ՆՈՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության նիստի չզեկուցվող նախագծերի թվում ընդգրկված հարցերից մեկով փոփոխություն կատարվեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում: 

 

Մասնավորապես, օրենքում այսպիսի դրույթ է ավելանալու. «Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց եւ (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին առողջության պահպանման, Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում հանգստի ապահովման, մարզաառողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու միջոցով առողջ ապրելակերպի ձեւավորման եւ ֆիզիկական կոփման, հիփոթեքային եւ պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի ամսական վճարի մարման, ինչպես նաեւ ուսման վճարի փոխանցման նպատակով տրամադրվում է սոցիալական փաթեթ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում»:

Որպես հիմնավորում՝ նշվում է, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը  մշակվել է սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը ընդլայնելու նպատակով։ Այսինքն՝ պետական պաշտոն զբաղեցնող անձինք եւ նրանց ընտանիքի անդամները կկարողանան օգտվել այդ ծառայություններից:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց եւ (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին սոցիալական փաթեթ, ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում, տրամադրվում է՝ առողջապահության ծառայությունների, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի ապահովման նպատակով։

Սոցփաթեթի շահառու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման, մոտիվացման եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման, պետական մարմիններում եւ կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացման, պետական հատվածից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատման նպատակով նախատեսվում է սոցփաթեթի ծառայություններում ներառել նաեւ այնպիսի ուղղություն, որով հնարավոր կլինի սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաեւ՝

l մարզաառողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը՝ այդպիսով նպաստելով նրանց առողջ ապրելակերպի ձեւավորմանը եւ ֆիզիկական կոփմանը,

l պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը:

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի եւ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Ակնկալվող արդյունքը՝ սոցփաթեթի շահառու` պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակի ընդլայնում:

Գերատեսչություննները նաեւ առաջարկություններ են ներկայացրել այս նախագծի վերաբերյալ, սակայն առարկություն՝ ոչ: Օրինակ՝ վարչապետի աշխատակազմը գրել է. «Ուսումնասիրելով Ձեր՝ 2021 թվականի փետրվարի 5-ի N ՄԱ/ԺՍ-1-3/4496-2021 գրությամբ ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), առաջարկում ենք հնարավոր տարընկալումներից խուսափելու նպատակով Նախագծի 1-ին հոդվածում «այդ թվում» բառերը փոխարինել «որը ներառում է» բառերով: Այլապես ստացվում է, որ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց առողջ ապրելակերպի ձեւավորման եւ ֆիզիկական կոփման համար մարզաառողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորությունից բացի, այլ ծառայություններ էլ կարող են տրամադրվել, մինչդեռ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով սոցիալական փաթեթի ծառայություններում նախատեսված է միայն վերոհիշյալ ծառայությունը»:

Ն.Հ.

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄՆԱԼ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն անդրադարձել է ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումներին եւ նշել է, որ չի կարող նշել, թե երբ կնվազի դրա գինը, բայց «վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ»:

 

«Մենք որեւէ կերպով չենք կարող ինտերվենցիա ունենալ: Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին ու ասել՝ գինը իջեցրե՛ք կամ բարձրացրե՛ք: Մեր գործառույթը հետեւյալն է. եթե կա չարաշահում, վարույթ հարուցել: Համաչափության իրավունքը եւ նրանց իրավունքները եւս պետք է պաշտպանվեն: Երկրորդ՝ հաշվի առնելով Զատիկը եւ քաղաքացիների լայն հետաքրքրությունը՝ մենք գործողություններ ենք իրականացրել, որոնք մեր մարմնի համար ստանդարտ չեն համարվում: Ե՛վ ցանցերի հետ ենք խոսակցություն ունեցել, ե՛ւ ձու արտադրողների: Դրա արդյունքում որոշակի պաշար մտավ շուկա, ու գինը որոշակի չափով նվազեց»,- ասել է Գեւորգյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

ՏՄՊՊՀ նախագահը նկատել է, որ նախորդ տարի ձվի շուկայում եղել է դեմպինգի դրսեւորում, որը հակամրցակցային պայմանավորվածություն է, որի հետեւանքով 104 մլն դրամի տուգանք է նշանակվել: «Եթե այս դեպքում էլ մեր վարկածներից որեւէ մեկը հաստատվեց, պատասխանատվություն վրա կհասնի»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում հավկիթի թանկացում արձանագրվեց փետրվարի վերջից. այն նախ սկսեցին վաճառել 70-80 դրամով, ապա մարտի վերջին շաբաթվա ընթացքում մեկ ձվի գինը հասավ 95-100 դրամի: Մի քանի օր արձանագրվեց ձվի դեֆիցիտ, այնուհետեւ շուկա մտավ որոշակի պաշար, սակայն գները սկսեցին տատանվել 90-125 դրամի սահմաններում, անգամ հայտարարվում էր, որ վաճառքը սահմանափակվելու է. մեկ անձը կկարողանա գնել 10-15 հատ: ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ: Վարչական վարույթ հարուցվել է «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունների նկատմամբ:

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԲՈՒՀԵՐՈՒՄ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգի վերանայման ու ներկայիս իրավիճակին համապատասխան դաշտի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ մասնավորապես, մասնագիտության հայտագրումն անցկացվում է երկու փուլով:

Առաջին փուլով նախատեսվում է բուհերի ընդունելության մրցույթը՝ հիմնական եւ լրացուցիչ փուլերով, փոփոխվել են նաեւ հայտագրման ժամկետները եւ կարգը։

Ըստ այդմ՝ առաջին փուլն ընդգրկում է տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող եւ նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության եւ տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումը:

Երկրորդ փուլով տվյալ տարվա հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ երկքաղաքացիների եւ օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների, զորացրված կամ տվյալ տարվա մինչեւ հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից մասնագիտության եւ տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումն է։

Սահմանվել է նաեւ արտոնություն մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած եւ զորացրված դիմորդների համար զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդունելության քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվելու հնարավորություն՝ ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի: Տվյալ մասնագիտությունից կառավարության կողմից բանակից զորացրվածների համար անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում զորացրված դիմորդը անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:

Այսպիսով, հայտագրման այս եղանակը հնարավորություն է տալիս մասնագիտական հստակ կողմնորոշվածություն ունեցող դիմորդներին ընդունվել բուհ՝ նվազեցնելով պատահական կամ չնախընտրած մասնագիտություններով բուհ ընդունվելու հնարավորությանը։ Փոփոխությունների արդյունքում կկանոնակագվի բուհերում ընդունելության գործընթացը, կնպաստի մասնագիտական կողմնորոշմանը՝ ընդգծելով մասնագիտության ընտրության կարեւորությունը:

 




Լրահոս