«ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵՄ ԱՅԴ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

AAD ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի տարբերվող էր: Ողջ երեկոյի ընթացքում հուզմունքն ուղեկցում էր երեկոյի հյուրերին, մրցանակակիրներին. ի վերջո կողք կողքի էին արցախյան պատերազմի վիրավոր հերոսներն ու զոհված զինծառայողների հարազատները: Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցու սպասավոր Արժանապատիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանի մրցանակաբաշխության ամենակարեւոր անվակարգերում մրցանակները հանձնելու պատիվը վերապահվել էր ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրիկին՝ Գայանե Անտոնյանին, եւ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, ավագ-լեյտենանտ Տիգրան Պողոսյանի մայրիկին՝ Սիլվա Մանասյանին:

 

Նրանք մրցանակներ հանձնեցին 44-օրյա պատերազմի անմահացած հերոսների հարազատներին: Այսպիսով, «Տարվա սխրանք» անվանակարգին հետմահու արժանացան հայրենիքի համար իրենց կյանքը զոհած Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը, Վարդան Ամալյանը, Մխիթար Գալեյանը, կրտսեր սերժանտ Ալբերտ Հովհաննիսյանը, ՀՀ ԶՈՒ սպա Արտուշ Արզումանյանը, դերասան Հովհաննես Հաջինյանը: «Տարվա սխրանք» հատուկ անվանակարգում մրցանակի արժանացան նաեւ վիրավոր հերոսները, որոնք եւս ներկա էին մրցանակաբաշխությանը:

Հայ երգարվեստում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացավ երգչուհի Լուսինե Պողոսյանը: Ի դեպ, նա իր անմիջական մասնակցությունն է ցուցաբերել հայրենիքի պաշտպանության նվիրական գործում: Մրցանակաբաշխությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց ուղղեց Լուսինե Պողոսյանին:

-Տիկի՛ն Պողոսյան, ի՞նչ է փոխվել նախորդ տարվանից հետո, ի՞նչ են Ձեզ տալիս այսպիսի մրցանակները:

-Սա իմ առաջին մրցանակն է՝ այս կազմակերպության կողմից տրված, որի համար շնորհակալ եմ, որ արժեւորել են որպես երգչուհու, որը 44 օր գտնվել է զինվորների կողքին: Թեպետ ցավոտ է սա ինձ համար, քանի որ այսպիսի առաջին մրցանակս է: Ցավս խորն է, եւ փոխվել է այն, որ չեմ կարող այլեւս լինել առաջվանը: Իմ մեջ այժմ կա վրեժխնդրության եւ պատասխանատվության զգացում իմ ապագայի, իմ պետականության համար: Միայն կարող եմ ինձ եւ իմ ժողովրդին ուժ ու կորով ցանկանալ: Համբերենք եւ հաղթենք, եւ թող այլեւս ոչ մի մրցանակաբաշխություն այսպիսի տխուր նոտայով չավարտվի: Պետք է միասնական լինենք:

-Ինչպե՞ս եք պատկերացնում այդ միասնականությունը, եւ ի՞նչն է խանգարում այժմ միասնական լինել:

-Չեմ կարծում՝ մենք միասնական ենք, դեռ տեղ ունենք: Միասնական լինելը միայն խոսքով չէ, միասնական լինելը միայն Եռաբլուրում ծաղիկ դնելը չէ, միասնական լինելը զինվորի կենաց խմելը կամ հող ու ջրի մասին երգելը չէ: Միասնական լինելու համար պետք է հոգով լինես հայրենասեր եւ պատասխանատվություն ունենաս քո հայրենիքի համար: Մենք բոլորս ունենք մեր մեղավորությունը, որ այժմ գտնվում ենք այս վիճակում: Մենք պետք է բոլորս միասնական ոտքի կանգնենք, մի բռունցք դարձած՝ գոռանք՝ «Նիկո՛լ, դավաճան», եւ այդ ժամանակ ես  վստահ եմ՝ մեր երկրի ապագան լավը կլինի:

-Ձեզ մշտապես տեսնում ենք հանրահավաքների ժամանակ: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ բոլորը ոտքի չեն կանգնում:

– Ես ունեմ իմ անձնական կարծիքը: Ես Արցախից վերադարձել եմ նոյեմբերի 10-ին եւ մյուս օրվանից  ամեն օր մասնակցել եմ հանրահավաքի, ոչ մեկը բաց չեմ թողել ու չեմ թողելու: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ մեր երկրի համար, եթե անգամ միայն ես մնամ: Ես ուզում եմ տեսնել այս դավաճանների պատիժը, թեպետ Աստված ավելի առաջ կընկնի եւ ավելի դաժան դատաստան կտա: Իսկ թե ինչու մյուսները ոտքի չեն կանգնում, թող իրենց խղճի եւ Աստծո առաջ պատասխան տան: Ես վստահ եմ՝ բոլորը կարող են դեռ արթնանալ: Թող արթնանան, որովհետեւ հետո ուշ է լինելու: Իսկ ես ֆիքսել եմ այն մարդկանց, որոնք ոտքի չեն կանգնել, եւ եթե մի բան փոխվի թեկուզ մեր արյան գնով, հանկարծ ու հանկարծ չփորձեն նրանք խոսեն հայրենասիրությունից կամ մեր տղաների արյունից. այդ ժամանակ կլինեմ ավելի կոշտ:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

