
Այսօր առավոտից լուրեր տարածվեցին, որ հայ ռազմագերիներ են Բաքվից վերադառնում Երևան: Լուրը ստանալուց հետո մի շարք ռազմագերիների ծնողներ, իմանալով, որ իրենց որդիները վերադարձողների ցանկում չեն, շրջափակել էին ՊՆ-ի շենքի մուտքերը։ Այնուհետև իշխանական պատգամավոր Նազենի Բաղդասարյանը հայտարարեց, թե օրերս գերիների խումբ կգա Հայաստան։ Factor.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատեց, որ այսօր գերիների մի խումբ կգա։ Սակայն քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բաքվից եկած ինքնաթիռը դատարկ է եղել:
Այս իրավիճակում հարց է առաջանում՝ արդյոք ստում են պաշտոնյաները՝ ասելով, թե ինքնաթիռը դատարկ է վերադարձել Բաքվից, որպեսզի չվերադարձած գերիների հարազատները չվրդովվեն, թե՞ վարչապետի մամուլի խոսնակն է ստել:
Ամեն դեպքում հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատները արդեն մի քանի ժամ է՝ շղթաներով կողպել են ՊՆ մուտքի դուռը:
Հավելենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, թե նոյեմբերի 10-ից հետո արդեն փոխանցել են բոլոր հայ գերիներին Ըստ այդ երկրի ԱԳՆ ղեկավարի` ռազմագերիների հարցն արդեն լուծված է ու թեման փակ է, բոլոր հայ գերիներին էլ վերադարձվել են եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։