ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ԴԵՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին: Ըստ Սամսոնյանի՝ պետք է ուշադիր հետեւել, թե ովքեր են դեմ խոսում վարկանիշային ընտրակարգին. այն անձինք, ովքեր վարկանիշ չունեն ու չեն կարող որեւէ մարզում իրենց անձով ընտրվել:

 

-Իշխանությունը վճռական է տրամադրված Ընտրական օրենսգրքի հետ կապված, քանի որ որոշեցին, ի վերջո, մի հատված փոխել. պատրաստվում են համամասնական ընտրակարգով գնալ ընտրությունների: Շարունակո՞ւմ է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ լինել Ընտրական օրենսգրքի այդ հատվածին:

-Այո, մենք դեմք ենք այս փոփոխություններին, քանի որ այն ենթադրում է փակ համամասնական ընտրակարգ: Եթե ուշադիր լինեք, թե ովքեր են այս փոփոխությունների շուրջ ելութ ունենում իշխանությունից, ապա պարզ կդառնա այն պատգամավորների պատկերը, որոնք լոբինգ են անում, որպեսզի այս Ընտրական օրենսգիրքը ընդունվի: Դրանք պատգամավորներ են, որոնք ռեյտինգ չունեն, չեն կարող ռեյտինգային քարոզարշավ անել, այս ընթացքում չեն կարողացել բավարար վարկանիշ հավաքել, որպեսզի կարողանան իրենց ծրագրերով, իրենց անձով, որպես պատգամավոր ներկայանալ մարդկանց: Եվ այդ մարդիկ պատերազմից հետո ունեն խորը խնդիրներ՝ գնալու բակեր, առաջադրվելու, մարդկանց համոզելու, որ իրենք պիտի ընտրվեն: Այսինքն՝ իրենց ձեռք է տալիս, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կազմի, իրենք էլ, գիշեր-ցերեկ քծնելով Նիկոլ Փաշինյանին, փորձեն այդ ցուցակում գտնել ինչ-որ խոշոր տեղ: Սա ռումբ է խորհրդարանի համար, քանի որ մենք ունենալու ենք մի իրավիճակ, որտեղ խորհրդարանը բացղկացած է լինելու կուսակցական էլիտաներից, չեն լինելու  մարզային ներկայացուցիչներ: Ինձ համար նաեւ զարմանալի էր, որ այս մարդիկ համայնքային համամասնական ընտրակարգը համեմատում են  խորհրդարանական համամասնական ընտրակարգին: Դա պարզ աբսուրդ է: Իշխող մեծամասնության ներկայացուցիչները չեն տարբերում համայնքը պետության խորհրդարանից:

-Դուք կարծում եք, որ իշխանության մի հատվածն է ցանկանում գնալ ընտրությունների համամասնական ընտրակարգով, այն մարդիկ, որոնք վարկանիշ չունեն: Այդպե՞ս է:

-Այո, ես գիտեմ, որ կան խորը հակասություններ ներսում, կան մարզային պատգամավորներ, որոնք այս ընթացքում գնացել-եկել են մարզեր, ինչ-որ բաներ են արել, այդ մարդիկ հնարավորություն ունեն նորից առաջադրվելու:

-Փաստորեն, իրենք 2018թ. գնացե՞լ են այս նույն ընտարկարգով:   

-Այո, եւ ստացվել է այնպես, որ ընտրվել են մարդիկ, որոնք չեն համապատասխանում իրենց բնութագրած անձերին: Եղել է քաղաքական կամք: Մենք միշտ մտածել ենք, որ ռեյտինգային համակարգը վատն է, բայց այն վատն է եղել այն պատճառով, որովհետեւ գործող իշխանությունը չարաշահել է այդ համակարգը: 2018թ.-ը  ցույց տվեց, որ ռեյտինգային համակարգը ինչ ընտրակարգ էլ լինի, եթե լինի քաղաքական կամք, ընտրությունները կանցնեն նորմալ, իրենց բնականոն հունով: Եվ այդ ռեյտինգային կարգի շնորհիվ է, որ այսօր խորհրդարանում կան բավարար չափով ներկայացված մարզային պատգամավորներ: Ես որքան էլ Աժ ամբիոնից բարձր խոսքեր հնչեցնեն, ինչ-որ հարցեր բարձրացնեն, միեւնույնն է, մարզի մարդիկ կպած են այդ մարզի հողին, իրենք գիտեն, ամեն օր գնում-գալիս են, հասկանում են այդ մարդկանց լեզուն: Սա շատ լուրջ խնդիր է դառնալու:

