Մոսկվայում ապրիլի 2-ին տեղի ունեցավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:
Նիստի քննարկման առանցքում են եղել ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին և մի շարք ոլորտային ծրագրերին առնչվող հարցեր:
Խորհրդի նիստի շրջանակներում նեղ կազմով գումարված հանդիպման ընթացքում մասնակից պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային արդի հարցերին, ինչպես նաև հավանություն են տվել Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդներին և համաշխարհային հանրությանն ուղղված՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարության մասին որոշման նախագծին:
Իր խոսքում անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի խորհրդին՝ նախարար Այվազյանը նշել է, որ «այն նաև հստակ կոչ է՝ կառուցելու խաղաղություն՝ առանց պատերազմների, հակամարտությունների և բռնության»:
Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի համատեքստում նախարար Այվազյանը նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական 44-օրյա ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության վրա: Այս համատեքստում հանգամանալից ներկայացվել են Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ընթացքում իրականացված բազմաթիվ պատերազմական հանցագործությունները՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը, ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը՝ ընդգծելով, որ այդ գործողություններն ուղղված էին Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը իր պատմական հայրենիքում:
Նախարար Այվազյանն անդրադարձել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքին՝ շեշտելով Ադրբեջանի պատանդառության տակ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորհրդի նիստին բարձրացրել է նաև հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի աղաղակող փաստերի հարցը: Այս համատեքստում նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հերթական մշակութային ցեղասպանության անթույլատրելիությունը՝ նշելով, որ հայկական եկեղեցիների ավերակների վրա հաշտության և խաղաղության հաստատումն անհնար է:
Ամփոփելով իր խոսքը՝ Արա Այվազյանը նշել է, որ տարածաշրջանում հարատև և կայուն խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի, ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքների վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում:
Նիստի շրջանակներում ԱԳ նախարարները ստորագրել են և հավանություն տվել տարբեր ուղղություններով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերին, այդ թվում՝ Արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև բազմամակարդակ խորհրդակցությունների ծրագրի կատարման մասին արձանագրային որոշումը, 2021-2030թթ. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացման ռազմավարության իրականացման՝ 2021-2023թթ. միջոցառումների ծրագիրը, 2021-2030թթ. Զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության, զարգացման ռազմավարության իրականացման՝ 2021-2023թթ. միջոցառումների ծրագիրը:
Խորհրդի նիստի շրջանակներում մասնակիցները ներկա են գտնվել Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսին: