«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» նախընտրական ցուցակն այս անգամ տարբերվելու է նախորդից։ Ի տարբերություն 2018-ի, երբ ցուցակը ձեւավորում էր կուսակցության վարչությունը, եւ վարչության հիերարխիայի ներկայացուցիչներին, այսպես ասած, իրավունք էր տրված մի խումբ «յուրայինների» մտցնել ցուցակ, այս անգամ Փաշինյանը միայնակ է կազմում ցուցակը, եւ այն արտահայտելու է նրա՝ որեւէ կուսակցից գոհ կամ դժգոհ լինելու փաստը։
Հաջողվեց պարզել, որ առաջին տասնյակը հետեւյալ պատկերն է ունենալու, թեեւ նախնական է․ այն կգլխավորի Փաշինյանը, երկրորդ-չորրորդ տեղերը կբաշխվեն Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի եւ Լենա Նազարյանի միջեւ, դեռ վերջնական որոշում չկա՝ ով է լինելու առաջինը։ Հինգերորդ հորիզոնականում Փաշինյանը տեսնում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, ապա՝ Սուրեն Պապիկյանին, ութերորդը՝ Տիգրան Ավինյանին, եւ քանի որ ցուցակի 30 տոկոսը պետք է կանանց ընդգրկել, եւ ամեն 4-րդը պետք է կին լինի, իններորդ հորիզոնականը կհատկացնեն Լիլիթ Մակունցին, տասը՝ Արայիկ Հարությունյանին։
Ի դեպ, Լիլիթ Մակունցի եւ Արփի Դավոյանի միջեւ, որոշ տեղեկություններով, լուրջ մրցապայքար է գնացել 2-րդ կնոջ տեղի համար, ի վերջո, հաղթել է Մակունցը, չնայած պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ ՀՀ դեսպանի կարգավիճակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում