«ՀՔԾ հաղորդման ձևակերպումներում գրեթե սպառնալիք կա». ՄԻՊ-ն անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ազգային ժողովին է ներկայացրել «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

Զեկույցում անդրադարձ է կատարված Հայաստանում խոսքի ազատության վիճակին: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը զեկույցում խոսել է նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ կապված գործընթացի մասին:

«Դեռևս 2019 թվականի ընթացքում Պաշտպանի անմիջական ուշադրությանն արժանացավ 2019 թվականի մարտի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածի հետ կապված հարցը, որի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմամբ՝ հատուկ քննչական ծառայության հաղորդման ձևակերպումներում «գրեթե սպառնալիք կա, (…), որը ոչ այլ ինչ է, քան ճնշում մամուլի, ազատ խոսքի նկատմամբ: Ըստ հրապարակման՝ օրաթերթը քննվող քրեական գործով կողմ չէ, հետևաբար ազատ է իր գործողություններում՝ հրապարակելու այն, ինչ չի արգելում լրագրողական էթիկան կամ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը:

Վերոգրյալի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանին մտահոգություն էր հայտնել նաև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը:

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ Հատուկ քննչական ծառայության հաղորդմամբ տրվել էին այնպիսի ձևակերպումներ, որոնք խնդրահարույց են: Մասնավորապես, տպավորություն էր ստեղծվում, թե իրականում քրեական գործը հարուցվել է լրատվամիջոցի կամ լրագրողի կողմից մասնագիտական գործունեության իրականացման՝ հոդվածի հրապարակման փաստով, այլ ոչ թե հատուկ սուբյեկտի կողմից նախաքննության տվյալները հրապարակելու փաստով: Պաշտոնական հաղորդագրությունից կարող էր ենթադրություն արվել, որ քննության ուշադրության կենտրոնում գտնվում է առաջին հերթին մասնագիտական գործունեություն իրականացնող տվյալ զանգվածային լրատվության միջոցը»:

Իսկ հոդվածները վերաբերում էին մարտի 1-ի գործով անցնող անձանց ցուցմունքներին: Քննչական այդ մարմինը խիստ անհանգստացած էր, որ օրաթերթը Մարտի 1-ի գործով որոշ նախկին ու ներկա պաշտոնյաների  (Ֆելիքս Թոխյանի, Գուրգեն Մելքոնյանի եւ Սերժ Սարգսյանի) ցուցմունքները հրապարակել է: Սակայն մենք դա արել ենք՝ պահպանելով Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքը:




Լրահոս