ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան է բնակարանների գինը Երևանում. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անշարժ գույքի շուկայի վրա բացասաբար է անդրադարձել ոչ միայն Covid-19 վարակը, այլեւ՝ պատերազմական դրությունը: Սրան գումարվել է նաեւ դոլարի փոխարժեքի բարձրացումը:

Մասնագետների խոսքերով, քաղաքացիները չեն շտապում բնակարան գնել, բացի այդ մարդկանց գնողունակության անկման պատճառով բավականին նվազել է է անշարժ գույքի գործարքների քանակը:

Պարզվում է՝անշարժ գույքի երկրորդային շուկայում է պասիվ ժամանակաշրջան սկսվել: Իսկ մինչ այդ, երկրորդային շուկայից օգտվում էին արտերկրում ապրող մեր հայրենակիցները: Իսկ կորոնավիրուս վարակի պատճառով դրսում ապրող հայերի գերակշիռ մասը չկարողացավ Հայաստան գալ:

Բայց մյուս կողմից, անշարժ գույքի շուկայի վրա իր բացասական հետեւանքներն է թողել դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ։ Չէ որ մեր հանրապետությունում անշարժ գույքի գները սովորաբար որոշվում են դոլարով, բայց բնակարանների առքուվաճառքը կատարվում է դրամով՝ տվյալ պահին դոլարին համարժեք գնով:

Դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառով բազմաթիվ քաղաքացիներ դանդաղում են բնակարան, տուն գնելու հարցում, սպասում են, թե երբ է այն նվազելու:

Ի դեպ, այս ամենի արդյունքում Երեւանում բնակարանների գները փոքր-ինչ նվազել են: ArmLur.am-ը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ կենտրոն վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը 3300 դրամով էժանացել է: Այսինքն այս տարվա հունվարին բնակարանի մեկ քմ-ի գինը կազմել է 608 հազար 500 դրամ, իսկ փետրվարին՝ 605 հազար 200 դրամ: Բայց նախորդ տարվա փետրվարին Փոքր Կենտրոնում բնակարանների մեկ քառակուսի մետրի գինը կազմել է 665 հազար դրամ: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում կենտրոնում անշարժ գույքի գինը 59 հազար 800 դրամով նվազել է:

Երեւանի մյուս բանուկ թաղամասում՝ Արաբկիր վարչական շրջանում, բնակարանի մեկ քմ-ի գինը 436 հազար 500 դրամից նվազել է՝ հասնելով 435 հազար դրամի: Իսկ ահա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանի գինն էժանացել է 1500 դրամով. այստեղ բնակարանի մկ քմ-ի գինը 315 հազար դրամից այն իջել է՝ դառնալով 313 հազար 500 դրամ:

Բայց Էրեբունի վարչական շրջանում եւ հունվարին եւ փետրվարին բնակարանի մեկ քմ գինը կազմել է 280 հազար 500 դրամ, իսկ Նուբարաշենում այն կազմել է 174 հազար 500 դրամ:

Թե ինչ կլինի առաջիկայում անշարժ գույքի շուկայում, դժվար է կանխատեսել, բայց անշարժ գույքի շուկան կկարողանա շնչել միայն այն ժամանակ, երբ տնտեսությունն ակտիվանա: Մյուս կողմից, տնտեսության, այդ թվում անշարժ գույքի շուկայի վրա բացասաբար անդրադառնում է նաեւ երկրում ստեղծված քաղաքական անկայուն վիճակը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս