Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի հետ ArmLur.am-ը զրուցել է թատերական աշխարհում տիրող իրավիճակի, կորոնավիրուսի, ապա նաեւ պատերազմի թողած հետեւանքների, դրանք հաղթահարելու մասին:
-Պարո՛ն Ղազանչյան, մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրը, ի վերջո տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Ձեզ համար անակնկալներ եղա՞ն: Արդյոք «Արտավազդ» ստացա՞ն այն դերասանները, ովքեր որ իսկապես արժանի էին:
-Ձեր հարցն ունի երկու պատասխան: Առաջինը՝ որ միանշանակ մրցանակ ստացել են արժանի մարդիկ: Չկա այդպիսի տարի, որ ես իմ ներսում ափսոսանք չհայտնեմ որեւէ դերասանի աշխատանքի կամ անձնավորության մասին: Ճիշտ է, ես միության նախագահն եմ, բայց ես երբեք չեմ միջամտում հանձնաժողովի որոշումներին, նույնիսկ այս տարի կանոնակարգում կետ կար, որ եթե ինչ-որ արժանի աշխատանքի մի ձայն պակասեր, որ նա ստանար մրցանակ, ես՝ որպես միության նախագահ, իրավունք ունեի այդ ձայնը տալու, բայց քանի որ այս տարի փոփոխություններ եղան ներքին կանոնակարգում, ու քվեարկությունները տեղի ունեցան բաց, եւ այս ձեւի մեջ արդեն ավելորդ էր իմ միջամտությունը: Ես արդեն հայտնել եմ իմ հստակ դիրքորոշումը, որ այսուհետ չեմ խառնվելու հանձնաժողովի որոշումներին: Իրականում հանձնաժողովը կատարել է հսկայական աշխատանք, դիտել է մոտ 50 ներկայացում եւ աշխատել է շատ պարտաճանաչ:
-Պարո՛ն Ղազանչյան, նախ կորոնավիրուսը, ապա պատերազմը մեծ վնասներ պատճառեցին հատկապես թատրոնին: Ստացվո՞ւմ է հաղթահարել դրանց թողած վատ հետեւանքները: Ի՞նչ կարող եք ընդհանուր առմամբ ասել թատերական աշխարհի՝ այս վերջին մեկ տարվա գործունեության մասին:
-Ես 1988 թվականի երկրաշարժից անմիջապես հետո նշանակվեցի Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավար: Ես չէի պատկերացնում, որ թե ինչ պետք է անեմ այդ քաղաքում: Գնացի, քանի որ քաղաքն ինձ համար սիրելի էր, եւ ես այդ քաղաքում հինգ տարի դպրոց էի սովորել, ավարտել: Ես մինչ օրս էլ ասում եմ, որ ամեն ինչի համար պարտական եմ այդ դպրոցին: Ունեինք հարաշալի ուսուցիչներ: Երկարաշարժը ոչ մեկի կողքով անտարբեր չէր անցել, մեկին ավելի դաժան էր հարվածել, մեկին մի փոքր ավելի թույլ, բայց այն դերասանները, որոնք կորցրել էին երեխաներին, կորցրել էին իրենց քույրերին, ծնողներին, կորցրել էին ընտանիք, տուն, նրանք դուրս էին գալիս բեմ եւ խաղում էին կատակերգություն: Ես զարմացած էի՝ մարդն ինչ ուժ պետք է ունենա, որ դուրս գա բեմ եւ այնպես խաղա, որ հանդիսատեսը չզգա իր անձնական ողբերգությունը: Ես հիմա հաճախ եմ հիշում այդ օրերը, քանի որ անալոգիան համարյա նույնն է, ճիշտ է, այնտեղ երկրաշարժ էր, այստեղ պատերազմ, բայց, փառք ու պատիվ մեր դերասաններին, ավելին ասեմ՝ որ իրենք էին գալիս խնդրում, որ աշխատենք, քանի որ դերասանի համար թատրոնը օդի ու ջրի պես է, դա մեր կյանքն ու կոչումն է, առանց որի մենք ապրել չենք կարող: Ես ուրախ եմ, որ թատրոնները կամաց-կամաց ոտքի են կանգնում, եւ, ի ուրախություն մեզ, դահլիճները լինում են լեփ-լեցուն: Այնպես որ, ոտքի կկանգնենք եւ կհաղթահարենք:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈԹՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պատրաստվում է քայլեր ձեռնարկել Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային կոթողների հարցը միջազգային հարթակներում ավելի շատ բարձրացնելու ուղղությամբ: Պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսին այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
«Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մշակութային արժեքների վերաբերյալ հարցը լրջագույն խնդիր է մեզ համար: Այդ հարցը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դաշտում, մենք էլ մեր հերթին այդ ուղղությամբ Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ աշխատանքներ ենք տանում: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը սեւեռենք այդ խնդրի վրա: Տարբեր երկրների դեսպաններ, միջազգային, հեղինակավոր կառույցների ղեկավարներ այցելում են ԿԳՄՍ նախարարություն»,- նշել է Դումանյանը եւ հավելել, որ նմանատիպ հանդիպումներին կարմիր թելով անդրադարձ է կատարվում Արցախում գտնվող հայկական մշակության ժառանգության հարցին:
Նրա խոսքով՝ Արցախում գտնվող մշակութային կոթողների պաշտպանության հարցը դեռեւս շարունակում է մնալ չլուծված:
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն էլ ազգային ողբերգություն որակեց այն, ինչ տեղի է ունենում Արցախի բռնագրավված տարածքներում գտնվող հայկական հուշարձանների հետ:
ՆՎԱՃՈՒՄԸ ԿՐԿՆԵԼ Է
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում Լիտվայի հավաքականին 2։0 հաշվով հաղթելու շնորհիվ Իտալիայի հավաքականն անպարտելի շարքը հասցրել է 25 հանդիպման (20 հաղթանակ, 5 ոչ-ոքի): Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը կրկնել է Մարչելո Լիպիի օրոք Իտալիայի թիմի նվաճումը։ 2004-2006 թվականներին իտալացիները եւս չէին պարտվել 25 խաղում անընդմեջ։ Ռեկորդը պատկանում է լեգենդար Վիտորիո Պոցոյին, որի ղեկավարությամբ 20-րդ դարի 30-ականներին Իտալիայի հավաքականը ունեցել է 30 հանդիպումների անպարտելի շարք:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ
Տիգրան Բարսեղյանը Whoscored-ի վարկածով աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ խաղում անընդմեջ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Աստանայի» հարձակվողը Հայաստան – Ռումինիա խաղում ստացել է 9,2 գնահատականը։ Մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Տիգրան Բարսեղյանը երկրորդ խաղում անընդմեջ դարձել է գոլի (11մ) եւ գոլային փոխանցման հեղինակ։ Նա փոխարինվել է ավելացված երկրորդ րոպեին։ Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականը ռումինացիներին հաղթել է 3։2 հաշվով։ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը ընտրական փուլի J խմբի երրորդ տուրից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հյուսիսային Մակեդոնիան ու Գերմանիան ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Իսլանդիան՝ 3-ական միավոր, Լիխտենշտեյնը՝ 0։
ԿՎԵՐԱԴԱՌՆԱ «ՌՈՄԱ»
Անգլիական «Լեսթեր Սիթիում» վարձակալությամբ հանդես եկող թուրք հարձակվող Ջենգիզ Ունդերն ամռանը կվերադառնա իտալական «Ռոմա», որին պատկանում է նրա տրանսֆերային իրավունքը. հաղորդում է Football Italia-ն։ Վարձակալության պայմանագրով նախատեսված էր, որ անգլիական ակումբը կարող է ամռանը 23 միլիոն եվրոյով ձեռք բերել 23-ամյա ֆուտբոլիստին, սակայն «Լեսթեր Սիթին» նման մտադրություն չունի։ Ընթացիկ մրցաշրջանում Ունդերը «Լեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 19 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Transfermarkt.com-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։