Հնարավոր արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունները նշում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պարագայում վերջինս կշարունակի մնալ իբրեւ վարչապետի պաշտոնակատար, այսինքն՝ այդպիսի զարգացումների պարագայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կրելու է ձեւական բնույթ:
Սակայն նկատենք, որ ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ խորհրդարանական ուժերը, բարձրաձայնում էին, թե որեւէ դեպքում չեն համաձայնելու ընտրության, եթե ղեկին մնա Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, նույն լիազորություններով մնալով իշխանության ղեկին՝ նա վարչական ռեսուրսի կիրառման միջոցով կարող է հասնել հաջողության: Իսկ որ վարչական ռեսուրսի կիրառում կլինի, արդեն իսկ ակնհայտ դարձավ նաեւ Արմավիր մարզ կատարած այցի ժամանակ, երբ Փաշինյանը խոստացավ պետբյուջեի հաշվին ասֆալտապատման աշխատանքներ կատարել: Սակայն Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը վերլուծություն է ներկայացրել՝ հենվելով Սահմանադրության տարբեր դրույթների վրա: ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանվում է. «Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր Կառավարության կազմավորումը»։
Եվ վարչապետի հետագա պաշտոնավարումը որպես ժամանակավոր պաշտոնակատար դիտարկողները հենվում են Սահմանադրության այն ձեւակերպման վրա, որ «Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր Կառավարության կազմավորումը», սակայն վարչապետը ՀՀ կառավարության անդամներից ունի հստակ տարբերվող սահմանադրական կարգավիճակ, եւ նրա հրաժարականի դեպքում պարտականությունների կատարումը վերաբերում է բացառապես կառավարության անդամներին, այլ ոչ երբեք վարչապետին։
Կարեւոր է նաեւ ՀՀ Սահմանադրության 130-րդ հոդվածի այն ձեւակերպումը, ըստ որի՝ Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը։ Դա ամրագրված է նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով։ Այսինքն՝ Նախագահն աներկբա պարտավոր է ընդունել վարչապետի հրաժարականը, իսկ դա նշանակում է, որ այդ պահից վարչապետն այդ պաշտոնում պաշտոնավարելու իրավունք չունի: Մինչեւ Ազգային ժողովի կողմից նոր վարչապետի ընտրությունը վարչապետի լիազորությունները պետք է կատարի փոխվարչապետներից մեկը։
Որպեսզի պարզ լինի ասվածի տրամաբանությունը, այն կարելի է ներկայացնել մեկ այլ օրինակով։ Եթե վարչապետի առաջարկությամբ նախագահի հրամանագրով որեւէ նախարար (կառավարության անդամ) ազատվում է զբաղեցված պաշտոնից (այն է՝ նախագահն ընդունում է նրա հրաժարականը, կամ նա պաշտոնանկ է արվում), ապա տվյալ նախարարը չի շարունակում պաշտոնավարել մինչեւ իր պաշտոնում նոր նախարարի նշանակում կատարելը, այլ անմիջապես դադարեցվում են նրա լիազորությունները։ Մինչեւ նոր նախարարի նշանակումը նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նախարարի տեղակալներից մեկը։ Նույն տրամաբանությունը գործում է նաեւ վարչապետի պարագայում։ Այսինքն՝ այն պահից, երբ նա հրաժարական է տալիս (կամ պաշտոնանկ է արվում եւ այլն), եւ նախագահն ընդունում է այդ փաստը, ապա վարչապետն այլեւս պաշտոնավարելու որեւէ իրավունք չունի։ Ինչ վերաբերում է այն ձեւակերպմանը, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր Կառավարության կազմավորումը, ապա դա վերաբերում է կառավարության անդամներին, այսինքն` նրանց, ովքեր հրաժարական չեն ներկայացրել։ Հակառակն անտրամաբանական կլինի։ Փաստորեն կստացվի, որ մարդը չի ցանկանում պաշտոնավարել վարչապետի պաշտոնում (այլապես չէր ներկայացնի հրաժարական), բայց շարունակում է պաշտոնավարել։
Նույնը վերաբերում է ԱԺ կողմից վարչապետի ընտրության գործընթացին։ Եթե ԱԺ խմբակցությունները ինչ-ինչ պատճառներով չեն առաջադրում վարչապետի թեկնածու, նշանակում է, որ նրանք տվյալ պահին չունեն այդ որոշումը, եւ վարչապետի պարտականությունները պետք է կատարի փոխվարչապետներից մեկը, բայց ոչ երբեք նախկին՝ պաշտոնազրկված վարչապետը։
Ասվածն ամփոփելով՝ պետք է հստակ կերպով արձանագրել հետեւյալը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2021 թվականի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին խոստացված հրաժարականից հետո նախագահը, Սահմանադրության ուժով, պետք է ընդունի այդ հրաժարականը, եւ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հրաժեշտ տալ վարչապետի պաշտոնին այնքան ժամանակ, մինչեւ Ազգային ժողովի կողմից նա ընտրվի վարչապետ:
Ն.Հ.
