Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ լավ հիշողություններ ունի Թուրինի «Յուվենտուսից», բայց այժմ կենտրոնացած է Իսպանիայում աշխատելու վրա: «Իտալիան իմ սրտում է, ես հինգ տարի անցկացրի Թուրինի «Յուվենտուսում», որը դեռևս կարևոր է ինձ համար: Բայց հիմա ես այստեղ եմ՝ «Ռեալում»,-Զիդանի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:
Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին, որ «Յուվենտուսը» աշխատանքից հեռացնելու է Անդրեա Պիրլոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, եթե թուրինյան ակումբը չորեքշաբթի օրը Իտալիայի առաջնության խաղում պարտվի «Նապոլիին»: Պիրլոյին փոխարինելու հավակնորդներից մեկը Զիդանն էր, ով իտալական ակումբում խաղում էր 1996-2001 թվականներին: 2016-2018 թվականներին Զիդանը գլխավորել է Մադրիդի «Ռեալը», իսկ 2019-ին վերադարձել է Արքայական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնին: