համարանիշների վերադարձի դիմաց կլորիկ գումար վճարել՝ լավ իմանալով, որ ճանապարհային ոստիկանությունը, ըստ օրենքի, միանգամից երկու պետհամարանիշները չի վերականգնում։ Տպավորություն է, թե ոստիկանության որոշ օղակների գիտությամբ են թաղային գողերը վարորդների հաշվին բիզնես անում։