«ԴՈՐԻԱՆՍ»-Ը ԿՄԻԱՎՈՐՎԻ

«Դորիանս» ռոք խմբի անդամները տասը տարվա  դադարից հետո կմիավորվեն եւ  երկրպագուներին կներկայացնեն «Մենք պիդ կանգնինք» երգի տեսահոլովակը: Այս մասին հայտնել է պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը, որը տարիներ շարունակ համագործակցել է «Դորիանսի» հետ: «Պատերազմի օրերին, երբ ակնհայտ էր, որ մեր փրկությունը մեր միասնական լինելու եւ համախմբվելու մեջ է, միտք առաջացավ միավորելու մի թիմ, որը գրեթե տասը տարի գոյություն չունի։ Միավորվել եւ կատարել մի աշխատանք, որը կոգեւորի մեր ազգին։ Խոսքս «Dorians»-ի մասին է։ Պատերազմն ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց, եւ հիմա մենք պարտավոր ենք ոտքի կանգնել՝ հանուն այն տղերքի, որոնք զոհվեցին, հանուն նրանց ընտանիքների, հանուն մեր երեխաների եւ մեր երկրի ապագայի»,- գրել է պրոդյուսերը:

Նա շեշտել է, որ Վարդան Զադոյանի, Գոռ Սուջյանի, Արման Փահլեվանյանի, Արման Ջալալյանի, Էդգար Սահակյանի, Արտյոմ Մանուկյանի հետ համախմբվել են մեկ գաղափարի շուրջ՝ ցույց տալու, որ դա հնարավոր է: Գեւորգյանի խոսքով՝ մենք ազգովի պարտավոր ենք միավորվել, առավել եւս՝ հիմա։ «Չկիսել ու չկիսվել, չատել ու միայն սիրել, հարգել զոհերին եւ միմյանց. միայն այսպես մենք կկանգնենք։ Երգը, որը շուտով մենք կներկայացնենք, կոչվում է «Մենք պիդ կանգնինք»: Երաժշտությունը գրել է Գոռ Սուջյանը, խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է»,-նշել է նա:

Մարտի 31-ին ավարտվել են տեսահոլովակի նկարահանումները: Հոլովակի սցենարիստ եւ ռեժիսոր՝ Վարդան Զադոյան, օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, դերասանը՝ Հայկ Իսրայելյանը:

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Լոնդոնի «Չելսին» պայմանագիր կառաջարկի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին, որը ամռանը կհեռանա «Մանչեսթեր Սիթիից», սակայն ցանկանում է մնալ Անգլիայի պրեմիեր լիգայում: «Չելսին» հիմա համարվում է ֆավորիտը Ագուերոյի հետ համաձայնության հասնելու հարցում։ 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Թուրինի «Յուվենտուսը», Միլանի «Ինտերը», Փարիզի ՊՍԺ-ն եւ կատալոնական «Բարսելոնան»։ Վնասվածքների եւ կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով 32-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է ընդամենը 8 հանդիպման, խփել 1 գոլ։ Ագուերոն 2011-ին Մադրիդի «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Արգենտինացին անգլիական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է 257 գոլով:

 

 

ՓՈՐՁԱՇՐՋԱՆ

«Ռեալի» սան Էնցո Զիդանը փորձաշրջան է անցնում հյուսիսամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիում», որի համասեփականատերն է Անգլիայի հավաքականի նախկին աստղ Դեւիդ Բեքհեմը: Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի 26-ամյա որդու նախորդ ակումբը եղել է իսպանական «Ալմերիան», որից հեռացել էր 2020թ. հոկտեմբերին։ Էնցո Զիդանը հանդես է եկել նաեւ «Ալավեսում», «Լոզանում», «Ռայո Մախադաոնդայում», «Ավեշում»։

 

 

ՈՒԶՈՒՄ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

«Բոկա Խունիորսը» ցանկանում է անվճար ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանիին: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան: Աղբյուրի համաձայն՝ արգենտինական ակումբը կփորձի ձեւակերպել ֆուտբոլիստի տրանսֆերը, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ընթացիկ պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2021 թվականի հունիսը: Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Կավանին ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»:

 




Լրահոս