ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն երեկ արտահերթ նիստում առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ըստ այդմ՝ ընտրական համակարգից հանվում են ռեյտինգային ցուցակները, կմնան միայն պարզ համամասնականները։

 

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» քվեարկությանը չմասնակցեց, իսկ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներն ընդհանրապես չէին ներկայացել նիստին։ Այսպիսով, իշխող ուժի երկու պատգամավորների եւ որեւէ խմբակցությունում չընդգրկված պատգամավորներ Արման Բաբաջանյանի եւ Սերգեյ Բագրատյանի հեղինակած նախագիծը ստացավ 82 կողմ ձայն։

«Կա հստակ հանրային պահանջ եւ լայն համախոհություն, եւ հենց այս փուլում մենք պետք է այս փոփոխությունն ընդունենք եւ հրաժարվենք ռեյտինգային ցուցակներից: Այս հարցում բոլորս ենք համակարծիք: Եվ այսօր մենք հենց դա պետք է անենք»,- հայտարարեց օրինագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իշխանական խմբակցությանը մեղադրեց ստախոսության մեջ։

«Ես պլանավորել էի ոչ մի հարց չտալ, ամենայն անկեղծությամբ, ուղղակի, եթե ամբիոնից սուտ տեղեկություն չներկայացվեր, ձայն չէի վերցնի։ Դուք Վենետիկի հանձնաժողով եք ուղարկել մի նախագիծ, Վենետիկը կարդում է մի հատ ուրիշ նախագիծ, ու խորհրդարան եք բերել արտահերթով ընդունելու մի հատ ընդհանրապես ուրիշ նախագիծ. ո՞ւմ եք ուզում մոլորեցնեք, խաբեք, մտածում եք, որ էդ մարդիկ չե՞ն տեսնում, որ ուրիշ բան ուղարկել, ուրիշ բան ընդունում եք», – ասաց Մարուքյանը։

Հովակիմյանը հակադարձեց՝ այն, ինչ որ այս փոփոխությամբ առաջարկվում է, առկա է մեծ փաթեթում։ «Այսինքն՝ այստեղ չկա որեւէ նորություն, որը որ Վենետիկի հանձնաժողով չի ուղարկվել։ Այստեղ ընդամենը տարբերությունը կայանում է նրանում, որ այն մեծ փաթեթից որոշ կարգավորումներ ավելի շուտ են առաջարկվում ընդունել»։

Հիշեցնենք՝ իշխող ուժը որոշել է հրաժարվել վարկանիշային ցուցակներից եւ հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել փակ համամասնական կարգով։ ԼՀԿ-ն թեեւ դեմ է, իր բնորոշմամբ, խորհրդարանական ընտրություններից առաջ խաղի կանոնների փոփոխությանը, սակայն հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին՝ ցանկացած ընտրակարգով։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ եթե հունիսին նախատեսված արտահերթ ընտրություններից առաջ խաղի կանոնները փոխվում են, ապա կասկածի տակ է դրվում խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը. «Վենետիկի հանձնաժողովին խաբել եք, ուրիշ նախագիծ եք ուղարկել, ուրիշ նախագիծ ընդունում եք։ Եվ ես պաշտոնապես հայտարարում եմ, որ էս պահից սկսած՝ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է, սակայն դուք ձեր ընդունած Ընտրական օրենսգրքով փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը։ Սա լինելու է ձեր ավարտը, որովհետեւ որ ուժը որ իր համար Սահմանադրություն է ընդունել կամ Ընտրական օրենսգիրք, ինքն իր գլուխը կտրել է»։

«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունենալիս Ռուբեն Ռուբինյանն ընթերցեց Էդմոն Մարուքյանի նախկին ելույթներից մի հատված՝ հայտարարելով, թե վերջինս միշտ կողմ է արտահայտվել պարզ համամասնական ընտրակարգին. «Հիմա ունենք այդ ռեյտինգային համակարգի վերացման շանս։ Այո, խաղի կանոնները փոխվում են ընտրություններից անմիջապես առաջ, բայց խաղի կանոնները լիբերալացվում են։ Կրկին ոչինչ չունեմ ավելացնելու, ստորագրում եմ 2018 թվականին Էդմոն Մարուքյանի հնչեցրած փաստարկի տակ։ Շարունակությունը՝ ժամկետների վերաբերյալ, հիշեցնում եմ, որ 2018 թվականին, երբ որ պարոն Մարուքյանն ունենում էր այս ելույթը, ընտրություններին մնացել էր ընդամենը 45-50 օր»։

Ն.Հ.

 

 

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կառավարության որոշմամբ՝ Հայկ Չոբանյանն ազատվել է Տավուշի մարզպետի պաշտոնից: Կառավարության նիստում նշվել է, որ Հայկ Չոբանյանը նշանակվելու է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: Վարչապետի որոշմամբ՝  Ստեփան Ծատուրյանն ազատվել է ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնից. վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Քաջայր Նիկողոսյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ:

 

 

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՌԻՍԿԵՐ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ռիսկերը նվազագույն են: Նման գնահատական նա տվել է՝ ընդունելով Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկին։ «Հետկոնֆլիկտային իրավիճակն ընդհանուր առմամբ դրական է զարգանում, էսկալացիայի ռիսկերը նվազագույն են»,- ասել է Ալիեւը:

 

 

 

ՊԵՏԴԵՊԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2020-ին Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը, որում անդրադարձ է արվում ՄԻ-ին առչվող մի շարք ոլորտների: Զեկույցի հեղինակներն անդրադարձել են արցախյան պատերազմի ընթացքում Բաքվի կատարած հանցագործություններին։ Բացի այդ, նրանք ընդգծել են պատերազմին Թուրքիայի մասնակցության փաստը: «Այն բանից հետո, երբ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, վերականգնեց վերահսկողությունը չորս շրջանների նկատմամբ, որոնք 1994 թվականից ի վեր վերահսկվում էին «անջատողականների» կողմից, Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նոյեմբերի 9-ին հայտարարված հրադադարի ռեժիմը հանգեցրեց երեք լրացուցիչ շրջանի վերահսկողության խաղաղ փոխանցմանն Ադրբեջանին, ինչպես նաեւ ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում»,- ասված է զեկույցում:

 

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են Ռուսաստանի ու Ադբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հեռախոսազրույցի մասին: Զրույցի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Կողմերը գոհունակութամբ նշել են, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է: Կողմերը խոսել են նաեւ տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին՝ համաձայն եռակողմ հայտարարության՝ դրական գնահատական տալով Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խմբի աշխատանքներին: Քննարկվել են նաեւ հարցեր, որոնք  վերաբերում են երկկողմ հարաբերություններին:

 

 

 

 

ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, հանդիպումներ ունեցել Մարտունի քաղաքում եւ Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում։

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնել են, որ երկրի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է անվտանգության ու սոցիալական հիմնախնդիրների հաղթահարման եւ տնտեսության զարգացման հարցերին: Անդրադառնալով մամուլում պարբերաբար շահարկվող Կարմիր շուկայի թեմային՝ հանրապետության նախագահը մեկ անգամ եւս շեշտել է, որ նման խոսակցությունները որեւէ հիմք չունեն, եւ, հակառակը, ԱՀ իշխանությունների օրակարգում Արցախի տարածքային ամբողջականության քաղաքական ճանապարհով վերականգնումն է՝ առնվազն նախկին ԼՂԻՄ սահմաններում:

Հանդիպումների ընթացքում Նախագահը նաեւ պատասխանել է բնակչությանը հուզող հարցերին:

 

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած 521 հարկ վճարողների տրամադրվել են շուրջ 197 մլն դրամ գումարի չափով արտոնություններ։ Այս մասին հայտնում են Արցախի ՊԵԿ-ից։ ԱՀ կառավարության՝ 2021թ. մարտի 23-ի N 244-Ա որոշմամբ հաստատվել է «Պատերազմական գործողությունների հետեւանքով բացառապես Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած, հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորությունների կատարումից ազատվող առեւտրային կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ցանկը»: Ցանկում ընդգրկված են 521 հարկ վճարողներ, որոնք ազատվել են հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով չվճարված 196.961.3 հազար դրամ գումարի չափով պարտավորությունների կատարումից:

 




Լրահոս