Չնայած ՀՀ գլխավոր դատախազությունը պնդում է, թե 2008 թվականի մարտի 1-ի ժամանակ 10 անձի մահվան դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, սակայն հեղափոխությունից մինչ օրս այդ մասով որեւէ բացահայտում առկա չէ, եւ ներկայիս իշխանությունները բավարարվել են միայն նախկին պաշտոնյաներին մեղադրանքներ առաջադրելով։ Եվ ինչպես Սահմանադրական դատարանը համարեց, մեղադրանքներն էլ հակասահմանադրական էին եւ անվավեր։ Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել է 2020 թվականի գործունեության հաշվետվությունը, որտեղ առկա են մանրամասներ նաեւ այս գործի քննությունից։ Օրինակ՝ հաշվետվության մեջ հանդիպում ենք այսպիսի նախադասության. «10 անձի մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել են մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ, մասնավորապես՝ հարցաքննվել են բազամաթիվ անձինք, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվել են առգրավումներ, զննություններ, եւ հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ գրավոր հանձնարարություններ»։ Սակայն այսօրվա դրությամբ փաստ է մեկ բան՝ 10 զոհերից որեւէ մեկի մահվան հանգամանքն այդպես էլ բացահայտված չէ։ Դատախազության հաշվետվության համաձայն՝ ներկայումս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 12 անձ: 2020 թվականի ընթացքում նշված քրեական գործով որպես վկա հարցաքննվել են 200-ից ավելի անձինք, քաղաքացիներից եւ պետական տարբեր հիմնարկներից կատարվել են 10-ից ավելի առգրավումներ, կատարվել են 15-ից ավելի խուզարկություններ, նշանակվել են 50-ից ավելի փորձաքննություններ, փորձաքննության է ներկայացվել ավելի քան 2000 միավոր հրազեն եւ մեծ քանակությամբ զինամթերք, սակայն, ըստ էության, ոչինչ չի բացահայտվել, քանի որ իշխանությունների համար գերխնդիր էր ոչ թե սպանությունների բացահայտումը, այլ նախկին պաշտոնյաներին ճաղերի հետեւում տեսնելը։
Քանի որ արդեն հստակ է, որ հայրենի իշխանությունները հունիսի 20-ին խորհրդարանական ընտրություններին գնում են համամասնական ընտրակարգով, թեժ քննարկում են ընտրացուցակների «թոփ» համարները: Բանն այն է, որ այն անձինք, ովքեր ժամանակին խնդիր չեն ունեցել ցուցակների անցողիկ տեղերում հայտնվելու համար, քանի որ վարկանիշային ընտրակարգով են մասնակցել ընտրություններին, այսօր պետք է լինեն մեկ միասնական ցուցակում ու, ամենակարեւորը, անցողիկ շեմում: Այսինքն՝ քաղաքական թիմերն այժմ հայտնվել են տհաճ վիճակում: Մենք տեղեկացանք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում արդեն ուրվագծվել է ընտրական ցուցակը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեժ քննարկումներ են ընթանում, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում դեռեւս կուսակցության քառյակն է հայտնի: Ըստ մեր տեղեկությունների՝ ցուցակը գլխավորում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երկրորդը լինելու է Տարոն Սիմոնյանը, իսկ երրորդ տեղում՝ Արկադի Խաչատրյանը, ցուցակում առաջին կինը լինելու ԼՀԿ-ական Անի Սամսոնյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ դեռեւս ցուցակը նախնական է, կարող է այն առաջիկայում փոփոխությունների ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել, թե որքանով են իրական մեր տեղեկությունները։ «Ցուցակ դեռ չունենք, մինչեւ վարչապետի հրաժարականը չլինի, ցուցակ չենք սկսելու գրել»,-հայտարարեց Մարուքյանը:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ռուսական «Իսկանդեր» համակարգի կիրառման թեման դեռ շարունակում է ակտուալ մնալ։ Նկատենք, որ պատերազմի ընթացքում «Ինչո՞ւ «Իսկանդերը» չի կիրառվում» հարցն ամենահաճախ քննարկվողներից էր, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել, կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով» արտահայտությունն էլ տարածաշրջանային սկանդալ դարձավ։ Բանն այն է, որ ռուսական կողմը շատ ցավոտ արձագանքեց այս հայտարարությանը, իսկ Արդբեջանն էլ շարունակում է սրել իրավիճակը։ Բանն այն է, որ Ադրբեջանի ականազերծման գործողությունների գործակալությունը հայտնեց, որ Շուշի քաղաքում տարածքների մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 2 պայթած հրթիռների բեկորներ, եւ սա այն դեպքում, երբ ռուսական կողմից հայտարարություն էր հնչել, թե պատերազմի ժամանակ «Իսկանդեր» համակարգը չի կիրառվել։ Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ Փաշինյանն ընդհանրապես չի հասկանում՝ ինչ է խոսում, երբ խոսք է գնում ռազմական հարցերի մասին։ «Իսկ թե ինչ է ցանկանում Ադրբեջանը սրանով, չգիտեմ, սակայն զինված է ռուսական սպառազինությամբ եւ պետք է որ չցանկանա այն հեղինակազրկել»,- ասաց Խրամչիխինը: Նա գտնում է, որ այդ հրթիռների կիրառումը պատերազմի ընթացքը չի փոխել, քանի որ պատերազմի ընթացքը կփոխեր կիրթ ղեկավարությունը՝ իր կիրթ գործողություններով։
Հայաստանը նախորդ տարվա ընթացքում արտահանել է 113 հազար 200 հատ ոչխար ու այծ, իսկ ներմուծել՝ 4 հազար 387 հատ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավելի շատ թվով ոչխար արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Կատար: Ի դեպ, պաշտոնապես Հայաստանում ոչխարի գլխաքանակը 8.4 տոկոսով կամ 53 հազար 841-ով ավելացել է, այսինքն՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում ոչխարի գլխաքանակը կազմել է 693 հազար 439, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 639 հազար 598: Ոչխարի գլխաքանակի այսչափ ավելացումը, մասնագետների խոսքերով, բավարար չէ ոչխարաբուծությունը զարգացնելու համար: Կհիշեք՝ տարիներ առաջ ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանումը Հայաստանից հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն, ոչխարի, գառան մսի գնաճի հետ զուգահեռ, լուրջ խնդիր առաջացրեց անասնաբուծության այս ճյուղում: Պատճառն այն է, որ մարդիկ վաճառեցին իրենց ոչխարները եւ չկարողացան լրացնել խմբաքանակը, իսկ ոչխարի վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում: Մյուս կողմից՝ Հայաստանում 9.1 տոկոսով կամ 23 հազար 31-ով պակասել է խոզերի գլխաքանակը: Եթե 2020 թվականին խոզերի գլխաքանակը կազմել է 223 հազար 252, ապա այս տարվա հունվարի 1-ի դրությամբ այն 200 հազար 221 է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի քիչ քանակությամբ խոզ է ներմուծվել ՀՀ, քան 2019-ին: ՊԵԿ-ի տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանը ներկրել է 129 հատ խոզ, իսկ 2019-ին ՝ 605: