««Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների գովազդների ցուցադրման գրաֆիկը սահմանափակել, ըստ որի՝ դրանք կարող են հրապարակվել միայն երեկոյան ժամը 10-ից մինչեւ առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում:
Առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն այն ընդունել է, եթե 2-րդով էլ անցնի, ապա ավելի քան 50 լրատվական կայք կզրկվի իր բյուջեի մոտավորապես 70 տոկոսից: «Շամշյան մեդիայի» ղեկավարը դեմ է խաղամոլությանը, բայց, նրա համոզմամբ, սա հարցի լուծում չէ, ավելին՝ միտված է միայն ազատ մամուլի ճնշմանը, քանի որ հնարավոր չէ վերահսկել սոցիալական ցանցերի, օտարերկրյա ծագում ունեցող ժամանցային կայքերի գովազդը: «Սա լինելու է ցավալի հարված հայկական մամուլին. մամուլը կա՛մ պետք է փակվի, կա՛մ պետք է փորձի գտնել եկամուտի այլ աղբյուր, քաղաքական պատվերներ կատարի»,- համոզված է «Շամշյան մեդիա» ՍՊԸ տնօրենը:
Ազատ մամուլի ֆինանսական անկախությունը օրենքով սահմանափակելու փորձերը սկսվել են դեռեւս նախորդ տարվանից: Իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հեղինակած եւ արդեն օրենքի ուժ ստացած նախագծի փոփոխություններից մեկը վերաբերում էր լրատվական կայքերում գովազդային վահանակի չափսերին, որի համաձայն՝ վահանակն իր ծավալով չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20%-ից ավելին: Գեւորգ Էմին-Տերյանի պնդմամբ՝ դա փնթի որոշում է, քանի որ հստակ ձեւակերպված չէր, թե էկրանի վրա երեւացող էջի մասին է խոսքը, թե մյուս էջերի, ով պետք է վերահսկի եւ այլն. «Մենք՝ որպես բարեխիղճ լրատվամիջոց, հետեւում էինք այս օրենքին, բայց կային իշխանամերձ լրատվամիջոցներ, որոնք խախտում էին այս օրենքը: Այս օրենքը ուղղված է անկախ մամուլի ոչնչացմանը, քանի որ բուքմեյքերական ընկերությունները քաղաքացիների ուշադրությունը կարող են գրավել «Ֆեյսբուք»-ում, «Յութուբ»-ում եւ այլ հարթակներում, բացի այդ մետրոպոլիտենի կայարաններում, փողոցներում կան նրանց գովազդային վահանակները:
Իրավաբան Լիլիա Սիմոնյանը փաստաթուղթն ուսումնասիրել է եւ նկատել, որ այնտեղ որեւէ չափորոշիչ չկա, ներկայացված չեն նաեւ հետազոտություններ, թե ինչ աստիճանով կարող է այդ փոփոխությունը կրճատել խաղամոլների քանակը. «Ցավոք սրտի, վերջին ժամանակահատվածում մենք հանդիպում ենք մի պրակտիկայի, երբ օրենսդիրը իր վարչարարական բացթողումները լրացնելու փոխարեն ընդունում է իրեն հարմար իրավական ակտ (օրենքում կատարում է համապատասխան փոփոխություն), մինչդեռ ցանկացած իրավական ակտ պետք է լինի հիմնավորված եւ ծառայի իր նպատակին: Օրենսդրի նման պրակտիկան անընդունելի է»,- համոզված է իրավաբանը: Նրա խոսքով՝ չի կարող որեւէ պետական մարմնի հարմարավետությունը սահմանափակել որեւէ սուբյեկտի, որեւէ անձնի ազատությունը:
Գեւորգ Էմին-Տերյանի մեկ այլ վարկածով էլ օրենքի այս նախագծի առաջքաշումը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ դաշտի ամենախոշոր բուքմեյքերական ընկերությունը, իր ունեցած իշխանամերձ կապերն օգտագործելով, փորձ է անում մենաշնորհային դաշտ ստեղծել. «Պատերազմի ժամանակ բուքմեյքերական խոշոր ընկերություններից տեսել են, որ կայքերում անջատված գովազդն իրենց եկամուտը չի պակասեցնում, բայց վախենալով, որ փոքրերը կարող են գերազանցել՝ որոշել են օրենքով արգելել, որ իրենց կայուն դիրքերը պահպանեն»:
Օրենքի նախագծում նաեւ նշել են, թե դրա ընդունման դեպքում պետական բյուջեում ծախuերի եւ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, ապա հարց է առաջանում՝ ինչպե՞ս. եթե լրատվական կայքերի եկամուտները զգալի տոկոսով կրճատվեն, ապա տրամաբանորեն, նույնքանով կնվազի Շահութահարկի եւ Ավելացված արժեքի հարկի ծավալը:
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը գործարկել է բարձրլեռնային եւ սահմանամերձ համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային համակարգը: ԿԳՄՍՆ-ից ArmLur.am-ին հայտնել են, որ յուրաքանչյուր ոք, ով համապատասխանում է ուսուցիչ աշխատելու չափորոշիչներին եւ ցանկանում է համալրել բարձրլեռնային եւ սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում առկա թափուր աշխատատեղը, կայքի միջոցով կարող է ներկայացնել առցանց դիմում։
Մուտք գործելով կայք՝ հայտատուն գրանցվում է՝ ստեղծելով իր օգտահաշիվը, եւ մի քանի պարզ գործողություններով նախ լրացնում է դիմումը, ապա կցում պահանջվող փաստաթղթերը:
Կայքում հասանելի է թափուր աշխատատեղի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը՝ աշխատավարձի չափ, ժամաքանակ եւ այլն։
Ստացված դիմումների հիման վրա՝ ԿԳՄՍ նախարարությունում ձեւավորվում է ամբողջական, մշտապես լրացվող, ավտոմատացված տվյալների բազա, որի ուսումնասիրությունից հետո նախարարությունը պայմանագրի կնքման համապատասխան առաջարկություն է ներկայացնում թափուր հաստիքին առավելագույնս համապատասխանող հայտատուին։
Հայտատուն ավտոմատացված կերպով իր օգտահաշվում անմիջապես տեսնում է առաջարկը եւ համաձայնում կամ մերժում այն։ Աշխատանքի երեք առաջարկ չընդունելու դեպքում տվյալ հայտատուի դիմումները նախարարության կողմից չեն դիտարկվի հաջորդող երեք տարիների ընթացքում։
Կայքը հնարավորություն է տալիս մեկ վայրում իրական ժամանակում տեսնել բարձրլեռնային եւ սահմանամերձ համայնքների դպրոցներում առկա ուսուցչական բոլոր թափուր հաստիքները, որոնք տվյալ պահին մրցութային կարգով համալրված չեն։
Կայքի գործարկումը թույլ է տալիս էականորեն նվազեցնել վարչարարությունը, կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաեւ թափուր աշխատատեղերի դիտարկման համար ծախսվող ժամանակը։ Ծրագրի նպատակը բարձրլեռնային եւ սահմանամերձ համայնքների դպրոցներում առկա թափուր աշխատատեղերի համալրումն է որակյալ մասնագետներով, ինչպես նաեւ դպրոցում կրթության որակի ապահովումը։
Ուսուցիչ աշխատելու չափորոշիչներին համապատասխանող եւ բարձրլեռնային եւ սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում առկա թափուր աշխատատեղը համալրել ցանկացող անձինք արդեն իսկ կարող են կայքի միջոցով ներկայացնել առցանց դիմում: