Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղոդման համափայն՝ հաշմանդամության կարգավիճակի սահմանման թերությունները և ոչ պատշաճհաղորդակցումը խախտում է մարդու իրավունքները: Այս մասին են վկայում ինչպես բողոքները, մշտադիտարկումը, այնպես էլ Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամների գնահատականները:
Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացվել են համակարգային խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծվել 2020 թվականի ընթացքում, այլև ավելի են խորացել հատկապես նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում և Ռազմական դրության ընթացքում:
Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները՝
1. բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում լիարժեք հաշվի չեն առնվում փորձաքննվողների կենսագործունեության իրական հնարավորությունները և կյանքի որակի փաստացի փոփոխությունները,
2. բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների որոշումների բողոքարկման գործող կարգն արդյունավետ չէ և որոշումները սովորաբար մնում են անփոփոխ: Խնդիրն էլ ավելի է խորանում բողոքը քննող իրավասու մարմնի նկատմամբ հանրային անվստահության պատճառով,
3. փորձաքննվողի ընտրած բժիշկ-ներկայացուցչի մասնակցության հնարավորությունը թեև նախատեսված է օրենսդրությամբ, սակայն դրա արդյունավետությունը գործնականում խնդրահարույց է,
4. ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով մարդիկ նոր հետազոտություններ չեն անում՝ չնայած առողջական վիճակի վատթարացմանը,
5. շարունակվում է չլուծված մնալ զինվորական անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց հսկողական կարգով վերափորձաքննության ենթարկելու և մի խումբ անձանց նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման հարցը: Մասնավորապես, նշանակված փորձաքննություններն ամիսներ շարունակ չեն իրականացվել և մարդիկ զրկվել են հաշմանդամության թոշակից և արտոնություններից՝ հայտնվելով էլի ավելի դժվարին իրավիճակում:
Այս խնդիրների կապակցությամբ Պաշտպանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ գործող չափորոշիչները չեն համապատասխանում հաշմանդամության սոցիալական մոդելին: Արդյունքում, հաշմանդամության փաստացի կարգավիճակը ոչ միշտ է համապատասխանում անձի իրական կարիքներին և կարողություններին:
Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել յուրաքանչյուր խնդրին առնչվող մանրամասն վերլուծություն համապատասխան առաջարկներով:
Մասնավորապես, Պաշտպանն առաջարկում է՝
1. վերանայել բժշկասոցիալական փորձաքննական որոշումների բողոքարկման գործող ընթացակարգերն այնպես, որ երաշխավորվի անկախ և օբյեկտիվ բողոքների քննարկումը.
2. փորձաքննվող անձի ընտրած բուժող բժշկի համար սահմանել անկախ փորձագետի կարգավիճակ՝ հստակեցնելով վերջինիս գործառույթներն ու լիազորությունները.
3. հաշմանդամություն ունեցող անձանց և հանրային պաշտոն զբաղեցնողների համար իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ՝ իրավունքների մասին գիտելիքների բարձրացման նպատակով.
4. իրականացնել նշանակված փորձաքննությունները և ապահովել զինվորական անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության թոշակի վճարումը մինչև հակառակ հիմքերի հաստատումը։
Ներկայացված և ոլորտային այլ խնդիրների վերաբերյալ մանրամասն վերլուծությունը՝ Տարեկան հաղորդման մեջ (1339-1350 էջերում):