ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցցանց իր էջում գրում է․
«Իմացա երկրի թիվ մեկ ամբաստանյալը հարցազրույց է տվել
ռուսական հեռուստաընկերությանը։ Դիտողներին մի քանի հարց տամ․
Պոզները հարցրե՞ց 98թ․ կեղծ տեղեկանքով նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։
Հարցրե՞ց նախագահական ընտրություններում գործադրված բռնությունների և համատարած կեղծիքներով ընտրությունների մասին։
Հարցրե՞ց 98թ․ օգոստոսի 6-ին գլխավոր դատախազի սպանության մասին։
Հարցրե՞ց 98թ․ Կոնյակի գործարանի կասկածելի սեփականաշնորհման գործընթացի մասին։
Հարցրե՞ց, որ 98թ․ Քոչարյանը համաձայնեց Մինսկի խմբի առաջարկած Արցախի և Ադրբեջանի ընդհանուր պետության գաղափարին։
Հարցրե՞ց 98թ․ դեկտեմբերի 10-ին ռազմական ոստիկանության պետ Վահրամ Խորխոռունու սպանության մասին։
Հարցրե՞ց 99թ․ փետրվարի 9-ին փոխոստիկանապետ Արծրուն Մարգարյանի առեղծվածային սպանության մասին։
Հարցրե՞ց 99թ․ հոկտեմբերի 27-ին Վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանի և Ռուբիկ Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Միքայել Քոթանյանի և Արմենակ Արմենակյանի և պետնախարար Լեոնարդ Պետրոսյանի սպանությունների մանրամասների մասին։
Հարցրե՞ց 99թ․ Հոկտեմբերի 27-ին հաջորդած քաղաքական հետապնդումների և հալածանքների մասին։
Հարցրե՞ց 2001թ․ ԱՄՆ Քի Ուեսթ կղզում Մեղրիի փոխանակման ծրագրի մասին և Հայաստանի տված համաձայնության մասին։
Հարցրե՞ց 2002թ․ Գույք պարտքի դիմաց գործարքի մասին, որով Հայաստանը կուտակած 100 միլիոն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցեց մի քանի միլիարդ դոլարի արժեք ունեցող արդյունաբերական ձեռնարկություններ։
Հարցրե՞ց 2003թ․ կրակոցներով և ջարդարարությամբ ուղեկցված նախագահական ընտրությունների մասին։
Հարցրե՞ց 2003թ․ պահուստային 1.4 տոննա ոսկին $17 միլիոնով վաճառելու առեղծվածային պատմության մասին։
Հարցրե՞ց 2003թ․ Աշոտ Բլեյանին մտացածին հոդվածով ազատազրկելու մասին։
Հարցրե՞ց 2004թ․ ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում ընդդիմադիր առաջնորդների և լրագրողների նկատմամբ դաժան հաշվեհարդարի մասին։
Հարցրե՞ց 2005թ․ սահմանադրական փոփոխությունների «ուրվականների» անունը ստացած հանրաքվեի մասին։
Հարցրե՞ց 2006թ․ ընդդիմադիր թերթի խմբագիր Արման
Բաբաջանյանի ձերբակալության և ազատազրկման մասին։
Հարցրե՞ց 2006թ․ Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի ձերբակալության և ազատազրկման մասին։
Հարցրե՞ց 2007թ․ ԱԺ ընտրությունների խայտառակ որակի մասին։
Հարցրե՞ց 2007թ․ ստորագրված Մադրիդյան սկզբունքների մասին։
Հարցրե՞ց 2008թ․ մարտի 1-ի սպանդի մասին, որի ժամանակ սպանվեցին 8 խաղաղ ցուցարար և երկու ոստիկան։
Հարցրե՞ց 2008թ․ հարյուրավոր քաղբանտարկյալների մասին։
Հարցրե՞ց իր պաշտոնավարման տարիների արտագաղթած տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների, քաղաքական հալածանքների, առեղծվածային մահերի և հետապնդումների մասին
Հարցրե՞ց, թե պաշտոնավարման տասը տարիներին քանի գործարար է ունեզրկվել, քանի քաղաքացու սեփականություն է խլել, քանի երևանցի է մնացել առանց սեփական տան․․․
Հարցրե՞ց․․․
Հարցրե՞ց․․․
Հարցրե՞ց․․․
Հարցրե՞ց․․․»