Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով 01.04.2021թ. դիմել է Սահմանադրական դատարան:
Դիմումով վիճարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի, 309.1-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաեւ դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին եւ 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխանությունն այնքանով, որքանով դրանք անձին մեղսագրվող կոնկրետ արարքի իրավաբանական որակման առնչությամբ վարույթը բացառող հանգամանք ի հայտ գալուց անմիջապես հետո դատախազի (մեղադրողի) համար առաջացնում են մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի համար՝ քրեական հետապնդումը դադարեցնելու պարտականություն՝ հնարավորություն չտալով որեւէ դատավարական գործողություն կատարել եւ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխել ու վերաորակել նրա արարքը այն դեպքում, երբ դրանում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված այլ՝ այնպիսի արարքի հատկանիշներ, որի առնչությամբ վարույթը բացառող տվյալ հանգամանքն առկա չէ, եւ այդկերպ չեն երաշխավորում տուժողի դատական պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքները, չեն նախատեսում այդ հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ու ընթացակարգեր եւ բովանդակազրկում են մեղադրանքի պաշտպանությունը՝ որպես նշված իրավունքների ապահովման կառուցակարգ՝ հանգեցնելով նրա դատավարական շահերի ոտնահարման:
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքում նկարագրված բազմաթիվ հանցակազմեր ունեն ընդհանուրի եւ հատուկի, մասի եւ ամբողջի հարաբերակցություն։ Հատուկ հանցակազմերի առանձնահատկությունն այն է, որ դրանք իրենց մեջ պարունակում են ինչպես մեկ այլ` ընդհանուր հանցակազմի հատկանիշներն ամբողջությամբ, այնպես էլ հանցակազմի լրացուցիչ կամ տարբերվող հատկանիշ: Հատուկ հանցակազմը ընդհանուր հանցակազմի մասնավոր՝ քրեաիրավական որեւէ հատկանիշով առանձնացված դրսեւորումն է, եւ այդ դրսեւորման առանձնահատկություններով պայմանավորված էլ՝ նախատեսված է որպես առանձին հանցակազմ։
Ընդհանուր եւ հատուկ հանցակազմերի մրցակցության, այսինքն՝ այն դեպքում, երբ անձի արարքը համապատասխանում է ինչպես ընդհանուր, այնպես էլ դրա հատուկ դրսեւորումը պարունակող հատուկ հանցակազմի հատկանիշներին, այն ենթակա է որակման հատուկ հանցակազմով, քանի որ ընդհանուր հանցակազմը կլանվում է վերջինիս մեջ: Միեւնույն ժամանակ, բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ է գալիս հատուկ հանցակազմը բացառող որեւէ հանգամանք, որը վերաբերում է միայն դրան եւ կիրառելի չէ ընդհանուր հանցակազմը նախատեսող նորմի նկատմամբ, օրինակ՝ տվյալ հանցակազմը նախատեսող քրեաիրավական նորմն ուժը կորցրել է Քրեական օրենսգրքից հանվելու կամ ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչվելու պատճառով, անձի արարքը պետք է որակվի ընդհանուր հանցակազմի շրջանակներում։ Քրեական հետապնդումը եւ քրեական վարույթը բացառող հանգամանքների վերաբերյալ իրավակարգավորումները, սակայն, այդ հանգամանքներն ի հայտ գալուց անմիջապես հետո առաջ բերելով համապատասխան դատավարական հետեւանքներ առաջացնելու՝ համապատասխանաբար մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի կողմից՝ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական գործի վարույթը կարճելու պարտականություն, հնարավորություն չեն տալիս համապատասխան ու անհրաժեշտ դատավարական գործիքակազմի գործադրմամբ փոփոխել մեղադրանքը կամ այդ ուղղությամբ կատարել որեւէ դատավարական գործողություն՝ հանգեցնելով վիճակի, երբ ՀՀ քրեական օրենսգրքի նորմը, որով նախատեսված, եւ որով որակված է անձի արարքը, այլեւս չի գործում, այդ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի մեկ այլ նորմով նախատեսված ընդհանուր հանցակազմի հատկանիշներին, սակայն առնվազն այդ արարքի կապակցությամբ վարույթը չբացառելու դատավարական հնարավորություն առկա չէ։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր։ Նշենք, որ 300.1 հոդվածով մեղադրանք է առաջադրված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
7 ԴԵՊՔ
Ապրիլի 1-ին կատարվել է 55 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթեւ ձեւերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 հազար 674 քաղաքացու հետազոտություն, որից 615-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 22 հազար 122 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 499 դեպք:
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԵԼ Է
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, ապրիլի 2-ին քննեց Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը: Այս մասին ասել է Օնիկ Գասպարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
Ըստ նրա՝ դատական նիստում ներկայացրել է իրենց առարկությունները՝ միջնորդության հետ կապված: Դատարանը միջնորդության քննարկումն ավարտեց, դրա վերաբերյալ կայացրած որոշումը կուղարկի դատավարության մասնակիցներին: ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մարտի 17-ին բավարարել էր Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Օնիկ Գասպարյանը մարտի 10-ին դիմել էր վարչական դատարան` իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021 թվականի մարտի 10-ին վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջով:
Ո՞Վ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ 2021թ. Տավուշի մարզում 5000 հեկտար անջրդի տարածք կդառնա ոռոգելի՝ կրկնապատկելով Տավուշում ոռոգելի տարածքների մակերեսը։ Նրա խոսքերով՝ ավելի քան 6 միլիարդ դրամի ոռոգման սուբվենցիոն ծրագրերի արդյունքում, որոնք նախատեսվում են իրականացնել 2021թ., մարզում գյուղատնտեսական արտադրության զգալի աճ է նախատեսվում։ Հայկ Չոբանյանը նշել է, որ քանակական փոփոխություններին զուգահեռ՝ խոսքը հողի տեսակի փոփոխության, առավել շահավետ մշակաբույսերի աճեցման մասին է, ոռոգելի մեկ տարածքում գյուղատնտեսության արդյունավետությունը առնվազն 10 անգամ գերազանցում է ոչ ոռոգելի տարածքին։ Հայկ Չոբանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Տավուշի նոր մարզպետը կիրականացնի՞ այս տարի 5 հազար հեկտար անջրդի հողերը ոռոգելի դարձնելու Հայկ Չոբանյանի խոստումը։ Հ. Չոբանյանն աչքի է ընկնում անիրատեսական խոստումներով։ 2019թ. մայիսի 17-ին Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղում որպես մարզպետ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնել է 5 տարում արտերկրից 5 հազար հայ ընտանիք Տավուշի մարզ վերաբնակեցնելու, 2 տարում՝ 2019-2021թթ. Տավուշի մարզում չօգտագործվող հողեր չթողնելու իր ծրագրերի մասին։
ԿԱՊԱՀՈՎՎԵՆ ԽՄԵԼՈՒ ՋՐՈՎ
Ապրիլի 1-ին կայացած խոշորացված Այրում համայնքի ավագանու նիստի օրակարգի հարցերից մեկով ավագանին համաձայնություն տվեց Արճիս եւ Լճկաձոր բնակավայրերի խմելու ջրի ներքին ցանցի, պոմպակայանի, օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման եւ համայնքի կողմից այդ ծրագրում ներդրում կատարելուն։
Արճիս եւ Լճկաձոր գյուղերը ավանդաբար խմելու ջրի պակաս ունեն, այդ գյուղերի բնակիչները խմելու ջուր են ստանում գյուղերի մոտակա անտառներում գտնվող աղբյուրներից սվող ջրագծերով, այդ աղբյուրների ջուրն ամռանը խիստ նվազում է։ Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ 420 միլիոն դրամ արժողությամբ ծրագիրը կիրականացվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ Ծրագրում համայնքի ներդրումը կազմելու է 16 միլիոն դրամ, այդ նպատակով «Ամերիա» բանկը 10 միլիոն դրամ է նվիրաբերել Այրում համայնքին։ Ա. Պարանյանը հայտնեց, որ ծրագրով նախատեսվում է Ստեփանավանի սարից ձգվող ջրագծից ջուրը պոմպերով մղել դեպի վերեւ՝ Արճիս եւ Լճկաձոր գյուղեր, կառուցել օրվա կարգավորիչ ջրամբար, խմելու ջրի ներքին ցանցեր։ Համայնքի ղեկավարի վկայությամբ մոտ մեկուկես ամսից ծրագիրն իրականացնող, շինարարություն կատարող կազմակերպության մրցույթ կանցկացվի։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