ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարականից հետո տեսչական մարմինները ակտիվորեն սկսել են վերահսկողություն իրականացնել տնտեսվարողների մոտ կորոնավիրուսի համավարակը զսպելու համար:
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ իր ղեկավարած տեսչական մարմնի ռեսուրսները անսահմանափակ չեն՝ հանձնարարական է եղել նաեւ, որ աշխատանքներում ներգրավեն մյուս տեսչական մարմիններին:
«Առողջապահության նախարարության կողմից կանոնները պահպանելու սահմանված պահանջ կա այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք կարանտինի ընթացքում գործունեություն են իրականացնում»,- ասել է նա: Ավագյանի խոսքով՝ փորձելու են մյուս տեսչական մարմինների հետ համատեղ հրամաններով ոլորտային ավելի ուժեղացված ստուգումներ իրականացնել: Օրինակ՝ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ ստուգում են հանրային տրանսպորտը ոչ միայն Երեւանի, այլեւ մարզային. այն մարզերը, որտեղ վիրուսի աճն ավելի ինտենսիվ է, այդտեղ ավելի ուժեղ հսկողություն կլինի: Նա նշել է, որ կրթության տեսչական մարմնի հետ դպրոցներն ու նախակրթարաններն են ստուգելու, շուկայի վերահսկողական տեսչական մարմնի հետ էլ առեւտրի իրականացման վայրերի կազմակերպիչների մոտ ստուգելու են կանոնների պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը:
Դիտարկմանը՝ հսկողությունը կարծես վերջին ամիսներին թուլացել էր, Ավագյանն արձագանքեց, որ հիմա ավելի ինտենսիվ են լինելու դրանք. «Մենք սեպտեմբերի 11-ից մինչ այսօր չենք դադարել հսկողություն իրականացնել, բայց մեր տեսչական մարմնի մարդկային ռեսուրսն էլ այդքան շատ չէ»:
ԱԱՏՄ ղեկավարի խոսքով՝ այս պահին ունեն 234 աշխատակից, որոնց մի մասը սահմանային հսկիչ կետերում են հսկողություն իրականացնում, մյուս մասը տեսչական մարմնի տարեկան ստուգումներն են անում, իսկ մի մասն էլ ստուգայցեր է կատարում. «Ոչ մի օր չենք դադարել ստուգումները, բայց, ընդհանուր առմամբ, երբ նայում ենք՝ փողոցում կամ հանրային միջոցառումների ժամանակ մարդիկ դիմակ չեն կրում, վիզուալ առումով թվում է, թե հսկողություն չկա»:
Ըստ Ավագյանի՝ այս տարվա հունվարից մինչեւ մարտի 26-ը 9113 ստուգայց են իրականացրել. «Իսկ նախորդ տարի սեպտեմբերի 16-ից մինչ դեկտեմբերի 31-ը 10.330 ստուգայց ենք կատարել: Սա ցույց է տալիս, որ ստուգայցերի պարբերականությունը չի դադարեցվել»:
Ավագյանն ընդգծեց, որ մինչ կարանտին սահմանելը մշտադիտարկում էր իրականացվում, խախտումները ներկայացվում էին պարետատուն, եւ տնտեսվարողի գործունեությունը դադարեցվում էր 24 ժամով, 48 ժամով եւ այլն. «Իսկ ներկայիս ստուգայցերն իրենց բնույթով նման են վարչական վարույթների: Եթե խախտում է արձանագրվում, դրան հետեւում է գործի լսում, քննություն: Տնտեսվարողի ներկայացուցիչը հրավիրվում է տեսչական մարմին, ինչը ժամանակատար է»:
Նրա խոսքով՝ առաջին խախտման դեպքում տնտեսվարողին նախազգուշացնում են, կարգադրագիր են տալիս, որ թերությունները վերացնեն, որից հետո տուգանք է կիրառվում՝ 100-300 հազար դրամի չափով՝ կախված խախտման տեսակից ու բնույթից. «Եթե 1 տարվա ընթացքում 2-րդ անգամ է խախտում լինում, մինչեւ 500 հազար դրամ տուգանք կարող է սահմանվել»:
Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը էլ նշել է, որ իրենց տեսչական մարմինը թե՛ սննդի արտադրություններում, թե՛ սննդի օբյեկտներում պլանային ստուգումների հետ մեկտեղ նաեւ կորոնավիրուսի վերահսկողություն է իրականացնում: Ավետիսյանի խոսքով՝ վերահսկողությունն իրականացնում են առողջապահության նախարարի հրամանի շրջանակներում. առաջին խախտման ժամանակ նախազգուշացում են տալիս, իսկ 2-րդ խախտման դեպքում արդեն տուգանում են 150- 500 հազար դրամ:
ԱԳՆ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 2016 թվականի ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ: «2016 թ. ապրիլին, խախտելով 1994թ. Կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը, կիրառելով իր հարձակողական ողջ զինանոցը, լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը: Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվեցին բազմաթիվ պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, մասնավորապես՝ արձանագրվեցին հայ ռազմագերիների եւ խաղաղ բնակչության դաժան սպանությունների, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի բազում դեպքեր: Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ռազմական հանցագործությունների չդատապարտված լինելու հանգամանքը հաջորդ տարիների ընթացքում է՛լ ավելի սաստկացրեց այդ երկրի ռազմատենչ նկրտումները, ինչի կիզակետը դարձավ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ նոր լայնածավալ պատերազմի սանձազերծումը՝ Թուրքիայի աջակցությամբ եւ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ: Միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա ցայսօր շարունակվող Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, միջազգային իրավունքի հանդեպ ծայրահեղ անարգանքին եւ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններից հրաժարվելու փորձերին: Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ ժողովրդի ցուցաբերած միասնականությունն ու մեր հերոսների սխրանքները հավերժ կմնան մեր պատմության եւ սերունդների հիշողության մեջ»:
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ռազմագործողությունների ընթացքում զոհված եւ մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները շարունակվել են փրկարարական մեկ ջոկատով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում. տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Ըստ հաղորդագրության՝ զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՏԿԱՑՆԵ՞Ն
Ամերիկյան Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը Միացյալ Նահանգներին կոչ է անում ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին եւ Արցախին՝ հաշվի առնելով իրավիճակը, որ ստեղծվել է անցյալ տարի թուրք-ադրբեջանական ավերիչ հարձակումներից հետո: Կոնգրեսականների նամակում ասվում է, որ օգնությունն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը՝ տների վերականգնման, վերակառուցման աշխատանքների, սննդային անվտանգության ապահովման, դեղերի, ջրի մատակարարման եւ այլ առաջնահերթ խնդիրների լուծման համար: Հայամետ կոնգրեսականներն առաջարկում են, մասնավորապես, 2 միլիոն դոլար ուղղել Լեռնային Ղարաբաղում կոնվենցիոնալ զենքի ոչնչացման ծրագրին, 100 միլիոն դոլար՝ Պետդեպարտամենտի եւ USAID-ի միջոցով Հայաստանին տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության եւ անվտանգության ոլորտներում աջակցությանը: Կոնգրեսականները կոչ են անում նաեւ դադարեցնել ամեն տեսակի ֆինանսական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ երաշխավորված չէ Հայաստանի եւ Արցախի դեմ հարձակումների դադարեցումը:
ԴԵՊՔԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 1116-ՈՎ
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1116-ով՝ հասնելով 194 հազար 852-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 19 դեպք. հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 864-ով եւ հասել 174 հազար 545-ի: Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 4 հազար 830 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 864 հազար 876-ի: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 552-ի, եւս 904 վարակակիր մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 15 հազար 851 մարդ։