Արարատ Միրզոյանը քրեորեն պատժելի արարք է թույլ տվել. կպատժվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի կողմից խախտում է տեղի ունեցել ու դրա համար առաջին հերթին պետք է պատասխանատվություն կրի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը, ինչպես դա եղավ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պարագայում: Բանն այն է, որ բուռն քննարկման արժանացած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ուղարկվել ժամկետների խախտումով՝ երկու օր ուշացումով։

Մասնավորապես, ԱԺ-ն նախագիծը նախագահական ուղարկել է ապրիլի 2-ին, մինչդեռ վերջնաժամկետը մարտի 31-ն էր։ Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 83-րդ հոդվածն ասում է. «Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով»: Այս նախագիծը  խորհրդարանում ընդունվել է մարտի 24-ին, սակայն նախագահին է ուղարկվել ապրիլի 2-ին է ուղարկվել, իսկ սա նշանակում է՝ երկու օր ուշացումով։ Այսինքն, հենց օրենսդիր մարմինն է խախտել ժամկետները: Ընդ որում, նախագահական ուշացումով է ուղարկվել ոչ միայն  «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին», ինչպես նաեւ «Հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին» օրենսդրական փաթեթները եւ երկայումս խնդիրը քննարկվում է հանրապետության նախագահի աշխատակազմում, թե ինչպես վարվել սրանից հետո: Այսինքն խորհրդարանի եւ հենց նրա ղեկավարի կողմից խախտում է եղել:

Այստեղ նկատենք, որ Հատուկ Քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել եւ մեղադրանք առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին, թե նա օրենքի խախտում է թույլ տվել հանուն Հրայր Թովմասյանի: Մասնավորապես, ՀՔԾ հաղորդագրության համաձայն,  նախկին պաշտոնյաներն այնպես են արել, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը հայտարարի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին այն ժամանակ, երբ դեռ այդ հրաժարականը չի եղել, ինչից հետո էլ արդեն խորհրդարանը հին՝ 2005-ի Սահմանադրությամբ՝ մարտի 21-ին Թովմասյանին նշանակել է Սահմանադրական դատարանի նախագահ:

Ըստ ՀՔԾ-ի՝ Գագիկ Հարությունյանի կողմից մարտի 1-ին ստորագրված հրաժարականի մասին դիմումը ԱԺ է հասել մարտի 5-ին, բայց Արա Բաբլոյանը դեռ մարտի 2-ին արդեն հայտարարել է Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին։ Հիմա էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է թերեւս մոռացել, որ խորհրդարանի կողմից ընդունված նախագծերը պատշաճ կարգով պետք է ուղարկել նախագահին:




Լրահոս