Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը պատերազմ է հայտարարել Սերժ Սարգսյանի եղբոր որդու դեմ եւ նրա խափանման միջոցը գրավով փոխարինելու դեմ ՀՀ վճռաբեկ դատարան դիմում է ներկայացրել: Արդյունքում Վճռաբեկ դատարանը Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը վարույթ է ընդունվել եւ ապրիլի 12-ին կհրապարակվի դատական ակտը: Դատելով իրավիճակից՝ Վճռաբեկ դատարանը բավարարելու է Գլխավոր դատախազի տեղակալի որոշումը եւ Նարեկ Սարգսյանին ՝ «ֆրանկլին Գոնսալեսին», ամենայն հավանականությամբ կկալանավորեն:
Ինչպես հայտնի է ՀՀ վերաքննիչ դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին կամ բոլորին հայտնի Ֆրանկլին Գոնսալեսին: Վերջինիս ազատ էին արձակել 25 միլիոն դրամ գրավի դիմաց:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ Ֆրանկլին Գոնսալեսի, նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ քրեական գործը ուղարկվել Է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ ԱԱԾ-ի՝ Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում պահել է ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի ակուսափող հրազենի փամփուշտներ, այնուհետև դրանք, թաքցնելով պայուսակների մեջ` ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար խնդրել է առանց մեղքի գործող, Նարեկ Սարգսյանի հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Պետրոսյանին պայուսակները փոխադրել և պահել իր կողմից նախապես վարձակալած`Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանում:
Նույն ժամանակահատվածում, Նարեկ Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակով անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և իրեն պատկանող Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինի պահել է 0,1 գրամ խոշոր չափի թմրամիջոցներ: Բացի այդ, նա, նախնական համաձայնությամբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, շահադիտական դրդումներով կազմակերպել և ղեկավարել է կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով սպառնալիքով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ զուգորդված անձի առևանգումը:
Քնար Մանուկյան