ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԱՏՉԵԼԻ ԿԴԱՌՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

 

Ընթացիկ իրավիճակը

Գործող կարգով սահմանված չեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության հետ կապված անհրաժեշտ ուսումնաօժանդակ անձնակազմի հստակ ձեւակերպումը եւ պահպանման ծախսերի հաշվարկը: Բացակայում է նաեւ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կազմում գործող մասնաճյուղերի ֆինանսավորման կարգը:

Նախագծի նպատակը

Նախագծի համաձայն՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման ավելացում է նախատեսվում: Կարգի փոփոխության նպատակն է համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում բարձրացնել մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման մատչելիությունը: Ըստ այդմ՝ կարգում կատարված փոփոխությունը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ իրականացնել կրթությանն աջակցող մանկավարժական եւ հոգեբանական ծառայությունները, մասնավորապես՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից ուսումնամեթոդական, հոգեբանական եւ մանկավարժական աջակցություն ցուցաբերել ամրացված տարածքի յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում սովորող երեխաներին, ծնողներին եւ մանկավարժական աշխատողներին:

Նախագծի ընդունումը նպատակ ունի նաեւ շարունակական աջակցություն տրամադրել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին՝ համաձայն անհատական ուսուցման պլաններով սահմանված աջակցության ժամանակցույցի եւ ծավալի, որի ընթացքում անհատական ուսուցման պլանով աշխատելու գործընթացից սահուն տեղափոխում կապահովիի դեպի հանրակրթական ուսումնական պլանով ուսուցում եւ հակառակը:

Ֆինանսավորման նոր բանաձեւ

Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տարեկան ֆինանսավորման չափը որոշվում է մանկավարժահոգեբանական եւ ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմերի ամսական աշխատավարձային ֆոնդի, բարձրլեռնային բնակավայրերում տեղակայված կենտրոնների աշխատողներին տրվող լրավճարի, ինչպես նաեւ կենտրոնի պահպանման տարեկան ծախսերի գումարով: 2022 թվականի սեպտեմբերի 1-ից տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից սպասարկվող տարածքներում աշակերտների թվին են գումարվելու նաեւ կենտրոնի կողմից սպասարկվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների թիվը, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նաեւ կենտրոնի կողմից սպասարկվող նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների թիվը։ Քաղաքացիները եւ շահառու խմբերը մինչեւ ապրիլի 15-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

 

 

 

ՄԻՊ-Ի ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով`  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է 2020 թվականի գործունեության, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Այս մասին ArmLur.am-ին հայտնել են Արցախի ՄԻՊ գրասենյակից:

 

2020 թվականին Պաշտպանի աշխատակազմը ստացել է 377 դիմում 481 անձի կողմից` սոցիալական ապահովության, աշխատանքային, պատշաճ վարչարարության, սեփականության, ընտրական եւ մի շարք այլ իրավունքների վերաբերյալ:

Հարկ է նշել, որ նշված դիմումների ընդհանուր քանակի մեջ ներառված չեն պատերազմական գործողությունների ընթացքում ստացված հարյուրավոր դիմումները, քանի որ, իրավիճակի դժվարություններով պայմանավորված, պատշաճ վիճակագրություն վարել հնարավոր չէր:

Եթե նախքան պատերազմը դիմումները վերաբերել են հիմնականում վերը նշված իրավունքներին, ապա պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց կյանքին ու առողջությանը, անհայտ կորածների մասին տեղեկություններ ստանալուն, քաղաքացիական անձանց տարհանվելուն, սոցիալական ապահովությանը, աշխատանքային եւ այլ իրավունքներին ու հարցերին:

Տարեկան հաղորդման մեջ մանրամասն ներկայացված է նաեւ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետեւանքով մարդու իրավունքների խախտումները փաստագրելու նպատակով Պաշտպանի կողմից նախաձեռնված փաստահավաք առաքելության արդյունքները եւ դրանց հիմքով պատրաստված զեկույցները:

Հաղորդմամբ Պաշտպանն իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրել օրենսդրության մեջ եւ իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների վրա (սոցիալական ապահովության իրավունքի, սեփականության իրավունքի, առողջության պահպանման իրավունքի, արդար դատաքննության իրավունքի, ազատ տեղաշարժի իրավունքի, երեխաների իրավունքի, հաշմանդություն ունեցող անձանց իրավունքների, ազատազրկված անձանց իրավունքների եւ մի շարք այլ ոլորտների)` հանդես գալով կոնկրետ առաջարկներով այդ խնդիրների կարգավորման ուղղությամբ:

Պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնում մատնանշված խնդիրների լուծման նպատակով համագործակցել պետական լիազոր մարմինների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության հաստատությունների հետ:

 

 

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Նախորդ տարի Հայաստանի կառավարությունը ընդունել է ազատ տնտեսական գոտիների գործունեության համար նոր որոշում։ Այն հնարավորություն է տալիս ապահովել բարենպաստ ներդրումային պայմաններ, կրճատել վարչարարական ծախսերը։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:  Տնտեսվարողների համար ստեղծվել են ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների արտահանման եւ հետադարձ ներմուծման համար պարզեցված ընթացակարգեր` առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման եւ նոր մաքսային ընթացակարգով ապրանքների հայտարարագրման:

Նոր կարգով ձեւակերպված ապրանքների համար մաքսատուրքերի եւ հարկերի պարտավորություն չի ծագում, եթե ապրանքներն արտահանվում են՝

l տեխնիկական սպասարկման, վերանորոգման կամ բնականոն վիճակը պահպանելու,

l փորձարկման, ստուգման կամ այլ նմանատիպ գործառնություններ իրականացնելու,

l «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար մաքսային գործառնություններ իրականացնելու,

l սեփական արտադրական եւ տեխնոլոգիական կարիքների,

l վերամշակման, մշակման եւ որոշակի այլ փոփոխությունների նպատակով։

Պարզեցված կարգով արտահանման համար տնտեսվարողը ներկայացնում է դիմում մաքսային մարմիններին արտահանումից առնվազն երկու աշխատանքային օր առաջ։

Մաքսային մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է արտահանման թույլտվություն կամ մերժում է, եթե թույլտվության համար անհրաժեշտ պայմանները պահպանված չեն: Մաքսային մարմինը, դիտարկելով փաստաթղթերը, մեկօրյա ժամկետում իրավունք ունի պահանջել դիմումի մեջ առկա տեղեկատվությունը հաստատող փաստաթղթերը։

Դիմումատուի կողմից ներկայացվող դիմումի մեջ մաքսային մարմիններին ներկայացվում են մաքսային հայտարարագրի համարը, ապրանքի հերթական համարը, նկարագիրը, ծածկագիրը, քանակը եւ այն գործառնությունները, որոնք կարող են իրականացվել ապրանքի հետ: Դրվում է նաեւ ժամկետ հայտարարատուի կողմից ներկայացված պայմանագրին համապատասխան: Պայմանագրում նշված ժամկետից պակաս լինելու դեպքում մաքսային մարմինը կարող է երկարաձգել այդ ժամկետը, բայց ոչ ավելի, քան պայմանագրի ժամկետը:

Պարզեցված կարգով ապրանքների վերադարձը ազատ տնտեսական գոտու տարածք տեղի է ունենում հայտարարության միջոցով։ Նախկինում արտահանված ապրանքը հայտարարատուն վերադարձնում է առանց մաքսային հայտարարագրման։ Թե՛ արտահանման թույլտվությունը, թե՛ հայտարարությունը հաշվառվում են մաքսային մարմինների կողմից:

 




Լրահոս