Հայ լրագրողները Եգիպտոսի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում ավարտված Լրատվամիջոցների եւ լրագրողների 8-րդ միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ տեղը եւ արժանացել արծաթե մեդալների։

Հայ լրագրողները տոնել են 4 հաղթանակ եւ կրել մեկ պարտություն, հյավաքել են 12 միավոր եւ միայն լրացուցիչ ցուցանիշների պատճառով զիջել են առաջին տեղը Մոլդովայի թիմին։ Երրորդ տեղը գրավել է Ղազախստանի հավաքականը։

Հայաստանի թիմի գրանցած արդյունքները․
Մոլդովա – Հայաստան՝ 3-1
Հայաստան – Ղազախստան՝ 5-4
Բելառուս – Հայաստան՝ 2-4
Հայաստան – Ուկրաինա՝ 2-1
Հայաստան – Եգիպտոս՝ 6-1։

Մրցաշարին Հայաստանի թիմի մասնակցությունը հնարավոր է դարձել «TotoGaming» բուքմեյքերական ընկերության աջակցության շնորհիվ։ Հիշեցնենք, որ 2019 թ-ին կայացած մրցաշարում եւս մեր թիմը կրկին գրավել էր երկրորդ տեղը, իսկ հաղթողը Եգիպտոսի հավաքականն էր։

«Այս մրցաշարն առանձնահատուկ էր նրանով, որ թույլ թիմեր չկային, եւ յուրաքանչյուր խաղ վճռորոշ էր։ Տրամադրվել էինք հաղթանակով վերադառնալ Հայաստան։ Մեզ հաջողվեց հաղթել մրցաշարի ֆավորիտներին՝ Ղազախստանի եւ Ուկրաինայի թիմերին, սակայն Մոլդովայի հավաքականի հետ հանդիպմանը հաջողությունը մեր կողմը չէր, չնայած հաշիվը խաղում մենք էինք բացել։ Զգացվեց մեր տղաների հոգնածությունը, քանզի մրցաշարից մի քանի ժամ առաջ էինք ժամանել Եգիպտոս։ Ինչեւէ, կարծում եմ, երկրորդ տեղը եւս վատ արդյունք չէ եւ առաջիկա հաղթանակների հույս է ներշնչում»,- ասել է հավաքականի ավագ, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։




Լրահոս