ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմության պայքարը հօդս ցնդեց. չկարողացան հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 3-ին «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել, ըստ որի իրենք սկսում են պայքարի այլ ձեւաչափ՝ շրջելու են մարզերով ու իրենց պահանջը շարունակելու է նույնը մնալ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի:

«Մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։ Պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Արդեն հայտարարվել է մարզային հանդիպումների ու հանրահավաքների և դրանց վայրերի մասին»,-նշված էր հայտարարությունում:

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները որոշեցին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում տեղադրված վրանները հեռացնել ու պայքարի նոր փուլ սկսել: «Ազատում ենք Դեմիրճյան փողոցը՝ հայտարարելով, որ մարզային այցելություններից հետո արժանապատիվ քաղաքացիները վերստին կվերադառնան Բաղրամյան»: ՀՓՇ-ն հայտարարեց, որ ապրիլի 6-ին լինելու են Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում:

ArmLur.am-ի տեղեկություններով` «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդները չեն համաձայնվել մարզերով շրջել ու նշել են, որ այս պահին անիմաստ են համարում մարզեր գնալը: Մենք տեղեկացանք, որ մարզերով շրջելուն համաձայն են եղել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւ ՀՓՇ-ի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Սեւանի այցի ժամանակ պարզվել է, որ այդ հանդիպումներին չեն կարողանում մարդկանց «հավաքել», ինչի համար էլ որոշել են ՀՅԴ-ականները, որ կհավաքվեն դահլիճային ձեւաչափով ու իրենք միայնակ կշրջեն, եթե Վազգեն Մանուկյանը ցանկություն կունենա միանալ իրենց, ապա իրենք դեմ չեն լինելու:

Մենք տեղեկացանք, որ երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը միայնակ է եղել Հրազդան քաղաքում, նրան շարժումից որեւէ մեկը չի ուղեկցել: Ու ըստ էության, այս ամենով արդեն հստակեցվել է, որ շարժումը վերջնական «փլուզվել» է ու ՀՅԴ-ն մնացել է միայնակ:

ArmLur.am-ը փորձել է Իշխան Սաղաթելյանից պարզել, թե ինչու ՀՅԴ-ն մնաց միայնակ: Մեր զրուցակիցն ասաց, որ այս անգամ էր ինքը մենակ, հաջորդիվ իրեն կմիանա Վազգեն Մանուկյանը: Օր ու ժամ դեռեւս հայտնի չէ, թե երբ իրենք կլինեն մարզերում, բայց հստակ է, որ հաջորդիվ գնալու են Աշտարակ, այնուհետեւ Չարենցավան քաղաք:
Կարելի է արձանագրել, որ փողոցային պայքարի դուրս եկած 17 կուսակցությունները, որոնք ստեղծել էին «Հայրենիքի փրկության շարժումը», այլեւս գոյություն չունի: Ուժերը բաժանվել են ու առանձին-առանձին պատրաստվում են ԱԺ արտահերթ ընտրություններին՝ նրանց չհաջողվեց հասնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:

Սոնա Գրիգորյան




Լրահոս