Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների բնույթը կախված չէ ապագա արտահերթ ընտրությունների արդյունքներից։ Ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցից առաջ «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները բավական հարուստ ու ընդարձակ են։
Դրանք հիմնված են մեր բարեկամ ժողովուրդների պատմական մերձեցման վրա։ Այդ հարաբերությունների բնույթը կախված չէ ապագա արտահերթ ընտրությունների արդյունքներից»,- ասել է Փաշինյանը։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նա հիշեցրել է, որ Հայաստանի ու Թուրքիայի սահմանը 1993 թվականին միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից։
«Հայաստանը մշտապես կողմ է եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների, սակայն դա մերժվել է հենց Թուրքիայի կողմից։ Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել ընդդեմ Արցախի Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա ագրեսիայի ընթացքում։
Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին ուղիղ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել՝ ԼՂ հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա զինյալ ահաբեկիչների։ Այս համատեքստում կայուն խաղաղության հաստատման ու տարածաշրջանում տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիան պետք է փոխի իր ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի դեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։