-Պե՞տք է իշխանությունը ընդդիմության հետ կոնսենսուս ունենա, որպեսզի կարողանա փոխել այս ընտրակարգը: Եթե կոնսենսուս չլինի, իշխանությանը կհաջողվի՞ իրականացնել փոփոխություն:

-Վարչապետն ասել է, որ եթե կոնսենսուս չլինի, մենք չենք ընդունելու, բայց հետո արտաքին ճնշումը մեծացավ հենց այն մարդկանց կողմից, որոնք ռեյտինգային պատգամավոր չեն: Ընտրական օրենսգրքի վրա աշխատում են մարդիկ, որոնք ո՛չ պատկերացում ունեն կոսակցությունների աշխատանքից, ո՛չ էլ ընտրակարգից ու, առհասարակ, ընտրություններից:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

Ո՞ՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ ՎԱՐՁԵՐԸ

Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումն արդեն մի քանի տարի է, ինչ անմխիթար վիճակում է: Այս գետնանցումն արեւլյան շուկա է հիշեցնում, մինչդեռ մի քանի մետր հեռավորության վրա գտնվող մյուս՝ Իսահակյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկի անցումը՝ «Մետրոնոմ»-ը, վերանորոգված է, կահավորված, մաքուր, կոկիկ:

 

Թե ինչն է խոչընդոտում քաղաքային իշխանություններին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումը նորոգել, ավելի գեղեցկացնել, թերեւս հայտնի է: Այս անցումի կրպակատերերը բանավոր զրույցում ասացին, որ տաղավարների վարձերը վճարում են քաղաքապետարան, ապա նկատեցին, որ այդ գումարները մասնավորապես տնօրինում է Երեւանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը: Բայց այս մասին կրպակատերերը տեսախցիկի առաջ վախեցան խոստովանել: Ստացվում է, որ պաշտոնյան, որը պետք է եկամուտ ապահովի քաղաքային բյուջեի համար, իր օգտին է աշխատում:

ArmLur.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց Արմեն Հարությունյանի հետ, եւ փոխանցեցինք, որ մեզ հայտնի է դարձել, թե ինքը հսկիչ է ուղարկում, որն ամեն օր մոտենում է կրպակատերերին եւ վերցնում գումարը: Մեր հարցին ի պատասխան՝ Հարությունյանն արձագանքեց. «Ծիծաղելի է, աբսուրդ է, նման բան չի կարող գոյություն ունենալ: Ի՞նչ է նշանակում, որ ես տնօրինում եմ այդ վարձակալության գումարները, եթե իրենք պայմանագիր ունեն կնքած եւ պայմանագրով իրենք վճարում են ու վճարում են համայնքի բյուջե: Պաշտոնապես ես հայտարարում եմ, որ նմանատիպ բան չկա, դա հերյուրանք է, որեւիցե մեկին ես չեմ կարող ուղարկել, ես չունեմ էլ մարդ, որ ուղարկեմ: Ես իմ աշխատանքային շրջանակներում իրականացնում եմ իմ գործունեությունը»: Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ փոքր Կենտրոնում տեղադրված գովազդային վահանակներից ստացված հասույթը եւս տնօրինում է Արմեն Հարությունյանին պատկանող ընկերությունը, սակայն Հարությունյանը, լսելով այս տեղեկությունը, հայտարարեց, որ նման բան չկա: Բացի այս, կրպակատերերից մի քանիսը տաղավարների վարձերը վճարում են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմ: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով ArmLur.am-ը փորձեց զրուցել համայնքի ղեկավար Ավետ Պողոսյանի հետ, սակայն վերջինս չբարեհաճեց աշխատասենյակից դուրս գալ: Մեզ ընդամենը հետաքրքրում էր, թե ինչու Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումը չի նորոգվում, կոկիկանում: Պարզվում է, որ Կենտրոնի փողոցների փնթիության ու կեղտի հետ Ավետ Պողոսյանը վաղուց է համակերպվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԾԽԱԽՈՏԻ ԳՆԱՃ

Հայաստանի ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերջին օրերին թանկացել է հիմնականում ներմուծված ծխախոտը: Մեզ հայտնի դարձավ, որ «Sobranie» տեսակի ծխախոտի մեկ տուփը 715 դրամից թանկացել է՝ դառնալով 760 դրամ, «Parlament»-ը 910 դրամից դարձել է 960 դրամ: Ի դեպ, «Marlboro» տեսակի ծխախոտի մեկ տուփը եւս թանկացել է 40 դրամով՝ 770 դրամից դառնալով 810 դրամ: Նշենք, որ «Winston» տեսակի սիգարետը թանկացել է 30-50 դրամով. որոշ խանութներում այն նախկինում վաճառվում էր 550 դրամով, որոշներում՝ 570 դրամով, այժմ այն արժե 600 դրամ: Քանի որ ծխախոտի նշված տեսակները ներկրված են, այն թանկացել է դոլարի փոխարժեքի պատճառով, իսկ դոլարի բարձրացման պատճառները համավարակի աճող թվերն են, պատերազմն ու խուճապային տրամադրությունները:

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԽԱԼԸ

Երեկ Ազգային ժողովում հրավիրվել էր արտահերթ նիստ: Օրակարգում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն էր: «Սիրելի՛ ժողովուրդ, ձեր անունը շահարկելով՝ արվում է հերթական սխալ քայլը: Առանց ընդդիմադիրների ընդունվում է Ընտրական օրենսգիրքը, եւ ընտրությունների լեգիտիմությունը այսօրվանից կասկածի տակ է դրվում: Ձեզ զրկում են նախագահ, քաղաքապետ, պատգամավոր ընտրելու իրավունքից. եթե ժողովուրդն է ընտրում, ուրեմն հանցագո՞րծ է ընտրում: Ձեր 44-ից ո՞վ է հանցագործ: Այս Ընտրական օրենսգրքով դուք փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը, սա լինելու է ձեր ավարտը, որովհետեւ որ ուժը իր համար Սահմանադրություն կամ Ընտրական օրենսգիրք է ընդունել, ինքն իր գլուխը կտրել է»,- հայտարարել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

 

 

 

ԽՆԴԻՐ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ

«Շուտով կսկսվեն նաեւ պատվաստումները, եւ հակահամաճարակային կանոնները պահելով՝ քարոզարշավի հետ կապված որեւէ խնդիր չենք ունենա»,- ասել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հիմա քարոզարշավ է տեղի ունենում, որի ժամանակ քաղաքացիներն առանց դիմակ են, Նարեկ Զեյնալյանը նկատեց՝ քարոզարշավ տեղի չի ունենում, դրանք ընդամենը վարչապետի մարզային այցելություններն են. «Թվերը սկսել են աճել մոտ մեկ ամիս առաջ, եւ դա ամենեւին պայմանավորված չէ վարչապետի մարզային այցելություններով։ Արվում է առավելագույնը, որպեսզի կորոնավիրուսի տարածումը կառավարելի լինի։ Այս պահին 20 բուժհաստատություն ներգրավված է բուժօգնության պրոցեսի մեջ, պոլիկլինիկաներն ամբողջ թափով իրականացնում են իրենց առջեւ դրված գործառույթները։ Բնակչության զգոնությունը եւս կարեւոր է»,- նշել է  պատգամավորը։

 




Լրահոս