ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վաղը՝ Հայրենիքի փրկության շարժման ոչ բոլոր առաջնորդներն են մեկնելու, Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաք հանրության հետ հանդիպելու նպատակով: Բանն այն է, որ դեռեւս մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել էր պայքարի նոր փուլի մասին։
«Մեկ անգամ եւս արձանագրում ենք, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը դադարել է կատարել ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված իր պարտականությունները՝ դառնալով ամուլ, անսկզբունքային, սեփական քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում չունեցող մարդկանց հավաքականություն, որն ուղղակի վերածվել է հայրենադավ իշխանության ու անձամբ վարչապետի աթոռը զբաղեցնողի ձեռքում լոկ քվեարկության կոճակ սեղմողի«,-հայտարարել էին Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները::
Նշենք, որ ապրիլի 3-ին շարժումը ազատեց Դեմիրճյան փողոցը՝ հայտարարելով, որ մարզային այցելություններից հետո արժանապատիվ քաղաքացիները վերստին կվերադառնան Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներ. «Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել եւ ակտիվորեն մասնակցել Հայրենիքի փրկության շարժման հանդիպումներին ու հավաքներին»։
Բայց արի ու տես, որ վաղը կայանալիք Սեւանի հավաքի հետ կապված անգամ տարաձայնություններ կան շարժման ներսում, քանի որ առաջնորդներից շատերի կարծիքով անիմաստ է այս փուլում շրջել մարզերում, այլ պետք է նախապատրաստվել արտահերթ ընտրություններին: Շատերի կարծիքով, անիմաստ ժամանակի կորուստ է, քանի որ, միեւնույնն է, ընտրությունների քարոզարշավի ժամանակ իրենք շրջելու են մարզերում:
Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ այդ հավաքներին ներկա կլինեն ՀՅԴ-ականները, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ինչպես նաեւ տարբեր կուսակցություններից ներկայացուցիչներ:
Սոնա Գրիգորյան