ԱԱԾ-ում ավարտվել է պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Այս մասին հայտնել է Ազգային անվտանգության ծառայությունը: «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի եւ արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին նախկինում բազմիցս գտնվել է Թուրքիայի Հանրապետությունում, որի ընթացքում արդեն հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ հավաքագրվել նշված կազմակերպության ներկայացուցչի կողմից: Այնուհետեւ վերադառնալով մշտական բնակության վայր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին Թուրքիայում բնակվող իր ծանոթի միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը:
Տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին թշնամական գործունեությամբ զբաղվող նշված կազմակերպության ներկայացուցչից ընդունել է վարձատրության դիմաց, ի վնաս Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության, հանցավոր գործունեություն իրականացնելու, զինված ուժերի, սպառազինությունների մասին պետական գաղտնիք կազմող եւ այլ բնույթի տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ առաջարկը, որից հետո ստորագրել եւ համացանցային կապի միջոցով նշված անձին է ուղարկել համապատասխան բովանդակությամբ համաձայնագիրն ու ընտրել իր ծածկանունը:
Դրանից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին օգնություն ցույց տալու կապակցությամբ ծավալած հանցավոր գործունեության ընթացքում հավաքել է պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, ինչպես նաեւ այլ բնույթի տեղեկություններ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս եւ դրա դիմաց որպես վարձատրություն ստացել շուրջ 1500 ԱՄՆ դոլար գումար:
Նկարագրված արարքները կատարելու համար նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Պետական դավաճանությանն օժանդակելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ ՀՀ քաղաքացու կինը, ում նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց: Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել եւ տվել խոստովանական ցուցմունքներ:
2021 թվականի ապրիլի 5-ին հիշատակված 2 անձանց մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործն ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հետեւողական եւ անզիջում պայքար է տանելու օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման եւ խափանման ուղղությամբ, շարունակելու է ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության եւ պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ներքին եւ արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ:
ԱՊԱՌՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 2021թ. ապրիլի 1-ին ազատվել է Տավուշի մարզի ղեկավարի պաշտոնից եւ նշանակվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Սակայն մինչեւ մարզպետի՝ պաշտոնից ազատվելը Հայկ Չոբանյանը որոշում է ընդունել Տավուշի մարզում Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը, այդ թվում նաեւ՝ հանրային իրազեկման աշխատանքները լիարժեք կազմակերպելու եւ իրականացնելու համար հանձնաժողով ստեղծելու մասին։ Այդ որոշումը տեղադրված է Տավուշի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Մարզպետի որոշումներ» խորագրի ներքո։ Այդ որոշման մեջ՝ երկու տեղ՝ վերեւում եւ ներքեւում, գրված է դրա ընդունման օրը՝ 30 ապրիլի, 2021 թվական։ Որոշման մեջ նաեւ փոքրիկ թվերով գրված է՝ 31.03.2021։ Կարելի է մտածել, որ Հայկ Չոբանյանի եւ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային հերթական անփութությունն է, որ ապրիլի վերջին օրով որոշում են հրապարակել։
Վերոհիշյալ հանձնաժողովի նախագահ է նշանակվել Տավուշի մարզպետի խորհրդական Արբակ Գրիգորյանը, անդամներ՝ Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը, Տավուշի մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարներ, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյաներ։ Հանձնաժողով ստեղծելու որոշման հավելվածում նշված է, թե հանձնաժողովը ինչ գործընթացներ պետք է համակարգի։ Հանձնաժողովը պետք է համակարգի կորոնավիրուսի դեմ պատվաստումների ներդրման միջոցառումներ, միկոպլանավորում եւ հաշվետվությունների պարբերաբար ներկայացում մարզպետին եւ Առողջապահության նախարարություն։
Հանձնաժողովը պետք է նաեւ իրականացնի կորոնովիրուսի դեմ պատվաստումների գործընթացի մշտադիտարկում, ամենօրյա քննարկումներ, առկա խնդիրների բացահայտում եւ դրանց լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի մշտադիտարկում եւ արագ արձագանքում, բուժաշխատողների համար խորհրդակցությունների կազմակերպում եւ իրականացում, հանրային իրազեկման աշխատանքների կազմակերպում եւ իրականացում տեղական զանգվածային լրատվության միջոցների միջոցով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐ
Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հաղորդման հիման վրա՝ դատախազությունում քրեական գործեր են հարուցվել ադրբեջանական վերահսկողության ներքո անցած մի շարք համայնքների ղեկավարների կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից:
Արցախի Հանրապետության ՏԿԵ նախարարության կողմից 2021 թվականի փետրվարի 2-ին Արցախի Հանրապետության դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա իրականացված քննության արդյունքում քրեական գործեր են հարուցվել Ավետարանոց, Քիրսավան, Այգեկ, Տող, Մոշխմհատ, Վազգենաշեն եւ մի շարք այլ համայնքների ղեկավարների նկատմամբ:
«Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի նոյեմբերի 27-ի որոշմումների պահանջների համաձայն աջակցություն տրամադրելու միջոցառման շրջանակներում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը շահառու քաղաքացիների ճշգրտված ցուցակները տարամադրելու նպատակով Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարության կողմից իրականացվել են վերոնշյալ համայնքներում մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը հաշվառված եւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն 3 (երեք) ամիս նշված համայնքներում բնակված քաղաքացիների տվյալների ճշգրտման աշխատանքները:
Նշված գործընթացն իրականացվել է համայնքների ղեկավարների եւ վարչակազմերի ղեկավարների միջոցով՝ վերջիններիս կողմից ներկայացված ցուցակների հիման վրա: Սակայն գործընթացի իրականացման ընթացքում ի հայտ են եկել մի շարք անհամապատասխանություններ, ինչը հիմք է տվել ենթադրելու, որ նշված համայնքի ղեկավարները ներկայացրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ»,- մանրամասնում են գերատեսչությունից՝ հավելելով, որ հաշվի առնելով վերոգրյալը՝ ԱՀ ՏԿԵ նախարարությունը դիմել է ԱՀ դատախազություն, որպեսզի ձեռնարկվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ՝ պարզելու՝ արդյոք համայնքների ղեկավարների գործողությունները պարունակում են ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ, 323-րդ, 332-րդ կամ 334-րդ հոդվածներով սահմանված հանցակազմի տարրեր։