Ապրիլի 7-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ նախատեսված հանդիպմանը կքննարկի ոչ միայն ղարաբաղյան խնդիրը, տարածաշրջանի ապաշրջափակումը, այլև՝ առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր:
Փաստելով, որ «Ռուսաստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակում շատ ակտիվ երկխոսություն է ընթանում», Պեսկովը թվարկել է այն հարցերը, որոնք ներառված են երկու առաջնորդների օրակարգում։ Ըստ նրա` կքննարկվի՝ ինչպես են իրագործվում եռակողմ պայմանավորվածությունները, որոնք վերջ դրեցին Ղարաբաղում ռազմական գործողություններին, հարցեր, որոնք ակտիվորեն քննարկել է Պուտինը և որոնք կապված են Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ: Ըստ Պեսկովի` Փաշինյանն ու Պուտինը մտքեր կփոխանակեն նաև Հայաստանում սկսված ընտրական գործընթացների, ինչպես նաև հայ-ռուսական «սերտ համագործակցությանը վերաբերող» այլ հարցերի շուրջ
Նկատենք, որ հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունից առաջ Ռուսաստանի նախագահն այս հարցի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ։ Միևնույն ժամանակ ապրիլի 3-ին լրացել է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 29-ամյակը: Այս կապակցությամբ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդնեկոն հարցազրույց է տվել հայկական «Նովոյե վրեմյա» պարբերականին։
Ռուդենկոյի պնդմամբ Ռուսաստանն այսօր էր ակտիվ օգնում է իր դաշնակցին: Մասնավորապես Լեռնային Ղարաբաղում տուժածներին աջակցելու համար Մոսկվան արդեն շուրջ 15 մլն դոլար է ծախսել։ Բարեկամական հարաբերությունների ապացույց որպես փոխարտգործնախարարը բերում է այն փաստը, որ անցած տարի Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները 60 անգամ խոսել են միմյանց հետ:
Մանրամասները՝ տեսանյութում