ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարտվեցին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։
Հիշեցնենք, որ կառավարությունը մարտի 17-ի իր նախորդ նիստերից մեկում հավանություն էր տվել Ֆինանսների նախարարության առաջարկին, ըստ որի՝ պետք է ուժը կորցրած ճանաչվի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը: Հենց այս դրույթն է սահմանում, որ յուրաքանչյուր տարի պաշտպանի աշխատակազմին պետական բյուջեով հատկացվող գումարը չի կարող պակաս լինել նախորդ տարվանից:
ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ ինքն այդ նախագիծը համարում է խտրական, որը միայն ՄԻՊ-ի գործունեությանն է վերաբերում եւ ուղղված է այն սահմանափակելուն:
նշենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տարեկան բյուջեն կազմում է ավելի քան 530 միլիոն դրամ (532 մլն 480 դրամ)։ Թաթոյանի փոխանցմամբ՝ վերջին տարիներին էականորեն աճել է իրենց ներկայացվող դիմումների ու բողոքների թիվը։ Եթե 2015-ին եղել է 5214 բողոք, ապա 2020-ին թիվը եռապատկվել է հասնելով շուրջ 15 հազարի (2016-ին՝ 5113, 2017-ին՝ 6417, 2018-ին՝ 10754, 2019-ին՝ 13140, 2020-ին՝ 14780)։
Թաթոյանը նշել էր, եթե ԱԺ-ն ընդունի կառավարության նախագիծն, ապա կդադարի, օրինակ, ՄԻՊ-ի արագ արձագանքման հնարավորությունը, կկրճատվեն պաշտպանի աշխատակազմի աշխատողների թիվը, տարբեր հաստատություններ այցերը և այլն։ Ի դեպ, ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած սոցհարցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերջին տվյալներով հանրության շրջանում ունի ամենաբարձր վարկանիշը։
Կառավարությունը շուրջ մեկ ամիս առաջ էլ տնտեսական խնդիրները լուծելու հիմնավորմամբ կրճատել էր ՄԻՊ-ի աշխատակազմին կցված մեքենաների թիվը՝ 11-ից թողնելով 8-ը։
Օրենսդրական այդ աղմկահարույց առաջարկին արդեն արձագանքել էր հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը՝ նշելով, որ այս անհանգստացնող զարգացումները միայն կխորացնեն Հայաստանում առկա ճգնաժամը։ Ընդգծվում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն մարդու իրավունքների ինստիտուտների առանց խոչընդոտների գործունեությունը։
Բայց այս հաղթանակը չի նշանակում, որ առաջիկայում կրկին հարձակումներ չեն լինի Արման Թաթոյանի ուղղությամբ: Բանն այն է, որ Արսեն Թորոսյանը դեռ առողջապահության նախարար եղած ժամանակից է թիրախավորել Թաթոյանին, քանի որ ՄԻՊ-ը քննադատել էր Առողջապահության նախարարության գործելաոճը կորոնավիրուսի դեմ պայքարի առումով: Ու պարզվում է` հենց Թորոսյանն էր առաջարկել այլեւս Թաթոյանին չկանչել կառավարության նիստերին։
Սակայն կառավարությունը հետ կանչեց նախագիծը եւ սա նաեւ նախարար Ռուստամ Բադասյանի պարտությունն է, որը նախագծերին դրական գնահատական էր տվել: Իսկ Ազգային ժողովի պատգամավորներից մի քանիսը, որոնք Բադասյանի կողմնակիցներն են, սոցիալական ցանցերի իրենց էջերով էին քննադատում Թաթոյանին:
Մանրամասները՝ տեսանյութում