ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր ատոմակայանը՝ 5 միլիարդ դոլար. ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Փաշինյան-Պուտին հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական մամուլն անդրադարձել է Հայաստանի վարչապետի այցին Մոսկվա: Մի շարք հեղինակավոր պարբերականներ ծավալուն հոդվածներ են հրապարակել:

Ռուսական մամուլը նկատում է, որ հայ գերիների վերադարձի հարցում լուրջ առաջխաղացում չկա այս պահին, փոխարենը Մոսկվան խոստացել է Հայաստանին տրամադրել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն այն քանակով, ինչքան որ անհրաժեշտ է Հայաստանին:

Ակնհայտ է մեկ բան՝ Մոսկվան մեծ ուշադրությամբ հետևում է ոչ միայն Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացներին, այլ նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումներին: «Կոմերսանտ»-ն, արձանագրելով, որ վերջին օրերին Պուտինը շփվել է և՛ Ռոբերտ Քոչարյանի, եւ՛ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է. «Վլադիմիր Պուտինի շփումները Հայաստանում ներքաղաքական պայքարի առանցքային մասնակիցների և ոչ միայն նրանց հետ խոսում են Ռուսաստանի Հայաստանում ընթացող գործընթացների նկատմամբ մեծ ուշադրության մասին: Կրեմլի համար կարևոր է ոչ միայն պահպանել խաղաղությունը և ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում, այլև սկսել հակամարտության տարածաշրջանի տնտեսական վերակենդանացման գործընթացը: Խոսքը տրանսպորտային հաղորդակցություն, ապաշրջափակման և տնտեսական կապերի մասին է»: Ռուսական պարբերականը պատահական չի համարում այն, որ մինչև Փաշինյան-Պուտին մոսկովյան բանակցությունները, կարճվել է սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրեական գործը:

«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ «Կրեմլը մի քանի անգամ պարոն Փաշինյանին հասկացրել է, որ չարժե հետապնդել նախկին նախագահին, բայց մինչ անցած շաբաթ այդ խնդրանքներն անտեսվում էին»:

Մեկ այլ ռուսական հեղինակավոր պարբերական՝ «Վեդոմոստի»-ն նույնպես անդրադարձել է Պուտին-Փաշինյան բանակցություններին և առանձնացրել բանակցություններին Փաշինյանի առաջարկը՝ քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը։ Պարբերականը նշում է, որ Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1977-ին և նախատեսված է, որ այն կարող է աշխատել մինչև 2026 թվականը:
«Վերջին տարիներին կայանում անցկացվել են 300 միլիոն դոլար արժողությամբ արդիականացման աշխատանքներ, ինչը թույլ կտա, որ Մեծամորի ատոմակայանն աշխատի մինչև նախատեսված ժամկետը, ինչպես նաև կավելացնի ատոմակայանի հզորությունն ու անվտանգությունը», – գրում է «Վեդոմստի»-ն՝ հավելելով, որ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելը կարժենա 5 միլիարդ դոլար:

Հավելենք, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետը կրկին բարձրացրել է գերիների հարցը և ընդգծել՝ այս խնդիրը մինչ օրս չի կարգավորվել։




Լրահոս