ԳՈՐԾՈՒՂՎԵԼ Է
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահան Քերոբյանին Եւ Արմեն Այվազյանին Ուզբեկստանի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:
ԳՇ-ՈՒՄ ԽՆԴԻՐ ՉԿԱ
Երեկ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2016 թվականին Ապրիլյան մարտական գործողությունների զոհերի հիշատակին։ Այն հարցին, թե արդյոք սրանից ավելի ողբերգական ավարտ կարող էր ունենալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ասել է. «Առաջինը՝ մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը։ Երկրորդը՝ կարող էր դա արվել 15-20 օրվա ընթացքում. արդյունքը դա է»։ Խոսելով Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Արտակ Դավթյանն ասել է, որ Գլխավոր շտաբում արդեն իրավիճակը հանգուցալուծված է, որեւէ խնդիր չկա, բնականոն աշխատանք է գնում։ «Դատարանի որոշումն ու մեկնաբանությունը իրավաբանների գործն է, որոնք յուրաքանչյուր դեպքում կատարում են մեկնաբանություն»,-նշել է նա։ Արտակ Դավթյանը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ «Իսկանդեր»-ը կիրառվել է, թե ոչ՝ նշելով, որ այն հրապարակման ենթակա չէ։
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայկ Չոբանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայկ Չոբանյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»:
«ԻՍԿԱՆԴԵՐ»-Ի ԲԵԿՈՐՆԵՐԸ
Ադրբեջանի ականազերծման գործակալության ներկայացուցիչները Բաքվում՝ «Ազերլանդշաֆտ» ԲԲԸ տարածքում, ցուցադրել են «Իսկանդեր» հրթիռի բեկորները: Բեկորներն, իբր, գտնվել են մարտի 15-ին Շուշիում տարածքը ականներից եւ չպայթած ռազմամթերքից մաքրելու գործողության ժամանակ:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՉԸ
Շվեյցարիայի դաշնային խորհրդի 33 պատգամավորներ նամակ են հղել՝ հորդորելով երկրի կառավարությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա իր տարածքում, ինչպես նաեւ Հայաստանում, Սիրիայում, Լիբիայում եւ Իրաքում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների փաստերի առնչությամբ: Պատգամավորները կոչ են արել կառավարությանը հետաձգել Թուրքիայի հետ ազատ առեւտրի մասին նոր համաձայնագիրը, քանի դեռ այդ երկիրը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Պատգամավորները նամակում նշել են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիան տանում է բռնապետության ուղով՝ լռեցնելով ընդդիմադիր ու քննադատական ձայները, այդ թվում եւ լրատվամիջոցներին, հեռացնելով անկախ դատավորներին ու նրանց փոխարինելով կախյալ դատավորներով, բանտարկելով ակտիվիստների ու լրագրողների: Չորս Շվեյցարացի օրենսդիրներն արձանագրել են, որ ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել վարձկանների, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Նրանց գնահատմամբ՝ նմանօրինակ գործելաոճ Անկարան ցուցաբերել է նաեւ Լիբիայում: «Մենք խորապես հավատացած ենք, որ Շվեյցարիայի մարդասիրական ավանդույթները եւ Համադաշնության կողմից պաշտպանության տակ առնված արժեքները կշարունակվեն, մենք համոզված ենք, որ այս հրատապ կոչը լսելի կլինի»,- ասել են խորհրդարանականները:
ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՅՏՆԻ Է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ապրիլի 7-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա: Տեղի կունենան բանակցություններ նախագահ Պուտինի հետ: Դուք գիտեք, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսություն է ընթանում: Նախ եւ առաջ, իհարկե, քննարկվելու է եռակողմ պայմանավորվածությունների ու եռակողմ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքը, որը վերջ տվեց ռազմական գործողություններին Ղարաբաղում»,- ասել է Պեսկովը: Նա հայտնել է, որ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում քննարկվելու են հարցեր՝ կապված Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ, տեղի կունենա մտքերի փոխանակում Հայաստանում սկսված ընտրական գործընթացի, ինչպես նաեւ ռուս-հայկական համագործակցության ակտուալ հարցերի շուրջ: