ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջնագծի անմխիթար վիճակն ու ՊՆ-ի անգործությունը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից 6 ամիս անց Հայաստանը ապահով առաջնագիծ չունի: Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի նոր սահմանները չունեն անգամ տարրական կահավորում, հայ զինծառայողները սահմանը պահում են սարերի վրա՝ առանց խրամատների եւ պաշտպանվելու համար նվազագույն պայմանների: Եվ այս իրավիճակը խոսում է Պաշտպանության նախարարության, նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի անգործության մասին: Մասնավորապես, պատերազմի ավարտից մինչ այսօր առաջնագծում ինժեներատեխնիկական որեւէ աշխատանք չի կատարվել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն եւ հետաքրքրվել՝ ինչու առաջնագծում ինժեներատեխնիկական աշխատանքներ չեն իրականացվում, որն է այդ ամենի պատճառը: ՀՀ պաշտպանության նախարարությունից բավականին ուշացումով, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, հայտնեցին. «ՀՀ ԶՈւ նոր հետպատերազմյան բնագծերում ինժեներական աշխատանքները կատարվում են մշտապես: Աշխատանքների ընթացքը երբեմն պայմանավորված է եղանակային պայմաններով, բարձրադիր լեռնային ռելիեֆով, ձյան շերտով (մինչեւ 3 մ հաստության), ճահճակալած եւ այսօր սառած տեղամասերով»: Այսինքն՝ ըստ էության, Պաշտպանության նախարարությունը եւս հաստատում է, որ առ այսօր առաջնագծի կահավորման համար որեւէ աշխատանք չի կատարվել, քանի որ 500 կմ-ից ավել առաջնագիծը հիմնականում ցուրտ բնակլիմայական պայմաններում է, բարձրադիր լեռնային ռելիեֆով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս